«Մայր Հայաստան» դաշինքը ձգտում է երկրում լիարժեք իշխանափոխության. Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքը մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին երկրում լիարժեք իշխանափոխություն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտարարել է դաշինքի ցուցակի առաջին համար Անդրանիկ Թեւանյանը։
«Մեզ իշխանափոխություն է պետք, որպեսզի լուծենք և՛ անվտանգության խնդիրները, և՛ Երևանի խնդիրները»,- ասել է նա հինգերորդ հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով, «Մայր Հայաստան» դաշինքն ամեն ինչ անելու է, որ այս ընտրարշավը չստվերի հիմնական խնդիրը՝ Արցախի պաշարման և մեր 120 հազար հայրենակիցների հարցը։ «Պետք է նաև հասկանալ, որ այժմ հարցականի տակ է Հայաստանի, և ոչ միայն Արցախի գոյությունը։ Բաքուն բացահայտ հայտարարում է, որ Հայաստանը դիտարկում է որպես Արևմտյան Ադրբեջան, քննարկվում է ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը, և դա մեզ ներկայացվում է որպես խաղաղության օրակարգ»,- ընդգծեց նա։
Գործող իշխանությունը, կարծում է Թևանյանը, խախտել է ՀՀ օրենսդրությունը, սեփական նախընտրական խոստումները, հետևաբար՝ ոչ լեգիտիմ է։ Իշխող թիմի կատարած արարքներն իրականում պետական հանցագործություն են, ուստի նրանց իշխանությունից հեռացնելը առաջնահերթ անհրաժեշտություն է շեշտում է Թևանյանը։