25.11.2024
Արցախյան պետության առջև ծառացած ամենակարևոր խնդիրը՝ Արցախի գենոֆոնդը փրկելն է
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է՝ Աղդամի ճանապարհով առևտուր է արվելու. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Անվտանգության խորհրդի նիստում երեկ տեղեկացրել է, որ որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առեւտուր անելու: Թե ով որտեղ է այն կայացրել, չի մանրամասնել։ Հիշեցնենք, որ հուլիսին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելը ողջունեց Ադրբեջանի առաջարկը` ԼՂ-ին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով։ Այդ մասին խոսվեց նաեւ ՄԱԿ-ի ԱԽ նիստում, ինչին ՀՀ իշխանությունները չհակադարձեցին։ Հիմա Արցախի նախագահը հարցը ոչ թե քննարկման է դնում, այլ ներկայացնում է որպես իրողություն։ Քանի որ կանխատեսելի էր, որ այս որոշումը դիմադրություն կառաջացնի, ուստի նախապես էլ կազմակերպվել է աշխարհազորայինների «ակցիան»` Կարեն Մաթեուսյանի գլխավորությամբ: Այս զինված խումբն առաջիկայում, ըստ ամենայնի, կփորձի ապամոնտաժել այդ ճանապարհի վրա դրված արգելապատնեշը։ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ առեւտուրն այդ ճանապարհով լինելու է «մասնակի», այնտեղով կմտնեն շինանյութ, դիզել, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ռուս խաղաղապահների միջոցով, սակայն սա չի նշանակում է, որ Լաչինի ճանապարհը լիարժեք կգործի, արցախցիների շարժը կլինի սահմանափակ։


Հարությունյանը տեղեկացրել է, որ նախատեսված է հաջորդ փուլում քննարկել գազի եւ հոսանքի հարցը, որը եւս ստանալու են Ադրբեջանից։ Նա ներկայացրել է, թե Ադրբեջանն այսպիսով իբր զիջման է գնում եւ դրա դիմաց պահանջում է, որ շահագործվի Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը: Խոսքն Արցախում հայտնի շրջանցիկ ճանապարհի մասին է, որը տատի-պապիի արձանի տակով է անցնում։ Որոշել են, որ առաջիկայում կրկին կհանդիպեն՝ այդ հարցերը կազմակերպելու համար։ Մեր աղբյուրներն ասում են, որ ԱԽ նիստին մասնակցել է նաեւ Սամվել Բաբայանը, ԱԺ ուժերը մերժել են հրավերը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկ Մարությանը, որ մոնոներկայացումներից հետո որոշել է նախընտրական հյուրախաղերով շրջել մայրաքաղաք Երեւանում, պետք է ազնիվ պատասխանի մի կարեւոր հարցի. իր կինն ու երեխաները ո՞ր երկրի քաղաքացիներ են: «Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, երկու օր շարունակ փորձեց քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանից կամ նրա թիմից պարզել, թե արդյոք Մարությանի երեխաները և կինը՝ Իվա Մարությանը, Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ են, թե ոչ, արդյոք նրանք երկքաղաքացիներ են, սակայն ապարդյուն. չստացվեց: Պետական կառույցներն էլ այս ինֆորմացիան համարում են անձնական տվյալ՝ գաղտնիք: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել առ այն, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են: Հուսանք՝ այս հրապարակումից հետո շատ թափանցիկ «քաղաքապետը» իր առաջիկա մոնոներկայացումներից մեկում կբացատրի, թե իր ընտանիքի անդամները որ երկրի քաղաքացիներ են, որով ի ցույց կդրվի նաեւ նրա սերն ու վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այսօր Երեւանի ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը Հայկ Մարությանը կնշանավորի նախընտրական դրամահավաքով։ Նախկին քաղաքապետը գլխավորում է շատերին անհայտ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ակունքները գալիս են «Էլեկտրիկ Երեւան» շարժումից։ 2018թ․ հոկտեմբերի 3-ին կայացել է կուսակցության հիմնադիր համագումարը, իսկ դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններում կուսակցությունը ստացել է 4 հազար 122 քվե կամ ձայների 0.33%-ը։ Դրամահավաքը տեղի կունենա «Հոլիդեյ ինն» հյուրանոցում, որին կմասնակցի նաեւ Մարությանը։ Այն լրատվամիջոցների համար փակ է լինելու։ Դրանից հետո կսկսվի քարոզարշավը: Մարությանին մոտ կանգնած մարդիկ ասում են, որ, ըստ ամենայնի, դասական քարոզարշավ չի անելու, այլ նա հանդես է գալու տեսահոլովակներով, նրա «Քաղաքապետը» ներկայացումն էլ, որը լավագույն քարոզչությունն է հօգուտ Հայկ Մարությանի, երեք օրում կես միլիոն դիտում է ունեցել։ Հիշեցնենք, որ օրերս  ընտրությունների համար դրամահավաք իրականացրին նաեւ ՔՊ-ն եւ ԼՀԿ-ն, իշխող ուժը 506 միլիոն դրամ գումար հավաքեց, ԼՀԿ-ն՝ 10 մլն։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկար քննարկումներից ու խժդժոցներից հետո ՔՊ նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը լուծվել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի տեղակալներն են ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը եւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ շտաբի պետի տեղակալների հարցը իսկական կռվախնձոր է դարձել իշխող ուժի ներսում: Մի կողմից՝ Տիգրան Ավինյանն էր փորձում իր մտերիմներին տեղավորել այդ պաշտոններում, մյուս կողմից՝ Արմեն Փամբուխչյանն էր ուզում իր հավատարիմ ընկերներին տեղավորել այդ պաշտոնում: Ավինյանը նպատակ ուներ տեղակալներից մեկի պաշտոնում «կարգել» Երեւանի ՔՊ խմբակցության ավագանու անդամ Արմեն Գալջյանին, իսկ Փամբուխչյանը՝ իր մտերիմ ընկեր, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին: Ստացվում է՝ տեւական պայքարից հետո վերջիվերջո Արմեն Փամբուխչյանը հասավ իր նպատակին:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական սյունեցի պատգամավորները Փաշինյանի այցի ժամանակ փորձել են «փուռը տալ» մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, որին եկվոր են համարում ու առաջին օրվանից թարս աչքով նայում, քանի որ ժամանակին Փաշինյանին դեմ համայնքապետերը նրա հետ ջերմ հարաբերություններ ունեն։ ՔՊ-ականները մի քանի դրվագ են բեմադրել՝ փորձելով ցույց տալ մարզպետի նկատմամբ տեղացիների դժգոհությունը։ Օրինակ, Ագարակ այցի ժամանակ, երբ Փաշինյանն ագարակցիների հետ զրույցն ավարտել է, նրան է մոտեցել պատգամավոր Դավիթ Դանիելյանը եւ մատնացույց արել մի քանի մետր հեռու կանգնած մի խմբի, թե մարզի կուսակցականներն են: Փաշինյանը զարմացել է՝ ինչի՞ են կուսակցականները ժողովրդից առանձին կանգնել, ժողովրդի մաս չե՞ն։ Մեր աղբյուրն ասում է, որ պատգամավորը փորձել է հասկացնել, թե նրանք մարզպետի «հետ չունեն», դրա համար մոտ չեն գալիս վարչապետին։ Իսկ Ալվանքից մի կուսակցական էլ սկսել է բողոքել մարզպետից` ասելով, թե նա չի եկել իրենց գյուղ, տեղյակ չէ, որ ջրի խնդիր կա։ Փաշինյանը կոշտ ընդհատել է, ասելով՝ ես լավ գիտեմ, թե ով ոնց է աշխատում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանում երեկ թեժ է եղել։ Դավիթ Տոնոյանը դատական նիստի ժամանակ ձայնի իրավունք է խնդրել ու վրդովված հայտարարություն արել։ Ինչպես հայտնի է, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները դեռեւս 2023թ. մայիսի 29-ին միջնորդություն էին ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ Դ. Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին, որը դատարանի կողմից մերժվել էր: Այդ դատական ակտի դեմ պաշտպանները ներկայացրել էին վերաքննիչ բողոք, եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, 2023թ. հուլիսի 27-ի որոշմամբ պաշտպանների բողոքը բավարարելով, բեկանել էր Հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ վարույթն ուղարկելով նոր քննության: Իսկ, ահա, արդեն գրեթե մեկ ամիս անց Վերաքննիչ դատարանի որոշման պահանջները չեն կատարվել, եւ Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի փոփոխության հարցը չի քննարկվում, որի վերաբերյալ, մեր ունեցած տեղեկություններով, վերջինս իր վրդովմունքն է արտահայտել 2023թ. օգոստոսի 22-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում՝ հայտարարելով, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը դիտավորյալ է ձգձգում դատական նիստերը, նախատեսվածից ավելի քիչ ժամանակ է հատկացնում սույն գործով քննությանը, որպեսզի խափանման միջոցի հարցը կրկին չքննարկի: Նկատենք, որ այդ ընթացքում Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում կկայացնի:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ լիազորություններից ապօրինաբար զրկված նախագահ Թագուհի Թովմասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Անդրեա Վիկտորինի հետ։ «Դեսպանի հետ քննարկեցինք Հայաստանի եւ Արցախի անվտանգային մարտահրավերները: Ներկայացրի Հայաստանում կեղծ ժողովրդավարության իրական պատկերը եւ խորհրդարանական ժողովրդավարության խնդիրները»,- գրել է Թագուհի Թովմասյանը: ԱԺ պատգամավորը հավելել է. «Իհարկե, տիկին Վիկտորինն ամենատեղեկացվածն է հայաստանյան խնդիրներից, բայց ես կարեւոր եմ համարում հստակ փաստերի ներկայացումը միջազգային մեր բոլոր գործընկերների շրջանում»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ջերմուկի քաղաքապետ՝ 30-ամյա Վահագն Արսենյանը` հայտնի ՀՀԿ-ական օլիգարխ Աշոտ Արսենյանի որդին, ամուսնանում է: Պսակադրության եկեղեցական արարողությունը կատարվելու է Հայաստանում, իսկ հարսանեկան խնջույքը` Մոնակոյում, որն Աշոտ Արսենյանի սիրելի հանգստավայրն է: Բայց ամենից ուշագրավն այն է, որ աղջկա ազգանունն էլ է Արսենյան․ նա գործարար Արսեն Արսենյանի դուստրն է, որի մյուս դուստրն էլ «Գազպրոմի» Վարդան Հարությունյանի հարսն է: Հարսնացուի ընտանիքը, իհարկե, կարողությամբ եւ ճանաչվածությամբ զիջում է փեսայի ընտանիքին, բայց մի ուշագրավ նյուանս էլ կա․ հարսնացուի հայրը Գուրգեն Արսենյանի հեռավոր ազգականն է, 2 եղբոր թոռներ են կամ` նման մի բան:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արեւշատյանի նկատմամբ հարուցված քրեական գործով իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ ու խուզարկություն իրականացրել։ Բանն այն է, որ Աննա Արեւշատյանի ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, կալանավորված
է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու համար եւ այս պահին կալանքը կրում է «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հենց այս դեպքով էլ Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել՝ հատկապես սեռական բռնություն իրականացրած հոր՝ Մադաթյանի խցում:


Իսկ ի՞նչ է հայտնաբերվել։


«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ եւս եղել է հեռախոս: Իսկ թե ինչ է եղել նրա հեռախոսի մեջ, կներկայացնենք առաջիկայում։


Մեր ստացած այս տեղեկությունները փորձեցինք պարզել ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության լրատվական բաժնից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար իրականացվում են խուզարկություններ: Ինչ վերաբերում է Ձեր կողմից մատնանշված կալանավորված անձի խցում խուզարկություն կատարելուն կամ դրա արդյունքներին, տեղեկացնում ենք, որ, ըստ ՀՀ ԱՆ համակարգում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի, տվյալ տեղեկությունը համարվում է գաղտնի, ուստի Քրեակատարողական ծառայությունը նպատակահարմար չի համարում հանրայնացնել»։ Այսպիսով, խուզարկության փաստը պատոնապես հաստատվեց:


Հիշեցնենք, որ քրեական վարույթով պարզվել է, որ Աննա Արեւշատյանն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելով, ստեղծել եւ իրացրել է մանկական պոռնոգրաֆիա: Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաեւ իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին։ Ծնողները կալանավորված են: