VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ ավագանու ընտրություններին մասնակից 14 քաղաքական ուժերը ջանում են երեւանցիների սիրտը շահել, նոր ու գրավիչ խոստումներ տալ նրանց, հանդիպումներ կազմակերպել, որպեսզի մայրաքաղաքի բնակիչների վստահությունը շահեն, Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը շարունակում է խորհրդավոր դռնփակ հանդիպումների ձեւաչափը: Նախկին քաղաքապետը դեռ երեւանցիներին չի ներկայացրել իր նախընտրական ծրագրը, մինչ օրս անգամ կարգախոս չի ներկայացրել: Հայկ Մարությանը, քարոզարշավի օրը դուրս գալու ու երեւանցիների հետ շփվելու փոխարեն, նախընտրել է քարոզարշավի մեկնարկի օրն իր թիմակիցների հետ միջոցառում կազմակերպել՝ դրամահավաք երեկո, որն անգամ փակ է եղել լրատվամիջոցների համար: Թեեւ տեղին է հիշել, որ իր պաշտոնավարման օրոք էլ Հայկ Մարությանը, լինելով քաղաքապետ, փակ էր մայրաքաղաքի բնակիչների ու լրատվամիջոցների համար: Շատ հաճախ արձակուրդում էր: Թերեւս Մարությանը կա՛մ այնքան է վստահ իր վարկանիշի վրա, որ քարոզարշավի անհրաժեշտություն չի տեսնում, կա՛մ էլ կաշկանդվում է երեւանցիների ու լրատվամիջոցների հետ շփումներից: Համենայնդեպս, մինչ օրս դա են փաստում նրա քայլերը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է նաեւ Նարինե Արամյանը՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող Լարիսա Ալավերդյանի դուստրը: Նա իրավապաշտպան է, եւ նրան հաճախ կարելի է տեսնել «Կիսաբաց լուսամուտներ» հայտնի հաղորդաշարի եթերում։ Թե ինչ կապ կա Ալավերդյանի դստեր եւ Մարությանի միջեւ, եւ ինչպես է նա հայտնվել այս թիմում, Լարիսա Ալավերդյանը մեզ ասաց, որ չի խառնվում դստեր որոշումներին եւ չի կարող նաեւ նրանց կապի մասին ասել։ Հայկ Մարությանի ցուցակում հինգերորդը Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանն է, ով Մարությանի քաղաքապետության օրոք ավագանու մանդատը վայր չդնելով՝ զբաղեցրել էր նաեւ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Վարդանյանը Մարությանի կնոջ՝ Իվայի ընկերուհիներից է։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նախօրեին հայտնեց հանրահավաք անցկացնելու մասին։ «9 ամիս պաշարված Արցախը դիմադրում է թշնամուն։ Արցախի պայքարը բոլորիս պայքարն է։ Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, միացիր ի պաշտպանություն Արցախի կայանալիք հանրահավաքին, ցույց տուր, որ Արցախի կողքին ես, քո ձայնը միացրու հազարավոր մյուս հայրենակիցների ձայնին, ցույց տուր, որ Արցախը մենակ չէ, ցույց տուր, որ մենք տեր ենք մեր հայրենիքին եւ միասնական ենք։ Սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում, ժամը 18։00-ին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։ Մենք տեղեկացանք, որ սա ոչ թե թեժ աշնան մեկնարկ է, այլ լինելու է մեկանգամյա հանրահավաք՝ օրվա խորհրդով պայմանավորված: Այսինքն՝ ընդդիմությունն այս պահի դրությամբ Դիմադրության շարժումը վերսկսելու եւ պարբերական բողոքի ակցիաներով ու նստացույցերով հանրությանն ակտիվացնելու ծրագիր չունի։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության օրն է։ Ի դեպ, այդ օրն ակցիա է նախատեսում իրականացնել նաեւ Թեւան Պողոսյանը, ով մտադիր է երթ կազմակերպել դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։ Հիշեցնենք, որ նա Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի հայաստանյան հարթակի համակարգողն է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը դեռ չի բացում փակագծերը՝ անձա՞մբ կմասնակցի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, թե՞ այս անգամ հանդիսատեսի կարգավիճակը կընտրի, որպեսզի հետագայում` ցածր քվեներ ստանալու պարագայում, մեղավորներին ավելի կոնկրետ ու հասցեական պատժի։ ՔՊ-ական պատգամավորներն ու ավագանու ցուցակում ընդգրկվածները համենայնդեպս մինչ այս պահը չունեն այդ հարցի պատասխանը` Փաշինյանը նրանց չի հաղորդել այդ մասին։ Եվ չնայած դրան, առավել փորձառուները վստահ են, որ գոնե վերջին օրը՝ եզրափակիչ հավաքին, Փաշինյանը կմասնակցի եւ կխոսի, քանի որ սա ոչ միայն Երեւանի գրավման եւ Ավինյանի՝ քաղաքապետ դառնալու հարցն է, այլեւ իշխանությունը պահելու։ Եվ կասկած չկա, որ Փաշինյանը ՔՊ-ի հաղթանակը թմբկահարելու է այն ասպեկտով, որ իրենց վարած քաղաքականության հարցում ունեն քաղաքացիների լիակատար վստահությունը, եթե, իհարկե, կանխատեսած բարձր արդյունքները գրանցեն։
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ավարտվում է ԱԺ պատգամավորների մեկամսյա արձակուրդը: ՔՊ-ական ակտիվին եւ ոչ այնքան վարկաբեկված երեսփոխաններին հրահանգվել է ակտիվ մասնակցել քարոզարշավի շրջանակներում սպասվող բակային հանդիպումներին` խորհրդարանական աշխատանքը կսպասի։ ՔՊ-ն, մեր տեղեկություններով, 800 հազար դոլարի նախընտրական տեսահոլովակներ է պատվիրել միայն «Շարմ» ընկերությանը: Հիմնական շեշտը դրվելու է երեւանյան երգերի, թանկ հոլովակների վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկվանից մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Քաղաքապետի 14 թեկնածուները 24 օր շարունակ կշրջեն Երեւանի վարչական շրջաններով եւ խոստումներ կտան երեւանցիներին։ Քարոզարշավին թերեւս ամենամարտականը տրամադրված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի համար Երեւանում իշխանություն պահելը կենաց-մահու հարց է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում այնքան լուրջ են տրամադրված, որ բոլոր պատգամավորներին եւ ավագանու ցուցակի անդամներին հրահանգվել է ոչ միայն ակտիվորեն մասնակցել քարոզարշավին, ամեն քայլափոխի շրջել Տիգրան Ավինյանի հետ, այլ նաեւ մարդաքանակ ապահովել նախընտրական քարոզարշավների ժամանակ, որպեսզի համոզեն, որ իրենք Երեւանում իսկապես մեծ ընտրազանգված ունեն: Այլ կերպ ասած, ՔՊ-ականները քարոզարշավ են անում իրենց ծանոթ-բարեկամներով՝ տպավորություն ստեղծելով, թե քարոզարշավը մարդաշատ է: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց՝արդյոք ինքն արդեն նման հրահանգ ստացել է, եւ ինչ քայլեր է անում քաղաքական իշխանության պահանջները բավարարելու համար: «Այդպիսի հրահանգ չկա, բայց կա կուսակցության վարչության որոշում՝ քարոզարշավին ակտիվորեն մասնակցելու համար։ Կուսակցական ես, պատգամավոր ես, թե այլ պաշտոնյա, կապ չունի, պետք է մասնակցես քարոզարշավին, բայց հրահանգ չկա մարդիկ բերելու: Արհեստականության էլեմենտը մեզ մոտ հավասար է զրոյի»-ասաց նա: Այսպիսով, ողջ պետական ապարատը լծված է քարոզարշավին, ինչպես մերժված նախկինում:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Այստեղ առաջնային նշանակություն ունեն մասնակից ուժերի ոչ միայն մոտեցումները քաղաքային տնտեսության կառավարման առումով, այլև բուն քաղաքական տեսանկյունից: Բանն այն է, որ ընտրություններին մասնակցում են նաև ուժեր, որոնք փորձագետները գնահատում են որպես իշխանությունների սատելիտներ: Արդեն իսկ նկատելի է, որ այդ միավորները փորձում են ընտրությունները վերածել մունիցիպալ մրցավազքի՝ հնարավորինս առաջ բերելով ապաքաղաքական օրակարգ: Այնինչ, կան մի քանի ուժեր, որոնք ընտրական գործընթացը դիտարկում են ամբողջական իշխանափոխության համատեքստում: Ի մասնավորի, հիմնական ուժերից նման օրակարգ ունի «Ապրելու երկիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Մանե Թանդիլյան), որը երեկ իր քարոզարշավն սկսեց Արաբկիր համայնքից:
Կուսակցությունն օրերս տարածած հայտարարության մեջ հատուկ շեշտում էր, որ «Հայաստանում պետք է տեղի ունենա ամբողջական իշխանափոխություն»: Ավելին, կուսակցությունն ի սկզբանե նշում է, որ «բացառվում է իշխող կուսակցության հետ որևէ համագործակցություն»: Ի դեպ, օրերս մենք նաև տեղեկացրել էինք, որ, մեր տեղեկություններով, առաջիկայում «Ապրելու երկիր» կուսակցությունը նախատեսում է առաջարկել այլ քաղաքական ուժերի՝ փաստաթուղթ ստորագրել՝ միասին ՔՊ-ի դեմ պայքարելու պատրաստակամության մասին։ Հաջորդ ուժը, որը դարձյալ այս ընտրությունները դիտարկում է ամբողջական իշխանափոխության համատեքստում, «Մայր Հայաստան» դաշինքն է, որի առաջին համար Անդրանիկ Թևանյանն ի մասնավորի ոչ մեկ անգամ նշել է, որ դաշինքը կենտրոնացել է ոչ թե քաղաքային, այլ քաղաքական և անվտանգային խնդիրների վրա և ձգտում է վերցնել իշխանությունը Երևանում՝ դա դիտարկելով երկրում ամբողջական իշխանափոխության մեկնարկ: Թե մյուս քաղաքական ուժերից որոնք կմիանան այս օրակարգին, ցույց կտան առաջիկա մի քանի օրերի նրանց հայտարարությունները:
«Փաստ» օրաթերթը գրում է. Երևանի փոխքաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանը օրեր առաջ վարել էր ուղևորափոխադրող «Գազել»` խորհրդանշելով, այսպես կոչված, «հուսահատության Գազելների ավարտը»։ Լրատվամիջոցներից մեկը, հղում անելով ոստիկանության իր աղբյուրին, պնդել էր, որ Ավինյանն ունի B կարգի վարորդական վկայական, որը ստացել է 2017-ին, սակայն «Գազել» մակնիշի միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու համար պահանջվում է D կարգի վարորդական վկայական։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը քննության առարկա է դարձել իրավապահ համակարգում` «անհատական տվյալների անօրինական արտահոսքի» մասով: Այսինքն, իրավապահները փորձում են հասկանալ, թե ինչպես, ինչ ճանապարհով են այդ տվյալները հայտնվել լրատվամիջոցների ձեռքում, և ով է ոստիկանության համակարգից նման տվյալներ տրամադրում` խախտելով օրենքը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական Տաթեւիկ Կարապետյանն իր անունով որեւէ շարժական կամ անշարժ գույք չունի: Ամեն դեպքում, այս մասին է վկայում նրա ներկայացրած հայտարարագիրը: Նախ՝ նշենք, որ Տաթեւիկ Կարապետյանն Ուկրաինայում ՀՀ դեսպան, Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի դուստրն է: Վերջինս եւ Վահագն Խաչատուրյանը բավական մտերիմ են եղել դեռ ՀԱԿ անդամ լինելու տարիներից, եւ, թերեւս, այդ հանգամանքից ելնելով էլ՝ նշանակվել է նախագահի խորհրդական: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է նրա հայտարարագիրը: Վերջինս 2022 թվականի վերջին իր բանկային հաշիվներին ունեցել է 10 հազար դոլար եւ 5 մլն դրամից ավելի գումար, իսկ որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 4.5 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում Կարապետյանը վաստակել է 8 մլն 301 հազար դրամ, որից 7 մլն դրամից ավելին աշխատավարձ է, որը նա ստացել է նախագահի աշխատակազմից, իսկ մյուս մասն էլ կրկին աշխատավարձ է՝ «Նոր լրատվական»-ից եւ «Զավեն Հակոբյան»-ից:
Տաթեւիկը նաեւ վարկ ունի, որը տարեվերջին կազմել է 500 հազար դրամ։ Այլ տվյալներ նրա հայտարարագրում առկա չեն: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2020 թվականին գրել էր, թե ինչ սկանդալի պատճատով Փաշինյանն ազատեց Կարապետյանին աշխատանքից: Բանն այն է, որ նույն թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամանորի ուղերձը կարդացել էր սուֆլյորից՝ նույն նախադասությունը կրկնելով երկու անգամ, ինչն էլ դարձել էր ներիշխանական մեծ «ռազբորկաների» առիթ, եւ հենց այս պատճառով էլ աշխատանքից հեռացվել էր վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի սեպտեմբերի 8-ին։ Մինչ պաշտոնի նշանակվելը եղել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ։ Մարզպետը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո, «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել էր Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու։ Սուրեն Պապիկյանի հովանավորյալ Սարգսյանը նախկինում Ռուսաստանի Դաշնությունում է եղել. ինչպես ընդունված է ասել բոլոր մարտունեցիների դեպքում, խոպան է գնացել: Հենց այդ տարիներին նա մի բնակարան է ձեռք բերել այնտեղ։ Մարզպետը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել, թեեւ 2022թ. հուլիսին հարբած ավտովթարի էր ենթարկվել Սեւան-Դիլիջան ճանապարհին: Նշենք, որ Կարեն Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 910 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 12 մլն 500 հազար դրամ։ Կարեն Սարգսյանը հայտարարագրել է 16 մլն 524 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 12 մլն 790 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից։ Մյուս եկամուտների աղբյուրը թաքցվում է:
Մարզպետը նաեւ հիպոտեկով բնակարան է ձեռք բերել, իսկ նրա ստացած վարկերի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 301 հազար դրամ։ Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 25-ին ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզպետ, 38-ամյա Կարեն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի, 01 QA 110 համարանիշի եւ Վարդան Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի, 36 TT 011 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է՝ Mercedes-ի վարորդը` Կարեն Սարգսյանը, եղել է ոչ սթափ վիճակում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օգոստոսի 23-ին՝ Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առիթով, մի խումբ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ շնորհավորանքներ հղեցին, իսկ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ոչ թե շնորհավորական էր, այլ՝ հանդիմանական։ Պարզվեց՝ մեր դժբախտությունների պատճառն այս անգամ էլ ՀՀ անկախության հռչակագիրն է, այն խանգարում է մեր անկախությանը, ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը, չնայած հիմքում հենց այդ սկզբունքներն են դրված: Երեկ Գերագույն խորհրդի մի խումբ պատգամավորներ (Ռուբեն Թորոսյան, Լեւոն Ստեփանյան, Գեւորգ Բաղդասարյան, Հրանտ Խաչատրյան, Վարդան Պետրոսյան, Վլադիմիր Ուզունյան, Պարույր Հայրիկյան), որոնք անձամբ մասնակցել են Հռչակագրի տեքստի ընդունմանը, հավաքվել էին ԳԽ դահլիճի մուտքի մոտ: Այդ տարիներին ԳԽ նիստերը հրավիրվում էին Մելիք Ադամյան փողոցի դահլիճում: Նրանք լուսանկարվեցին, պատասխանեցին մեր հարցերին, ապա գնացին Պարույր Հայրիկյանի տուն` Հռչակագրի օրը նշելու:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ մշտական բնակչության թվաքանակն աճել է՝ թերեւս ՀՀ մշտական բնակություն հաստատած ռուսների եւ ուկրաինացիների հաշվին: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ մարզերի եւ մայրաքաղաք Երեւանի բնակչությունը 2023թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 985 հազար մարդ, նախորդ տարի՝ 2022 թվականին՝ 2 մլն 961 հազար մարդ։ Ըստ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների՝ 2 մլն 985 հազար մարդուց 1 մլն 101 հազարը բնակվում են Երեւանում։ Վայոց ձորն այն մարզն է, որտեղ ամենաքիչ բնակիչներն են՝ 48.1 հազար մարդ, ամենաշատ բնակչությունն ունի Արմավիրի մարզը՝ 267.6 հազար դրամ։ Երկրորդ տեղում Արարատի մարզն է՝ 257.3 հազար մարդ։ Բնակչության ընդհանուր թվից 1 մլն 902 հազարը քաղաքային բնակչությունն է, 1 մլն 082 հազարը՝ գյուղական։