24.11.2024
Պատկերացնում եմ՝ ինչ արհամարհանքով և զզվանքով են նայել գարշապետին ԱՊՀ երկրների ղեկավարները
prev Նախորդ նորություն

Իշխանությունները հաշիվներ կմաքրեն «Բալասանյան» դաշինքի հետ. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները որոշել են կոշտ ձեւով ու ճնշումներով հաշիվներ մաքրել Գյումրու ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած «Բալասանյան» դաշինքի հետ: Թեեւ այդ դաշինքը ՔՊ-ի հետ կոալիցիոն հուշագրով իշխում էր Գյումրիում, սակայն օրեր առաջ ՔՊ-ն հայտարարեց, որ Գյումրիում միակողմանի խզում է կոալիցիան «Բալասանյան» դաշինքի հետ։ Ըստ նրանց՝ պատճառը ստվերային կառավարումն է ու պայմանավորվածությունների խախտումը: Թե ինչ ստվերային կառավարում է իրականացվել, ՔՊ-ից այդպես էլ չեն հստակեցրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն այսքանով չեն սահմանափակվել, որոշել են ուժեղ ճնշումներ բանեցնել ու հաշիվներ մաքրել «Բալասանյան» դաշինքի ու նրա առաջնորդ Սամվել Բալասանյանի, նրա որդիների հետ: Բանը հասել է այնտեղ, որ իշխանությունները պաշտոնից հետ են կանչել Բալասանյանի ավագ որդուն՝ Իրաքում ՀՀ դեսպան Միսակ Բալասանյանին, որն այդ պաշտոնում նշանակվել էր այս ամռանը: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք նաեւ ԱԳՆ, որտեղից հստակ պատասխան չստացանք։ «Դեսպանների հետկանչը կամ նշանակումն իրականացվում է ՀՀ նախագահի հրամանագրով, որի հրապարակման ժամանակ նաև ապահովվում է հանրային իրազեկում»,-ասացին արտաքին գերատեսչությունից: Այդպիսի իրազեկում, իհարկե, չի եղել, Բալասանյաններն էլ վստահեցրին, որ նման բան չկա, բայց Գյումրիից մեզ փոխանցում են, որ շուտով հայտնի կդառնա, որ Միսակ Բալասանյանին հետ են կանչել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննել: Ըստ ամենայնի, վերջինս նախաքննական մարմնում հայտնել է այն, ինչի մասին հրապարակային խոսել է Ազգային ժողովի ամբիոնից։ Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Խոսքը, մասնավորապես, իր պաշտոնավարման ընթացքում եւ, դրանով պայմանավորված, իր նկատմամբ ճնշման դեպքի մասին է։ Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարցին` Հարությունյանը նշել էր, որ ԱԱԾ-ից եղել է զանգ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ։ «Ներողություն եմ խնդրում, բայց Ձեր պահանջին հետեւելով՝ հրապարակում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունից.. որ բացասական եզրակացություն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի քվեարկվեր․․․ Արժանացել է բացասական եզրակացության, եւ դա անհանդուրժելի է նաեւ․․․ Ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պիտի ապահովվեր։ Վերջին բառակապակցությունը գուցե շատ սուր հնչի։ Ես անմիջապես՝ հենց այդ պահին, զանգի մասին տեղեկացրել եմ եւ փորձել եմ ճշգրտում անել՝ առհասարակ դա՝ որպես երեւույթ, ինչ-որ մեկը կառավարությունում տեղյակ է, թե ոչ, եւ պիտի շնորհակալություն հայտնեմ, որ անմիջապես արձագանքը եղել է․․․ Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանը (նկատի ունի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին՝ հեղ.) այցելել էր նույն շենքում տեղակայված մեկ այլ կառույցի՝ Բնապահպանական տեսչական մարմին, եւ նաեւ այցելեց հանձնաժողով, եւ 4 անդամով (այդ ժամանակ 4 անդամ էինք), ես անձամբ բոլորի ներկայությամբ դեպքը պարոն Աղաջանյանին ներկայացրել եմ։ Վերարտադրում եմ նաեւ պարոն Աղաջանյանի խոսքերը, եւ շնորհակալություն նաեւ իրեն. դա մեր եւ մեր քաղաքական թիմի կողմից անհանդուրժելի վարքագիծ է, եւ նման դեպքերը մեզ համար անընդունելի են»,-ասել էր նա։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Վերջինս սահմանում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին գրել էր, որ հուլիսի 31-ին՝ «Դվին» ռեստորանում ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին, նվիրատվություն է կատարել 996 նվիրատու. ովքե՞ր են ամենաշռայլները։ Շարունակելով ուսումնասիրել 509 մլն դրամ նվիրատվություն արած 996 հոգուց բաղկացած ցանկը՝ հանգեցինք հետաքրքիր փաստերի։ Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության երեկվանից նախկին պետ Խորեն Գրիգորյանը ՔՊ-ի դրամահավաքին նվիրաբերել է 2 մլն դրամ։ Թեեւ Գրիգորյանը շռայլ է գտնվել իշխանության հանդեպ, սակայն նրա բախտը ստանձնած պաշտոնի հարցում չբերեց։ Հաջորդ նվիրատուն, որը ՔՊ-ին նվիրաբերել է 1 մլն դրամ, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նախկին ղեկավար, այժմ Երեւանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանն է։ «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի անդրադառնալ ՔՊ-ի դրամահավաք-երեկոյի նվիրատուների ցանկին՝ պարզելու համար՝ ովքեր են շռայլ գտնվել իշխանությունների նկատմամբ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արմեն Դիլանյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի դեկտեմբերի 12-ին։ 2022 թվականին Դիլանյանը Արաբկիր վարչական շրջանում նոր բնակարան է ձեռք բերել։ Այն գնել է «2020 Արաբկիր» ՍՊԸ-ից 54 մլն 144 հազար դրամով։ Մինչ այդ Դիլանյանը 2004 թվականին Վաղարշապատ համայնքում միանձնյա սեփականությամբ գնել է արտադրական նշանակության շինություն։ Դիլանյանի բանկային ավանդները տարեվերջին կազմել են 3 մլն 200 հազար դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել է 1 մլն 451 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 55 հազար ԱՄՆ դոլար, 20 մլն դրամ, 30 հազար եվրո։ Դիլանյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 28 մլն 323 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտներից 19 մլն 672 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Սահմանադրական դատարանից, իսկ 364 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ռուս-հայկական համալսարանից։ Եկամտահարկի վերադարձի սկզբունքով Դիլանյանը ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացել է 4 մլն 199 հազար դրամ՝ 42 մլն 193 հազար դրամ հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար»։