VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է․ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն Արցախի իշխանական եւ քաղաքական վերնախավին շարունակում է համոզել՝ գնալ Բաքվի հետ ուղիղ երկխոսելու ճանապարհով, քանի որ մոտ ապագայում սովից կոտորվելու են, իսկ ռուսները մատը մատին չեն խփելու։ Արցախից պատմում են, որ Սամվել Բաբայանն այդ երկխոսությունը կյանքի կոչելու նպատակով վերջին շրջանում սկսել է սուր քննադատել անգամ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր առաջարկները չվերագրեն Փաշինյանին եւ ՀՀ իշխանություններին։ Նա հավասարապես քննադատում է թե՛ ռուսներին, թե՛ Փաշինյանին, որ մատը մատին չեն խփում, ու ասում է՝ ինքներս պետք է մեր գլխի ճարը տեսնենք։ Ոմանք կատակում են, թե Սամվել Բաբայանը որոշել է Արցախի «Քադիրովը» դառնալ։ Նրա տեսլականն առայժմ ընկալելի չէ ոչ միայն քաղաքական լայն շրջանակների, այլեւ Արցախի իշխանությունների համար, Արցախում կարծում են, որ պետք է դիմադրել, քանի որ Ադրբեջանի հետ երկխոսությունը կնշանակի ինքնակամ հանձնվել թշնամուն։
«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները երեկվանից Սյունիքի մարզում են, նախապատրաստում են նրա այցը: Փաշինյանը լինելու է մարզպետարանում, այցելելու է ԶՊՄԿ: Կոմբինատի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանի թիկնազորը շուրջ երկու օր անվտանգային աշխատանքներ է իրականացրել իրենց մոտ, այցի օրն էլ գաղտնի է պահվում, որ «տեռակտ չկազմակերպեն»։ Մեզ ասացին, որ Փաշինյանը չի համաձայնել մասնակցել Կապանի, Քաջարանի տոնական միջոցառումներին, որոնք պետք է կայանան օգոստոսի 19-ին եւ 20-ին, եւ այցն առաջ է գցել: Այն լինելու է զուտ աշխատանքային, պատերազմից ու «սյունյաց ողջույններից» հետո Փաշինյանը թերեւս չի համարձակվում Սյունիքում ազատ շրջել, անգամ մարզային լրագրողներին է մարզպետարանը հրաժարվել հավատարմագրել, որ լուսաբանեն վարչապետի այցը։ Բայց ամեն դեպքում գնում է, որ չասեն` Սյունիք չի գնում, վախենում է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա Կոկաինի գործով ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ էին ուղարկվել, եւ կոնկրետ հարցադրումներ արվել: Հիմա սպասում են կոնկրետ պատասխանների։ Մեզ հատկապես հայտնի է, թե ԱԱԾ-ն կոնկրետ որ երկրների իրավապահներին է դիմում ուղարկել։ Կոնկրետ հարցեր են ուղարկվել Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության իրավապահներին։ Իսկ ինչո՞ւ կոնկրետ այս երկրների իրավապահներին: Բանն այն է, որ թմրամիջոցը Հայաստան էր ներմուծվել Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով։
Նշենք, որ այս գործով շարունակում են կալանքի տակ մնալ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները, որոնցից մեկը կին է։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա Կոկաին ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հավելենք, որ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը այժմ աշխատում է իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին։ Նաիրա Նահապետյանը, հիշեցնենք, տարիներ շարունակ ՀԷԿ-երի բիզնեսով է զբաղվել, նա նաև ներգրավվել է մի քանի հանքարդյունաբերական ծրագրերում, մասնավորապես՝ տնօրեն է եղել «Գեո Մետալ» և «ԲԱՄՕ մետալ» ՍՊԸ-ներում: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով կապ հաստատեց Նաիրա Նահապետյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ որևէ քաղաքական ուժի չի սատարում։ «Նման բան չկա, ես ներկայումս քաղաքականությամբ չեմ զբաղվում, հայտ ներկայացրած ոչ մի կուսակցության կամ դաշինքի չեմ սատարում, զբաղվում եմ հիդրոէներգետիկայի ոլորտի խնդիրներով»,-ասաց Նաիրա Նահապետյանը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Ատեստավորման գործընթացը, ըստ մեր աղբյուրների, բանակում եւ պաշտպանության համակարգում անառողջ մթնոլորտ է ձեւավորել, որը կարող է հանգեցնել կադրերի մեծ արտահոսքի՝ պրոֆեսիոնալ զինվորականները հեռանան։ Հիշեցնենք․ եթե պետական այլ օղակներում աշխատավարձերի կտրուկ բարձրացում են իրականացնում` առանց որեւէ նախապայմանի, ապա որոշ համակարգերում, մասնավորապես` բանակում, վարձատրությունը կարող է աճել միայն ատեստավորում անցնելուց հետո։ Ինչպես հայտնի է, բավականին բարձր չափանիշներ են սահմանվել ատեստավորման համար, որտեղ ո՛չ զինվորականի անցած մարտական ուղին, ո՛չ ավանդը, ո՛չ տարիքը կամ պրոֆեսիոնալ զինվորական լինելու փաստը դեր չի խաղում: Ատեստավորումը կազմված է երկու բաժնից` տեսական, մասնագիտական թեստեր եւ պրակտիկ առաջադրանքներ` շարային պատրաստություն, որոնք ոչ բոլորն են հաղթահարում․ ոմանք՝ տարիքի, ոմանք` մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների պատճառով: Արդյունքում ատեստացիայից կտրվում են, եւ փաստացի աշխատավարձերը մնում են ցածր, որով գնաճի պայմաններում ապրելը դարձել է անհնարին։ Մեզ ասացին, որ այս անհավասար եւ անառողջ մթնոլորտում ոմանք արդեն թողել են ծառայությունը, ոմանք մտածում են թողնելու մասին, ինչը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել բանակի համար։
«Հրապարակ» թերթը գրում է․ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու հարցը խորհրդարանում է։ Իշխանությունները սրանով պատրաստվում են Հայաստանում «բոլոր դեպքերում» արգելել մահապատիժը, չնայած Հայաստանը դեռ 17 տարի առաջ է միացել սույն կոնվենցիային, եւ Սահմանադրությամբ է արգելվում մահապատիժը: Կոնվենցիային կից այս արձանագրությունը որոշ վերապահումներ էր ընձեռում կոնվենցիային միացած պետություններին, որպեսզի արտակարգ դրությունների ժամանակ հնարավորություն ունենա շեղվել կոնվենցիայից։ Մասնավորապես, 15-րդ կետով սահմանվում են նման դեպքերը․ «Պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է ձեռնարկել միջոցառումներ` ի շեղումն սույն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունների` բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը` պայմանով, որ նման միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած նրա մյուս պարտավորությունների հետ»։ Ստորագրելով 13-րդ արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, այլեւս հնարավորություն չի ունենալու այս վերապահումներից օգտվել, եւ բոլոր դեպքերում մահապատիժը մեզանում կարգելվի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շարունակելով իշխանության գլխին կանգնած անձանց ֆինանսական միջոցների ուսումնասիրությունները՝ բացահայտում ենք, որ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը 2015 թվականին միանձնյա սեփականությամբ ձեռք է բերել բնակարան Ռուսաստանի Դաշնությունում, իսկ 2011 թվականին՝ ավտոտնակ՝ ՌԴ-ում։ Օրաթերթը տեղեկացավ, որ 2022 թվականին Տերյանը ավտոտնակը նվիրատվությամբ փոխանցել է քրոջը՝ Ռոզի Տերտերյանին։ Տերյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3 մլն 905 հազար դրամ, 15 հազար դոլար, 18 հազար 519 եվրո և 1 մլն 65 հազար ռուբլի։ Կանխիկ դրամական միջոցները հազմել են 1 մլն 771 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմում են 18 մլն 642 հազար դրամ, որից 13 մլն 582 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, 60 հազարը Ռուս-հայկական համալսարանից է՝ որպես աշխատանքի վարձատրություն։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 11 մլն 961 հազար դրամ։ Այսպիսով, բանկային համակարգում աշխատած պաշտոնյաների շարքը համալրում է նաև Նարեկ Տերյանը, որը նախկինում՝ 2017-2018 թվականներին, աշխատել է Մոսկվայի շրջանի կառավարությունում՝ որպես խորհրդական։ Հիշեցնենք նաև, որ Նարեկ Տերյանն այն քաղաքական գործիչն է, որ ձախողել է Հայաստանը «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» ցուցահանդեսում ներկայացնելու հնարավորությունը։ Նրա կատարած բոլոր ծախսերը կատարվել էին պետական բյուջեյի հաշվին, այն ժամանակ անգամ Քովիդի թեստի գումարն էր պետբյուջեից հատկացվել։ Սակայն ցուցահանդեսին ցուցանմուշների փոխարեն բուկլետներ էր դրել տաղավարում, իսկ հեղափոխականները մեղադրում էին բոլորին, բացի իրենցից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ընտրությունների ակտիվ դերակատարները չեն փոխվում, փոփոխվում են միայն իշխանությունները և նրանց կապող օղակները: Սա նույնն է, որ նախկին ընտրակեղծարարներն ու նրանց շրջապատը հիմա էլ իշխող ՔՊ-ի համար են ջանք գործադրում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սուրեն Ներսիսյանը, որը Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության քարտուղարն էր, Հայաստանը լքել է: Մինչ այդ հասցրել է իր բարեկամ, սանիկ Լևոն Զաքարյանին տեղավորել Երևանի ավագանու կազմում՝ արդեն այսօրվա իշխող «Իմ քայլը» կուսակցության դաշինքով։ Հիշեցնենք, որ Սուրեն Ներսիսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Երևանի թիվ 9/18 ընտրատեղամասում ուղղորդել է ընտրողներին։ Նա, նախ, եղել էր ընտրատեղամասում, ապա տեղամասի բակում կանգնած քաղաքացիներին ուղղորդել էր քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին: ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցեց «Իմ քայլ»-ից Լևոն Զաքարյանի հետ՝ պարզելու՝ քավոր-բարեկամ Սուրեն Ներսիսյանի հետ նախկինում և հիմա ինչպես է ընտրություններ կազմակերպել: «Իմ քայլ»-ից Լևոն Զաքարյանը շտապեց հերքել քավոր-սանիկ հարաբերությունները իր և Ներսիսյանի միջեւ՝ ասելով, որ Ներսիսյանը իրեն ոչ հարազատ մորաքրոջ ամուսնու եղբայրն է։
«Գրեթե 6-7 տարի է՝ այդ մարդու հետ չեմ շփվում, իր մասին էլ տեղեկություն չունեմ»,- իրենից հեռացրեց նախկինում հպարտության էտալոնին: Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ապա փաստացի նախկինում՝ «հին իշխանությունների» համար, այսօր էլ ՔՊ-ի համար ձայներ հավաքող Լևոն Զաքարյանը կանխատեսեց, որ սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունները բաց ու թափանցիկ կլինեն: Պատճառը, ըստ Զաքարյանի, այն է, որ հեղափոխությունից հետո Երևանում տեղի ունեցած 3 ընտրության, համապետական 2 ընտրության ժամանակ գրեթե որևէ լուրջ բողոք չի եղել։ Սա մեծ վստահություն է տալիս, որ այս անգամ էլ կեղծիքներ չեն լինի։ Նկատենք, որ նախկին իշխանությունները ճիշտ այսպիսի պատասխաններ էին տալիս: Հավելենք նաև, որ Արթուր Ուղանոսյանն էլ, որը այժմ զբաղեցնում է Սուրեն Ներսիսյանի կարգավիճակը, դարձյալ նախկին իշխանության հետ բազում թելերով կապված է. Գագիկ Բեգլարյանի հավատարիմներից է եղել: Մի խոսքով, այսօր ՔՊ-ն օգտվում է համատիրության ընտրակեղծարարների ծառայություններից: Ասել է թե՝ ոչինչ չի փոխվել ՀՀ-ում, պարզապես հեղափոխականներն են «նախկին» դարձել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանը 2023 թվականի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զբոսաշրջիկների թվի զգալի աճ է ունեցել։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիսին զբոսաշրջիկների թիվը 1 միլիոնից ավելի է կազմել, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակայատվածի համեմատ, 70 տոկոսով ավելի է։ Սակայն նկատենք, որ զբոսաշրջիկների թվի այսպիսի աճի հիմնական պատճառը ռուս -ուկրաիանական պատերազմն է։ Այդ մասին են վկայում նաև պաշտոնական թվերը։ Բանն այն է, որ ժամանած զբոսաշրջիկների 51 տոկոսից ավելին ՌԴ քաղաքացիներ են։ Ընդ որում՝ հսկայական աճ է գրանցվել նաև ՌԴ-ից դեպի Հայաստան թռիչքների ինտենսիվության մասով։ Առհասարակ, ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվն աճել է 2,1 անգամ։ Հավելենք նաև, որ այստեղ ժամանած ՌԴ քաղաքացիներից շատերն այստեղ անգամ բիզնես են հիմնել, աշխատանք գտել, կան նաև, իհարկե, ազգությամբ հայեր։ Երկրորդ տեղում Վրաստանն է` 12 տոկոս, երրորդում Իրանը` 6 տոկոս։ Մայիսին ունեցել ենք զբոսաշրջիկներ նաև ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ինչպես նաև Ուկրաինայից և Բելառուսից։