Բռնատիրությունն ինքն իրեն սպառել է Թուրքիայում, սակայն դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհին այս երկրի համար առկա են բազում խոչընդոտներ, որոնց թվում են ինչպես հայկական հարցը, այնպես էլ քրդականը: Եվ քանի դեռ Թուրքիան չի ճանաչում սեփական պատմությունը, այս քաոսից դուրս գալը նրա համար չափազանց բարդ է լինելու: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:
«Հետևելով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ կապված քրդամետ պատգամավորների ձերբակալության հետ, ես կարող եմ ընդամենը մի բան ասել. Թուրքիայում դարձյալ 1915 թվականն է: Մեկ դար անց կարելի է պնդել, որ Թուրքիան նման է հիվանդի, ով արտաքուստ թվում է թե բուժվել է, սակայն ներքուստ դեռ փտում է: Այս պետության իշխանությունների համար մեղավորներ փնտրելը դարձել է սովորական գործ. 100 տարի առաջ մեղավոր էին հայերը, իսկ այժմ մեղավոր են քրդերը, այսպես նրանց համար հեշտ է դառնում սեփական գործողություններն ու քաղաքականությունն արդարացնելը: Ինձ չի թվում, որ կգտնվի որևիցե մեկը, ով չի քննադատի Թուրքիայի ներկայիս իրավիճակը», - նշեց պատգամավորը:
«Ցավոք այն հանգամանքը, որ Թուրքիան հրաժարվում է առերեսվել փաստերի հետ և ընդունել անցյալը, տանում է մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների կրկնության: Այստեղ չկա ոչ մի տարբերություն. 1915 թվականին թուրքական իշխանությունները հետապնդում և ոչնչացնում էին հայերին, այսօր նույն քաղաքականությունն է իրականացվում քրդերի նկատմամբ: Սակայն իշխանությունները մոռանում են, որ սա պատերազմ չէ, որտեղ պայքարում ես հակառակորդների դեմ. սա մի իրավիճակ է, երբ պատերազմը տեղի է ունենում սեփական քաղաքացիների դեմ: Ի դեպ, հենց ներկայիս Թուրքիայում քիչ չեն այնպիսի մարդիկ, ովքեր գիտակցում են, որ հայերի ցեղասպանութունն է հանգեցրել քրդերի հետ կապված ներկայիս խնդիրներին, սակայն հրաժարում քեմալական ծրագրերից, ինչը ենթադրում է, որ Թուրքիայում բոլոր բնակվողները թուրքեր են, չի նկատվում: Սա, անկասկած, կլիներ դրական քայլ իշխանությունների կողմից»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Այս առումով Ախոյանը վստահություն հայտնեց, որ թեև սա Թուրքիայի ներքաղաքական խնդիրն է, և դրսից ցանկացած փորձ կարող է հանգեցնել հակառակ ազդեցության, այնումենայնիվ Թուրքիայում կատարվող իրադարձություններով պետք է զբաղվեն նաև միջազգային ուժերը: Հատկապես արդիական է այն հարցը, թե պատրաստ է արդյոք Էրդողանը կարգավորել իրավիճակը ժողովդրավարական ուղիով: «Այս հարցի պատասխանը, կրկնում եմ, կայանում է անցյալի գիտակցման և ճանաչման մեջ, քանի որ հայկական հարցը, որը փակ է Թուրքիայում, հանգեցրեց քրդական հարցին, որն այսօր ավելի քան արդիական է և պայթյունավտանգ: Եվ այս մասին ասում եմ ոչ միայն ես: Թուրք քաղաքական գործիչ Իսմայիլ Բեշիկչին նույնպես առաջարկում է իր տեսությունը, ըստ որի՝ թուրքերի և քրդերի հարաբերությունների հիմքում հայերի ցեղասպանությունն է և չբաժանված գույքը երկու ժողովուրդների միջև», - ընդգծեց նա:
Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությանը, հայ պատգամավորը նշեց, որ ընդհանուր առմամբ՝ այս պետությունը ձգտում է շրջապատել իրեն անապատով, բառիս բուն և փոխաբերական իմաստով: Միակ հարցը, որին անընդհատ հղում են կատարում թուրքական իշխանությունները, այսինքն՝ Թուրքիա-Ադրբեջան հարցը, արհեստականորեն ստեղծվել է «Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության ֆոնի վրա, քանի որ բացի Ադրբեջանից Թուրքիան իրական հարևան ներկա դրությամբ չունի: Սրա ապացույցն է Էրդողանի վերջին հայտարարությունը այն մասին, որ Թուրքիայի տարածքը պետք է ընդգրկի ոչ միայն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, այլ նաև Բաթումին:
«Թուրքական խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ժամանակ այս հարցը մշտապես է քննարկվում: Ես ամեն անգամ ասում եմ, որ հույսը, թե Ադրբեջանի հետ եղբայրությունը Թուրքիայի համար կդառնա ինչ-որ հանգրվան, սին է: Եվ ապավինել մի պետության, ինչպիսին է Ադրբեջանը, ոչ այլ ինչ է, քան քաղաքական կարճատեսություն»: