VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունում նոր սեռի կարդինալ է հայտնվել, որն արդեն հասցրել է խանդի տեսարանների առիթ դառնալ: Խոսքը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթին կառավարական կաբինետից դժգոհություններ են փոխանցվել առ այն, որ փոխվարչապետը Նիկոլ Փաշինյանին զեկուցում է հարցերն ու երեւույթներն այնպես, ինչպես իրեն է հարմար, որպեսզի իր մտերիմները մաքսիմալ օգուտ քաղեն պատեհ իրավիճակից: Հայաստանի գրեթե բոլոր խոշոր բիզնեսների հետ Գրիգորյանն այս կամ այն կերպ առնչվում է վերահսկողական տեսանկյունից՝ շինարարական մեծ ծրագրեր, «Վիվասել» ընկերության առեղծվածային վաճառքը նոր՝ արդեն աղմկահարույց սեփականատերերին, «Հայփոստի» շենքի վաճառքը, «Ռենշին» խոշոր կառուցապատող ընկերությունը, HSBC-ի վաճառքն ու միավորումը «Արդշինինվեստբանկ»-ին, որտեղ ինքը տարիներ շարունակ տնօրեն է եղել: Կարճ ասած, մեծ ծրագրերը, որտեղ կան մեծ ֆինանսական հարցեր եւ շահույթ, Մհեր Գրիգորյանի վերահսկողության տակ են: Երիտպաշտոնյաները սկսել են խանդի տեսարաններ նրա շուրջ:
«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը վերջին շրջանում հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում՝ սկանդալային պատմություններով։ Վերջերս էլ հայտնի դարձավ, որ ԲՏԱ նախարարությունը մեծ դրամաշնորհներ է տրամադրել գործունեությունը դադարեցրած մի շարք ընկերությունների։ Ռոբերտ Խաչատրյանը նախարար նշանակվեց նախկին նախարար Վահագն Խաչատուրյանի՝ նախագահ դառնալուց հետո` հենց նորանշանակ նախագահի միջնորդությամբ: Դեռ ամիսներ առաջ տեղեկություններ կային, որ Խաչատրյանին ազատելու են, եւ նա տեղափոխվելու է իր հովանավորի` ՀՀ նախագահի աշխատակազմ: Նրան փոխարինողի նոր անուն է շրջանառվում` չի բացառվում, որ սփյուռքի նախկին նախարար, «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանը նշանակվի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում որոշում է կայացվելու, որ Fly Arna ավիափոխադրող ընկերությունն այլեւս Հայաստանից չվերթներ չի իրականացնելու։ Մեր տեղեկություններով՝ շատ լուրջ խնդիր կա՝ ընկերության կազմակերպչական եւ ֆինանսական հարցերի հետ կապված։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ավիափոխադրողը երբ եկել է դաշտ եւ գործունեություն է սկսել ծավալել, այդ ժամանակահատվածում FLy Arna ընկերության տնօրենն էր Դավիթ Փափազյանը։ Նա տարբեր մարդկանց աշխատանքի է տեղավորել, առանց համապատասխան մասնագիտացման՝ նրանց տալով լուրջ պաշտոններ եւ բարձր աշխատավարձեր։ Այս ընկերությունը պետական ֆինանսական միջոցներ է ստացել, ինչի համար կառույցը ստուգել է Պետական վերահսկողական ծառայությունը. բոլոր փաստաթղթերն ու ակնհայտ խախտումները տարել ներկայացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հենց սրա պատճառով էլ լուրջ տարաձայնություններ են առաջացել, եւ Փաշինյանը որոշում է կայացրել՝ ավելի լավ կլինի՝ այս ընկերությունը չվերթ չիրականացնի։ Այս ընկերության ձախողումը կապվում է նաեւ Երեւանի քաղաքապես Տիգրան Ավինյանի հետ, քանի որ նա միջնորդ է եղել, որ այս ընկերությունը թռիչքներ իրականացնի Հայաստանում։ Այս հարցը շատ թեժ է քննարկվում Աժ ՔՊ-ական պատգամավորների միջեւ, եւ բոլորը մեղավորներ են փնտրում։ Հավելենք նաեւ, որ ընկերությունը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին պետական գրանցում է ստացել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ից եւ ներկայանում է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով։ Համաձայն պետռեգիստրի՝ ավիաընկերությունն ունի 3 բաժնետեր, բայց ներկայանում է որպես ազգային փոխադրող:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին կավարտի իր աշխատանքը: Աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովը պետք է ամփոփիչ զեկույց հրապարակի՝ ներկայացնելով իր եզրակացությունը եւ պատերազմի հանգամանքների ուսումնասիրության արդյունքները: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները: Զեկույցին կցվում են դրանում նշված փաստերը եւ եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր կամ այլ նյութեր: Քննիչ հանձնաժողովը պատրաստի ամբողջական զեկույցը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները: Զեկույցը կարող է ունենալ բաց եւ փակ մասեր:
Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաեւ ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով. փակ մասին կարող են ծանոթանալ այն պատգամավորները, որոնք գաղտնի ռեժիմի նյութերին ծանոթանալու թույլտվություն ունեն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, որը նաեւ քննիչ հանձնաժողովի անդամ է հանդիսանում, ասաց, որ հանձնաժողովը վերջնական զեկույցը կներկայացնի լիազորությունների ավարտից 2 ամիս անց: Ստացվում է՝ փետրվարին արդեն ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք է զեկույց ներկայացնի: Հասկանալի է, որ նրանք նպատակ ունեն Նիկոլ Փաշինյանին մաքրագրել պատերազմի աններելի մեղքերից, միայն դրա համար է Անդրանիկ Քոչարյանը շոուներ բեմադրում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 5-ին մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստերի օրակարգում 24 հարց է ընդգրկված, որոնցից պարտադիր քննարկման ենթակա են 12-ը։ Այդ պարտադիր հարցերից է նաեւ Հաշվեքննիչ պալատի անդամի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրությունը։ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները միասին առաջադրել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու։ Թեկնածուն Մանվել Բադալյանն է, որը Քաղծառայության խորհրդի նախկին նախագահն է, պրոֆեսիոնալ է, Կառավարման ակադեմիայի դասախոս: Որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված է Հակոբ Միհրանյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի համար երկու թեկնածու է առաջադրված՝ Նարինե Ավետիսյանն ու Հայկուհի Հարությունյանը։ Վերջինս այժմ այդ կառույցի նախագահն է, մյուսը՝ նրա աշխատակիցը: Հավելենք, որ սա ԱԺ-ի վերջին նստաշրջանն է, սակայն մինչեւ տարեվերջ թերեւս արտահերթ նստաշրջաններ կլինեն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանը 2023 թվականին 992 հազար դրամի արժողությամբ դրոշների գնման համար պայմանագիր է կնքել «ԱՄՈՒՐ ԳՍՄ» ՍՊԸ-ի եւ «Մարգարիտ Արծրունյան» անհատ ձեռներեցի հետ, 2 մլն 970 հազար դրամ արժողությամբ էլ դրոշակազարդման ծառայությունների պայմանագիր է կնքել «ԷՄ-ԷՄ Գրուպ» ՍՊԸ-ի հետ: Երեւան քաղաքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին առաջարկվող նախագծում «Դրոշների տեղադրում» ծրագրով նախատեսվել է 32 մլն դրամ, ինչը ներառում է ինչպես հատուկ օրերին քաղաքի դրոշակազարդման աշխատանքները, այնպես էլ քաղաքի տարբեր հատվածներում ՀՀ դրոշների տեղադրումը, պարբերաբար փոխարինումը եւ սպասարկումը: «Փողոցների, հրապարակների եւ այգիների կահավորում» ծրագրով նախատեսվել է 593 մլն դրամ, որի մեջ ներառվում է թվով 450 հատ դրոշակահենքերի պատրաստում եւ տեղադրում։ Ոչ մի քաղաքացու համար նորություն չէ, որ Երեւանում դրոշներ հայտնվում են մայիսի 28-ին, «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը՝ հոկտեմբերի 19-ին, իսկ մեկ անգամ էլ՝ սեպտեմբերի 21-ին։ Հայաստանում դրոշներ կան միայն կարեւոր նշանակություն ունեցող շինությունների ներսում կամ տանիքներին՝ Կառավարություն, Ազգային ժողով, նախարարություններ, դատախազություն եւ այլ պետական կառույցներ։ Տոն օրերին դրոշներ հայտնվում են շրջանաձեւ երթեւեկության հատվածներում եւ կամուրջների վրա։ Նունիսկ այս դեպքերում դրոշներ գնելու համար այսքան գումար երբեւէ չի օգտագործվել։ Հիշեցնենք նաեւ, որ 2019 թվականին Փաշինյանը, մաքսատանը տեսնելով գետին գցած դրոշը, հրահանգել էր ազատել աշխատանքից ՊԵԿ աշխատակցին, բայց հիմա շատ պետական հաստատությունների վրա փողփողացող դրոշները քրքրված են:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանավորումը երկարաձգելու համար. դատարանը, բնականաբար, բավարարել է միջնորդությունը, եւ Բազեյանը մինչեւ 2024 թվականի հունվարի 23-ը կշարունակի մնալ կալանքի տակ: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ նա դատարանում խիստ ծանր է տարել իր կալանքի երկարաձգման փաստը եւ հայտարարել է, որ ինքը որեւէ խմբի հետ կապ չունի եւ որեւէ բան չի կազմակերպել: Ավելին՝ Ալբերտ Բազեյանը ծանր հիվանդ է, սակայն դատավոր Մարտին Արզումանյանը հաշվի չի առել այդ հանգամանքը: Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ-ի, «Խաչակիրներ» ռազամահայրենասիրական ՀԿ անդամները, ինչպես նաեւ Ալբերտ Բազեյանը եւ այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին:
Հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդկերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել եւ խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ալավերդին զավթելու իշխանության մեկամյա օպերացիաները վճռորոշ փուլ են մտել: Երեկ Ալավերդու ՔՊ-ական ավագանին «Ապրելու երկիր» կուսակցության քվոտայով համայնքի ղեկավար ընտրված Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախագիծ է շրջանառության մեջ դրել: Անցած տարի սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունը ՔՊ-ում չէին մարսում, սկզբում քրեական գործերով փորձեցին ճնշել Թամազյանին, բայց ապարդյուն,ապա անցան փորձված մարդագողության մեթոդին եւ քաղաքի հիվանդանոցի բժիշկ, ավագանու ԱԵ անդամ Սիմոն Զախարովին իրենց դաշտ բերեցին, ում ըստ լուրերի հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոն են խոստացել: Զախարովը, որին թիմում «առնետ» են անվանում, նույնպես ստորագրել է անվստահության նախագծի տակ: Ըստ օրենքի, շրջանառության մեջ դրվելուց հետո երրորդ օրը, ժամը 10.00-ին ավագանին պետք է նիստ գումարի եւ քննարկի նախագիծը:
Սակայն մեր տեղեկություններով, Ալավերդու ընդդիմադիր իշխանությունը չի պատրաստվում հանգիստ զիջել, բանն այն է, որ շաբաթներ առաջ Թամազյանի թիմակիցները ֆիկտիվ իմպիչմենտի գորրծընթաց սկսեցին, իհարկե, այն ավարտին չհասավ, քանի որ իշխանությունը Զախարովին, ինչպես նշեցինք, հաջողեց պոկել ընդդիմությունից, իմպիչմենտի գործընթացից հետո առնվազն մեկ տարի օրենքը թույլ չի տալիս կրկին իմպիչմենտ հայտնել, ընդ որում օրենքում չկա հստակեցում՝ գործընթացը ավարտին հասցվել է, թե ոչ: Ուստի Ալավերդու իշխանությունները չեն զիջելու` գործընթացը տանելով դատական ատյաններ, որտեղ կորոշեն կա՞ իրավունք մեկ տարին չլրացած համայնքապետին անվստահության գործընթաց սկսելու, թե ոչ: ՔՊ քաղաքապետի թեկնածուն նախկին ՀՀԿ-ական Դավիթ Ղումաշյանն է, որի մասին մամուլում աղմկահարույց նյութերի պակաս չկա, նա է ղեկավարում Ալավերդու ՔՊ ավագանին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՔՊ-ական մի խումբ պատգամավորների եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների հետ փակ հանդիպումը։ Ավելի վաղ գրել էինք, որ Բարձրագույն դատական խորհուրդն ԱԺ-ին է ներկայացրել մեկը մյուսից ունիկալ թեկնածուներ, մասնավորապես՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ավելի ճիշտ՝ ստվերային նախագահ Ռուբիկ Մխիթարյանին, ով 2018-ից այս կողմ քաղաքական հնչեղություն ունեցող գործեր է քննել՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Արմեն Չարչյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ այլոց կալանքի որոշումներն է տվել: Երկրորդ թեկնածուն Երեւանի քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանն է՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործով դատավորը, ով չխորշեց զոհվածի մորը կալանք տալուց։ Երրորդը վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանն է, ում վճռով ազատ արձակվեց ՔՊ-ական նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը: Երեկվա հանդիպմանը 20-25 պատգամավոր է մասնակցել, ինչը վկայում է, որ ՔՊ-ն առաջնորդվում է վերեւից ստացած հրահանգներով՝ ում ասեն, նրան էլ կընտրեն։ Թեպետ մեզ խոստովանեցին, որ իշխանության սրտի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այնքան էլ լավ տպավորություն չի թողել»: