23.11.2024
Բա՛վ է, հերի՛ք է լռել. Արցախում մեկնարկեց համաժողովրդական շարժումը (լուսանկարներ)
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ:


Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.


«1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի ժողովրդի ուղենշած ազատության, հավասարության և եղբայրության գաղափարները դարձել են համամարդկային արժեքներ, որոնք ոգեշնչել են նաև հայ ժողովրդին` ժողովրդավարության և իրավունքների գերակայության ճանապարհով առաջ շարժվելու համար:


Այդ արժեքներին նվիրվածության և մեր ժողովուրդներին միավորող բազմադարյա ամուր բարեկամության վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև շարունակաբար ընդլայնվող առանձնաշնորհյալ հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում։


Օգտվելով առիթից՝ իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր հայրենիքի և ժողովրդի համար մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում Ձեր առաջնորդությամբ Ֆրանսիայի հասարակության կողմից հայ ժողովրդին ցուցաբերվող բացառիկ համերաշխության և մշտապես մեր կողքին լինելու համար։


Հայաստանը մեծապես արժևորում է Ձեր անձնական հանձնառությունն ու հետևողական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծմանը, իր պատմական բնօրրանում հայ ժողովրդի անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի երաշխավորմանն ու մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։