23.11.2024
Ադրբեջանի զինուժը Շուշիի շրջանում կիրառել է 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ֊7 նռնականետ. ՊԲ
prev Նախորդ նորություն

Բա՛վ է, հերի՛ք է լռել. Արցախում մեկնարկեց համաժողովրդական շարժումը (լուսանկարներ)

Ստեփանակերտի սրտում՝ Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական շարժման հանրահավաքը, որն առաջնորդում են երկրի իշխանությունները: Այստեղ է նաև նախագահ Արայիկ Հարությունյանը:


Իր ելույթում Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց՝ իրավիճակն արդեն օրհասական է, վաղվա օրը լինելու է էլ ավելի ծանր ու դժվար.


"Այսօր արդեն կան բազմաթիվ առողջապահական խնդիրներ, բազմաթիվ համայնքներ զրկվում են խմելու ջուր ունենալու հնարավորությունից, մայրաքաղաքից հեռու գյուղական համայնքների բնակիչները դարձել են գերիներ, մայրաքաղաքի հետ միակ կապը հեռախոսազանգն է։ Դադարեցվում են միջհամայնքային հասարակական երթուղիները, մանկապարտեզներում երեխաները գրեթե չեն սնվում, հիվանդանոցներում երեխաներին տրվում է չնչին քանակի սնունդ։ Շուշիի շրջանի գյուղերի բնակիչները դարձել են պատանդ՝ իր ծայրահեղ բոլոր դրսեւորումներով", - ասաց նա:


Նա զգուշացրեց՝ առաջիկա օրերին չեն աշխատելու շտապօգնության մեքենաները  և մարդիկ ունենալու են տարրական դեղորայքի եւ բուժօգնություն ստանալու խնդիր։ Ապա հարց ուղղեց միջազգային հանրությանը, Հայաստանին ու Ռուսաստանի Դաշնությանը՝ ինչի՞ն են սպասում.


"Ուզում եք այս հրապարակում ամեն օր մարդկանց դիակներ ունենանք, որ արձագանքե՞ք, ուզում եք մանկահասակ երեխաների մահվան կրկնություններ, որ խելքի գա՞ք։ Ես բոլորի անունից ասում եմ՝ բավական է, արդեն 3 տարի է արցախցին կրում է տառապանքներ։ Ուզում եմ գոռալ՝ բավական է", - հայտարարեց Արցախի պետնախարարը։




Արցախի ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ, դիմելով միջազգային հանրությանը, վերջիններիս մեղադրեց մերկապարանոց հայտարարություններ անելու համար.



"Մտահոգված ենք, խիստ մտահոգված ենք, կոչ ենք անում և նմանատիպ այլ հայտարարություններ. բա՛վ է, հերի՛ք է: Գեղեցիկ և շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մի բան է, այդ ամենը գործնական քայլերով ապացուցելը՝ մեկ այլ: Մինչ դուք մերկապարանոց հայտարարություններ եք անում, 120 000 մարդ է մահանում",- հայտարարեց նա:

Նշենք, որ կազմակերպիչները հայտարարեցին, որ ամենօրյա ռեժիմով են հավաքվելու Վերածննդի հրապարակում: Այս րոպեներին նրանք երթով շարժվում են Ասկերան: