Ի՞նչ է արձանագրվել ԼՂ-ի և Լաչինի միջանցքի մասով Վանկուվերի հռչակագրում
Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանը: Հուլիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, պատվիրակության անդամներ Արթուր Հովհաննիսյանը, Մարիա Կարապետյանը եւ Լիլիթ Մինասյանը մանրամասներ են ներկայացրել նստաշրջանի աշխատանքի վերաբերյալ, պատասխանել լրագրողների հարցերին:
Լիագումար նիստին զուգահեռ ընթացել են հանձնաժողովների նիստեր, տարբեր ձեւաչափերով ներկայացվել են հայկական օրակարգի առանցքային հարցերն ու ադրբեջանական ագրեսիվ գործողությունները: Հայկական պատվիրակության անդամները գործընկերներին ներկայացրել են տարածաշրջանում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները, Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքները, կարեւորել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը:
Հայաստանի պատվիրակության առաջարկներին խորհրդարանական վեհաժողովը թե՛ հանձնաժողովներում, թե՛ լիագումար նիստում կողմ է քվեարկել: Եվրոպական հարթակում մի շարք երկրների պատվիրակներ խոսել են հօգուտ Հայաստանի, մատնանշել Ադրբեջանի հակահումանիստական ու հայատյաց գործողությունները:
Վեհաժողովն ընդունել է տարեկան գլխավոր փաստաթուղթը՝ Վանկուվերի հռչակագիրը, որը կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերել Լաչինի միջանցքից, ապահովել միջանցքով մարդկանց եւ բեռների ազատ տեղաշարժը, նաեւ անդրադառնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին՝ խրախուսելով դրանց շարունակությունը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երեւանում:
Մանրամասները՝ տեսանյութում: