Պարտադրելու ենք իշխանության հեռացում. Ալբերտ Բազեյանը ձևավորում է նոր միավորում
Երևանի նախկին քաղաքապետ, քաղաքական գործիչ Ալբերտ Բազեյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ձևավորում են կամավորականների, զինվորականների, աշխարհազորայինների և պահեստազորի զինվորականների միավորում։
"Միավորելու ենք բոլոր այն ազատամարտիկներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել հայրենիքի պաշտպանության գործում։ Մենք կանգնելու ենք զինվորի կողքին, պաշտպանելու ենք հայրենիքն ու ազատագրելու ենք բռնազավթված տարածքները",- հայտարարեց նա։
Բացի այս, նա կարևորեց քաղաքական դաշտի առողջ ուժերի միավորումը, որը կբերի միասնական համահայկական դաշինքի ստեղծման։ Ըստ Բազեյանի՝ իրենք կհամագործակցեն այդ դաշինքի հետ, կայցելեն մարզեր, տեղերում կունենան մասնաճյուղեր, և մի գեղեցիկ օր կոչ կանեն ոտքի հանել ժողովրդին, որպեսզի պահանջի այս իշխանության հեռացումը։
"Պարտադրելու ենք իշխանության հեռացում, ԱԺ լուծարում: Կձևավորվի ժամանակավոր կառավարություն, որի ղեկավարը չի լինի ՀՀ նախկին ղեկավարներից և ոչ ոք: Երբեմն հարց են տալիս, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, ապա ո՞վ՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը: Ո՛չ նա, ո՛չ նա, ո՛չ էլ նա, հայ ժողովրդի մեջ կգտնվեն 100-ից ավելի մարդիկ, որոնք ավելի լավ կղեկավարեն մեր երկիրը, կլինեն ավելի հայրենասեր, քան Նիկոլ Փաշինյանը»,-հավելեց Բազեյանը: