23.11.2024
Բաքուն և Անկարան ունեն տարբեր ռազմավարություններ, բայց ընդհանուր շահեր ՀՀ- դեմ. թուրքագետ
prev Նախորդ նորություն

Կամովին չտա՝ կվերցնեն. ի՞նչ են ուզում Սամվել Կարապետյանից. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է․ Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ իշխանությունների սկսած արշավը, պարզվում է, կոնկրետ նպատակ ունի: Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից, այնպես, ինչպես ԶՊՄԿ-ից ստացավ ժամանակին: Մինչ այդ, սովորական դարձած ձեռագրով, մասկի շոուներ, հնչեղ բացահայտումներ են արվում, հանրային բողոք է բեմականացվում, ԱԺ-ում լսումներ, որ սեփականատերը բաժնեմաս «նվիրի» կառավարությանը: Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ում կառավարությունը 21 տոկոսից ավելի բաժնեմաս ունի։ Նույնն ուզում են անել նաեւ ՀԷՑ-ում, եւ այս արշավը դրանով է բացատրվում։ Կան չճշտված տեղեկություններ, որ Կարապետյանը մերժել է բաժնեմասը կամովին հանձնել, ուստի անցել են «ուժային» մեթոդին, իսկ վերջերս հաճախացած հոսանքազրկումները նպաստավոր հող են դրա համար։ ԱԺ-ում այս թեմայով 2 քննարկում են կազմակերպել, խոսել են նաեւ ՔՊ նիստերից մեկում։ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեցինք՝ իրավական առումով ՀԷՑ-ի դեպքում հնարավո՞ր է նման գործարք, մինչեւ քանի՞ տոկոս բաժնեմաս կարող են հանձնել կառավարությանը։ Նա ասաց, որ իրեն հայտնի չէ նման քննարկումների մասին, բայց տեսականորեն ամեն ինչ հնարավոր է․ «Եթե 2 կողմն իրար հետ համաձայնության են գալիս, ես չգիտեմ՝ այդտեղ ինչ իրավական խնդիր կարող է առաջանալ, դա լինելու է քաղաքացիական գործարք, բայց  բաժնետոմսերի 25 տոկոսից ավել փոխանցումը պետք է համաձայնեցվի հանձնաժողովի հետ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է՝ առանց խոչընդոտների իրենք հաղթելու են ԱԺ հերթական՝ 2026 թվականի ընտրություններում. տեխնիկական, կազմակերպչական հարցերն են մնացել լուծելու: Նա հորդորել է թիմակիցներին, թե պետք է հետագայի՝ 2031-ի ընտրությունների մասին մտածել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները վերջին շրջանում լուրջ մտահոգություններ են ունեցել, որ իրենց իշխանության օրոք Հայաստանի առջեւ ծառացած մի շարք անվտանգային խնդիրների ֆոնին իրենց վարկանիշը կտրուկ անկում է ունեցել, եւ գնալով իրավիճակն ավելի է բարդանում, ու կարող է 2026 թվականի ընտրությունների ժամանակ լուրջ խնդիրների առջեւ կանգնեն՝ ընդհուպ չկարողանան վերարտադրվելու համար անհրաժեշտ ձայներ հավաքել: Նիկոլ Փաշինյանը, սակայն, հանգստացրել է թիմակիցներին՝ ասելով, որ մտահոգվելու կարիք չկա, 2026 թվականին իրենք իշխանության են մնալու, առանց որեւէ խոչընդոտի հաղթելու են ընտրությունները: Փոխարենը, Փաշինյանը հորդորել է մտածել հաջորդ՝ 2031 թվականի ընտրությունների մասին: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի առնչությամբ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանից հետաքրքրվել է՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական հանդիպումների ժամանակ նման վստահեցում տվել է: «Նման թեմա չի քննարկվել: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ կարող ենք վստահություն ունենալ միայն դրանց հաշվարկից հետո: Դա վերաբերում է ցանկացած ընտրությունների, անգամ ընտրությունից մեկ ժամ առաջ նման վստահություն ունենալը, կարծում եմ, ճիշտ չէ», – ասաց նա»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գրել էինք, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը նախօրեից ստորագրահավաք է սկսել՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար։ Նախաձեռնողը ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանն է, որն անցած շաբաթ ՔՊ-ի նիստում զեկույցով է հանդես եկել, թե Միքայել Մինասյանի եղբայրը չպետք է նշանակվեր ու նախարարությունն էլ նախկիններով համալրեր։ Բայց պարզվում է՝ ստորագրությունները դժվարությամբ են հավաքվում` որոշ ՔՊ-ականներ չեն ուզում ստորագրել եւ տարբեր պատրվակներով խուսափում են։ Սակայն մեզ վստահեցրին, որ պահանջվող 24 ստորագրությունը հավաքվելու է, «մի բան էլ՝ ավելի», իսկ մինչ դրանք Փաշինյանին ուղարկելը հարցը կքննարկեն խմբակցությունում եւ կհասկանան՝ ովքեր են դեմ Մինասյանի պաշտոնանկությանը եւ ինչու։ Երեկ մոտ 20 ստորագրություն էր դրվել։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սրբազան պայքարի վերաակտիվացմանն ընդառաջ` ՆԳՆ-ում «համար 1 դրություն» է հայտարարվել: Մեր աղբյուրներն ասում են, որ ոստիկաններին զգուշացրել են հոկտեմբերին մոռանալ արձակուրդ գնալու մասին, ասվել է, որ աշխատելու են 24/7 ռեժիմով: Բնականաբար, ՆԳՆ-ից չհաստատեցին այս տեղեկությունը, սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, անգամ որոշ աշխատակիցների նախապես պլանավորված արձակուրդայիններն են փոխանցել, եւ իրավական խնդիր է առաջացել: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ից կվերսկսվեն փողոցային ակցիաները,  Բագրատ սրբազանը կիրակի օրը քաղաքացիներին կոչ արեց՝ հոկտեմբերի 2-ին, 18.30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում: Այդ օրը խորհրդարանում հարցուպատասխանի օր է, Փաշինյանն ԱԺ է այցելելու, ենթադրվում էր, որ պետք է հավաքը կազմակերպվեր խորհրդարանի մատույցներում, սակայն կան տեղեկություններ, որ Սրբազանն առաջարկելու է այդ օրը մնալ հրապարակում, շրջափակել շենքը՝ թույլ չտալով, որ հաջորդ՝ կառավարության հերթական նիստի օրը Փաշինյանը մտնի աշխատավայր։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020 թվականի մայիսի 9-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունում, բարձրագույն սպայական կազմին ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում զինվորականները պետք է լավ ապրեն»։ Սակայն այդ ելույթից հետո ՀՀ Կառավարությունը շարունակ հետեւողականությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերն է բարձրացրել, իսկ զինծառայողներինը՝ ոչ այդքան: Ավելին, զինվորականները շատ վատ պայմաններում են ապրում նաեւ զորամասերում. կենցաղը զորամասերում՝ ծակ վրաններ, ցեխերի մեջ մահճակալ կամ պարզապես բաց երկնքի տակ։ Կառավարությունը բարելավելու փոխարեն քրեական գործեր է հարուցել տեսանյութեր նկարահանելու եւ այդ պայմանները ցուցադրելու համար։ Զինվորների բնակության վատ պայմանների պատճառը երբեմն նաեւ ողբերգական ավարտ է ունեցել։ Մասնավորապես, 19․01․2023թ․ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված տնակներից մեկում հրդեհից զոհվեց 15 զինվոր»:


«Հրապարակ» թերթը գրում է․ Ուղիղ 10 օր է, ինչ մեկնարկել է ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցով ՀՀ արեւմտամետների նախաձեռնած ստորագրահավաքը, սակայն տեմպերը, մեզ հասած տեղեկություններով, բավարար չեն, եւ նախաձեռնողները բավականին ընկճված են։ ՀՀ քաղաքացիների փոքր մասն է հետաքրքրված դրանով, եւ դրանով է պայմանավորված, որ մինչ օրս թիվ չեն հրապարակել, թե ինչքան մարդ է ստորագրել «Եվրաքվեի» փաստաթուղթը: Սրա մասին է վկայում նաեւ վարչական շրջաններում բացված կենտրոնների սակավամարդ պատկերը` հատուկենտ մարդիկ են գալիս ստորագրելու։ Մեր տեղեկություններով՝ մինչ այս պահը մոտ 3 հազար քաղաքացի է քվեարկել։ Իրավիճակն այնքան մտահոգիչ է, որ մի քանի օր է՝ Ժողովրդավարական հարթակի մաս կազմող ուժերը դռնեդուռ են ընկել, քարոզչություն են իրականացնում մայրաքաղաքում եւ մարզերում․ այսօր լինելու են Վանաձորում, հետո՝ Գյումրիում։ Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը մեզ հետ զրույցում ստորագրահավաքի ընթացքը «շատ լավ» գնահատեց, ասաց, թե կասկած չունեն, որ պահանջվող 50 հազար ստորագրությունը կհավաքեն, թեեւ հրաժարվեց ասել, թե քանի մարդ է արդեն իսկ մասնակցել․ «Դա հարցրեք մեր շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին»: Ասացինք՝ խոսվում է, որ 3 հազար մարդ է ստորագրել, ասաց, թե ճիշտ չէ, երկրորդ օրն արդեն պահանջվող 50 հազարի 20 տոկոսը հավաքել էին։ Հովսեփ Խուրշուդյանն էլ չցանկացավ մասնակիցների թիվը հայտնել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առողջապահության նախարարի տեղակալ Լեւոն Հակոբյանը բիզնես կլաս դասի տոմսով ուղեւորվել է Նիդերլանդների թագավորություն 2 օրով։ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ բիզնես կլաս դասի տոմսի արժեքը կազմել է 1.168 741 դրամ։ Գիշերավարձի 2 օրվա համար առողջապահության նախարարի տեղակալը վճարել է 87.511 դրամ, իսկ 3 օրվա օրապահիկի համար՝ 140.103 դրամ, որի 1 օրվա վճարը հավասար է 111 եվրոյի։ «Ժողովուրդ» օրաթերթը ո՛չ առողջապահության նախարարությունից, ո՛չ պաշտոնական այլ աղբյուրից այդպես էլ չգտավ տեղեկություն, թե ինչ նպատակով է փոխնախարարը բիզնես կլասով «շտապ գործուղվել» Նիդերլանդներ: Նշենք, որ Լեւոն Հակոբյանը 2019 թվականին աշխատել է որպես ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, իսկ 2020-2023 թվականներին` «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն: 2023-2024 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական: Բժշկական գիտությունների թեկնածու է: Առողջապահության նախարարի տեղակալ կրկին նշանակվել է 2024 թվականի մարտի 27-ին ու համարվում է նախարարի վստահելին եւ «աչքն ու ականջը» թիմի ներսում»:


 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգում առկա աղետալի վիճակը շարունակվում է։ Հերիք չէ ամիսներ շարունակ դատական տեղեկատվական համակարգը՝ datalex.am կայքը չի աշխատում ու անհայտ է, թե երբ կսկսի գործել, երեկվանից էլ փաստաբանները նոր խնդրի առաջ են կանգնել։ Բանն այն է, որ քրեական գործերը մուտք են գործել դատարան, ու փաստաբանները երեկ ողջ օրը փորձել են տեղեկանալ, թե որ դատավորին են մակագրվել այս կամ այն գործերը, սակայն դատական համակարգից պատճառաբանել են, թե չեն կարողանում պատասխանել, քանի որ գործերի բաշխման ծրագիրը չկա։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԲԴԽ՝ հասկանալու, թե գործերի մակագրման ծրագրի հետ ինչ խնդիր է առաջացել: ԲԴԽ-ից խոստացան պատասխանել, և բացատրությունը ստանալուն պես՝ այն կհրապարակենք։  Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 24-ին ԲԴԽ-ն հայտարարեց. «հունիսի 28-ին Դատական դեպարտամենտի շենքում տեղի ունեցավ վթար՝ ջրի արտահոսք, որի արդյունքում վնասվեցին համակարգերը սպասարկող սերվերները»:   Արդյունքում, մինչ օրս ջրից թրջված սերվերը չի վերականգնվել՝ իրավական ոլորտը «կանգնեցնելով» փաստի առաջ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին հնարավոր են սահմանափակումներ Team Telecom Armenia-ի բջջային, ֆիքսված կապի ու ինտերնետ ծառայություններում, ինչպես նաև My Team հավելվածի աշխատանքում։ Ընկերությունից «Փաստին» հայտնում են, որ խոսքը սեպտեմբերի 30-ի ժամը 20:00-ից հոկտեմբերի 1-ի ժամը 15:00-ն ընկած ժամանակահատվածի մասին է: Այդ ընթացքում, վերոնշյալից բացի, անհասանելի կլինեն վճարումները, այդ թվում՝ ընկերության գրասենյակներում, My Team հավելվածի, բանկային և երրորդ կողմի ծառայությունների միջոցով։ Բանն այն է, որ Team Telecom Armenia-ն հայտարարում է ընկերության պատմության մեջ ցանցային ենթակառուցվածքների և ծրագրային ապահովման ամենամեծ արդիականացման ծրագրի մեկնարկի մասին: Վերազինման արդյունքում կթարմացվեն ցանցային ու սերվերային սարքավորումները և ծրագրային ապահովումը, որը կառավարում է ընկերությունում առկա բոլոր այլ համակարգերն ու հաճախորդների սպասարկման ընթացքը։ Ինչպես հայտնում են ընկերությունից, արդիականացման այս ծրագիրն իրականացվում է ծառայությունների ու սպասարկման որակը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով:


«Փաստ» օրաթերթը գրում է. Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 25-ի երեկոյան առանց այդ էլ օրհասի մեջ գտնվող Արցախում սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ: Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում անհայտ պատճառներով տեղի ունեցավ պայթյուն: Հարյուրավոր մարդիկ, որ հավաքվել էին այդ պահեստի մոտ՝ Հայաստանի Հանրապետության տարածք հասնելու համար որոշ չափով վառելիք ստանալու համար, վայրկենապես հայտնվեցին կրակի ճիրաններում:


Վերջերս շրջանառված տեղեկության համաձայն, միայն այդ պայթյունից զոհվել է 238 մարդ, ևս 22 հոգու ճակատագիրը մինչ օրս անհայտ է ու այդպես էլ, հնարավոր է, անհայտ մնա: Հարյուրավոր մարդիկ էլ ծանր այրվածքներ ստացան, վիրավորներ կան, որ մինչ օրս չեն ապաքինվել: Ինչն է հատկանշական. կատարված ողբերգության հետ կապված սուգ չհայտարարվեց: Կարծես այդ մարդիկ մերոնք չէին, մեր ազգակիցներն ու հայրենակիցները չէին, կարծես միևնույնն էր, թե ինչ է կատարվել: Բայց դա չէ միայն: Աղետներն ու բազմաթիվ մահերը Փաշինյանի ու ՔՊ-ի կառավարման այս 6 տարիներին, սոսկալի է հնչում, բայց սովորական, առօրեական մի բան են դարձել, ըստ այնմ՝ մարդկային նկարագրից զրկելով թե՛ անհատների, թե՛ հավաքականությանը:


Ո՞վ է հիմա հիշում, որ 2020-ի պատերազմից առաջ առնվազն 11 մարդ մահացավ «տեխնիկական սպիրտից» պատրաստված «օղի» օգտագործելու հետևանքով: Որևէ մեկը հիշո՞ւմ է, տեղյա՞կ է, թե այդ խայտառակ եղելության «գործի» քննությունն ինչով ավարտվեց: Այսպես կոչված՝ «պինցետով, տնական արաղով» հաղթահարելի կորոնավարակի համաճարակից ավելի քան 10 հազար մարդ մահացավ: Մեր այդ հայրենակիցների հիշատակի հավաքական օր հայտարարվե՞ց: Ո՛չ: Կարծես դա մեր հայրենակիցները, մեր հարազատները չէին: Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրեց տխրահռչակ «կապիտուլյացիոն հայտարարությունը»՝ պատերազմում ավելի քան 5000 զինվորների ու սպաների մահվան մատնելուց հետո:


Մեր այդ լուսավոր տղաների հիշատակը հարգելու համար սգո օր հայտարարվե՞ց: Ո՛չ: Միայն Փաշինյանի «լայվային» բացականչությունները հնչեցին, թե՝ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը...»: Հիշեք 2021-ի մայիսի սրացումները, 2022-ի սեպտեմբերյան մարտերը: Զոհեր, զոհեր, զոհեր: Ոչ մեկի դեպքում իշխանությունները որևէ կերպ հաղորդակից չեղան, անհաղորդ մնացին: Միանգամից 15 զինվորական այրվեց «զորանոցի» տակ հարմարեցված ինչ-որ կիսաբարաքային շինության մեջ...


Ու էլի՝ ոչ մի խոսք քրեական վարույթի ընթացքի մասին: Եթե մի չորրորդական կարգի երևույթի վերաբերյալ «թեմա» լինի, անմիջապես կտարածեն, կարձագանքեն, կմեկնաբանեն: Կարևորը՝ տակը քաղաքական աստառ լինի: Իսկ մարդկային տասնյակ, հարյուրավոր, հազարավոր կյանքերը... ոչի՞նչ: Լավ, այս իշխանությունը հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել, ըստ այդմ՝ պիտի լռեն, սգո օր չհայտարարեն, փորձեն մոռացության տալ: Իսկ մե՞նք, մյուսնե՞րս: Իսկապե՞ս անհաղորդ ու անկարեկից ենք դառնում, թե՞ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց մահը դարձնել «սովորական մի բան»: Եվ այդպես ո՞ւր ենք գնում: Դեպի ապագա՞:


«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, բավական բարդ, ծանր մթնոլորտ է հանրապետության հանրակրթական դպրոցներում: Ի մասնավորի, գնալով մեծանում է դժգոհությունը, այսպես կոչված, «նոր չափորոշիչներից», որոնք, ըստ մանկավարժների, իսկական պատուհաս են դարձել թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների, թե՛ ծնողների համար: «Փաստ» թերթի հետ զրույցում շատ տնօրեններ և ուսուցիչներ նշում էին, թե այնպիսի տպավորություն է, որ ԿԳՄՍ նախարարությունն ամեն ինչ անում է կրթական համակարգը հիմնավորապես ավերելու համար: Ասում են, որ չնայած համակարգը ներդրվում է աստիճանաբար, տարբեր դասարաններում, բայց ամեն անգամ այնպիսի «նորամուծություններ» են մոգոնում, որ ոչ ոք ոչինչ լիարժեք չի հասկանում՝ ինչ պետք է անել ու ինչպես:


Մեծ դժգոհություն կա դասագրքերի մեծ մասի բովանդակության հետ կապված: Ավելին, մենք տեղեկություններ ունենք, որ դրանք այնքան խայտառակ են, որ շատ ուսուցիչներ դասագրքերի որոշակի հատված պարզապես բաց են թողնում և թեման անցնում են առանց այդ դասագրքերի: Խնդիրներ են առաջանում նաև գնահատման նոր համակարգի ներդրման առումով: Մի խոսքով, ԿԳՄՍՆ-ն պարզապես քաոս է ստեղծել դպրոցներում:


Սրան գումարած՝ մեզ հետ զրույցում մի քանի ուսուցիչներ պատմում էին, թե վերապատրաստման ժամանակ իրենց պարզ ասել են, որ չի խրախուսվում դասարանում աշակերտներին դիմել՝ սեռային պատկանելությունը նշելով: Այսինքն՝ չի կարելի, օրինակ՝ ասել. «Տղա՛ ջան, եկ գրատախտակի մոտ», «աղջիկ ջան, դասդ սովորե՞լ ես» և այլն: Մի խոսքով, սեռային տարբերությունը հիշատակելը չի խրախուսվում: Թե ինչու, և թե ինչեր են այս առումով առաջիկայում սպասվում, չեն մանրամասնել: