25.11.2024
«Մայր Հայաստան»-ը նման պայմանագիր կնքելու կարիքը չունի, մենք ՔՊ-ի հետ չենք համագործակցելու
prev Նախորդ նորություն

Բաքուն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ. Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ` այն հռչակելով 5-րդ շարասյուն, ռևանշիզմի և պատերազմի քարոզիչ, որի դեմ պետք է պայքարել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:


«Հատկապես թիրախավորված են Հայոց կաթողիկոսներն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, խոշոր վանական համալիրներն ու եկեղեցիները, օրինակ՝ Նորավանքը, Հաղարծինը, Գեղարդավանքը: Նրանք անգամ փոխել են Էջմիածնի անվանումը:


Այս ամենը լայնածավալ ներկայացվում է` որպես ադրբեջանական, առավել կոնկրետ` ալբանական կամ ուդիական հուշարձաններ: Ընդ որում, խոսքը թե´ Հայաստանում, թե´ Արցախում կառուցված, գործող կամ չգործող եկեղեցիների մասին է։


Ավերված կամ կիսաքանդ հայկական եկեղեցիները ներկայացվում են իբրև հայերի կողմից ավերված ադրբեջանական մշակութային հուշարձաններ:


Սա անմիջակարորեն ուղղված է էթնիկ հայկական ինքնության վերացմանը:


Այս ամենն արվում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգի շրջանակում, որով նկատի է ունեցվում ամբողջ Հայաստանը։


Այս կեղծ հայեցակարգը սահմանում է նաև, որ Հայաստանը պարտավոր է «վերականգնել և պաշտպանել ադրբեջանական ավերված մշակութային ժառանգությունը` որպես հաշտեցման նախապայման»: Արտաքին աշխարհի համար նախատեսված այս արտաքուստ մարդասիրական պահանջի ներքո իրականում ադրբեջանական իշխանությունը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում:


Այս դիրքերից Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս ագրեսիվ հռետորաբանությամբ՝ փորձելով վարկաբեկել հայոց եկեղեցին, Հայաստանին մեղադրել ալբանական կամ ուդիական եկեղեցիները «յուրացնելու» մեջ:


Ադրբեջանի իշխանությունը ջանքեր է գործադրում ոչ միայն երկրի ներսում, այլ նաև դրսում կրոնական թշնամանք բորբոքել հայերի նկատմամբ։


Ադրբեջանի նախագահը մուսուլմանական աշխարհին մի քամի անգամ կոչ է արել վրեժխնդիր լինել հայերից ու Հայաստանից՝ բացարձակ կեղծիքով մեղադրելով մեր ժողովրդին իսլամաֆոբիայի մեջ:


Այս կոչը, ըստ էության, ադրբեջանական ագրեսիվ հարձակումն է ողջ քրիստոնեական համայնքի վրա:


Իրականում, իսլամ դավանող աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ հայերը դարերով ապրում են՝ որպես բարեկամներ։ Այս ամենն ապացույցներով ամրագրված է մեր հատուկ զեկույցներում և ներկայացվում է միջազգային հանրությանը»,- գրել է նա: