26.11.2024
Բյուջեի ավելի քան 30 տոկոսը ուղղվելու է սոցիալական պաշտպանության ոլորտին
prev Նախորդ նորություն

Վարդան Բոստանջյան. 3.2 տոկոս տնտեսական աճը լրիվ իրատեսական է

VERELQ-ի զրուցակիցն է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

-Պարոն Բոստանջյան, ՀԾԿՀ-ի նախագահի կողմից նշվեց, որ սպասվում է գազի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սակագների նկատելի իջեցում: Որքանով դա ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:

-Տարիներ շարունակ հանրապետությունում սահմանվել է գազի և էլեկտրաէներգիայի, մեր համոզմամբ, բարձր սակագին, հատկապես երկրում առկա ցածր եկամուտների, գործազրկության և աղքատության բարձր մակարդակի, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության ոչ նպաստավավոր պայմանների ֆոնին: Պետք է ենթադրել, որ սա արդյունք է նոր կառավարության կողմից իրականացվող փոփոխությունների: Անշուշտ, պետք է ողջունել այդ քայլը, քանի որ վարչապետը, լինելով քաջատեղյակ տվյալ ոլորտում ձևավորված հարաբերություններին, իրազեկ է բնագավառում առկա ռեզերվների և հնարավորությունների մասին:

-Արդյո՞ք չկային այդ ռեզերվներն ու հնարավորությունները նախկինում:

-Իհարկե կային: Սակայն, տվյալ ոլորտի գործնեությունը տարիներ շարունակ եղել է ոչ թափանցիկ և սպառողների համար ոչ հասկանալի: Հայտնի է միայն, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հանդիսանում է հանրապետությունում առաջին խոշոր հարկատուն: Ներկայումս նկատելի է փոփոխություն նաև այս իմաստով, ինչը հետագայում ևս իր դրական ազդեցությունը կունենա:

-Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 2017 թվականին կառավարությունը նպատակադրվել է ապահովել 3.2 տոկոս տնտեսական աճ: Իրատեսակա՞ն է դա:

-Եվ ես դրա հիմքերը տեսնում եմ: Եթե գործարար աշխարհին չխանգարեն, ինչի մասին ևս վարչապետը խոսել է, այսինքն այլ բաներ չեմ ասում, միայն դա` գործարար աշխարհին չխանգարեն և դա բավարար կլինի 3.2 տնտեսական աճ ապահովել: Տնտեսության մեջ ամեն ինչ կարևոր է` ներդրողներ, ձեռնարկությունների ու արտադրությունների ընդլայնում, տնտեսության արդիականացում և այլն, բայց Հայաստանի նման փոքր երկրի պարագայում գլխավորը ազատ մրցակցություն ապահովելը, մենաշնորհների նկատմամբ գոնե որոշակի զսպաշապիկ հագցնելն ու փոքր ու միջին բիզնեսը չխեղդելն է: Եթե սա ապահովվի, ապա 3.2 տոկոսը լրիվ իրատեսական է:

-ԱԺ-ում քննարկվում է 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը: Կենտրոնական բանկի մասով հայտարարվեց, որ նախատեսվում է տնտեսական աճի տեմպի արագացում՝ պայմանավորված թե' արտաքին զարգացումներով, թե' հաջորդ տարի իրականացվելիք մի շարք բարեփոխումների ու 2016թ. իրականացված հարկաբյուջետային և դրամավարկային խթանող քաղաքականությունների ազդեցությամբ: Սակայն պատգամավորների մոտ ծագեցին տարբեր հարցեր ԿԲ-ի կապիտալ ծախսերի, մասնավորոպես նրա կողմից իրականացվող ներդրումների մասին: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը այդ հարցի վերաբերյալ:

-Նախ անհրաժեշտ է նշել, որ հանրապետությունն այսօր ունի ներդրումների խիստ կարիք, քանի որ առանց դրա պարզապես անհնար է որևէ զարգացում, որը կապահովի տնտեսության կառուցվածքի կատարելագործում, դրա արդիականացում, ինչես նաև աճի կայուն ու բարձր տեմպեր: Ակնհայտ է, որ ներդրումների ներհոսքը խթանելու համար անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր պայմաններ, ինչին և ուղղված է Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականությունը:

-Բայց չէ որ ներդրումային քաղաքականությունը, որպես կանոն, իրականացվում է Կառավարության կողմից:

-Իրավացի եք, բայց Կենտրոնական բանկն իր դրամավարկային քաղաքականությամբ պետք է մեծապես նպաստի ներդրումային գրավիչ պայմանների ձևավորմանը: Այդ առումով ԿԲ-ն կարող է իրականացնել ներդրումներ, հատկապես գնաճային ցածր ճնշումների կամ դրանց բացակայության պայմաններում էմիսիոն միջոցների հաշվին: Առավել ևս, որ այդ մասին առկա է համապատասխան դրույթ օրենքում: Ընդհանուր առմամբ, պետք է ողջունել ԿԲ-ի մոտեցումն այդ ուղղությամբ:

-Իսկ հավանականություն չեք տեսնում, որ այդ դեպքում շուկայում տեղի կունենա գների աճ:

-Դա կարող է հավանական լինել, երբ երկրում առկա են գնային նշանակալի ճնշումներ և Կենտրոնական բանկի կողմից իրականացվեն չհիմնավորված ծավալի ներդրումներ: Սակայն, այս դեպքում գործում է լրիվ այլ տարբերակ, երբ հանրապետությունում առկա է գնաճի ցածր մակարդակ, իսկ ԿԲ-ի կողմից էմիսիոն միջոցների հաշվին իրականացվող ներդրումները կրում են հիմնավոր ու սահմանափակ բնույթ: Նման իրավիճակում էմիսիոն միջոցները չեն կարող էական ազդեցություն ունենալ գների մակարդակի փոփոխության վրա: Անհրաժեշտ է նշել, որ այդպիսի քաղաքականությունն ողջունվում և իրականացվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, քանի որ նման ներդրումները խթան են հանդիսանում նոր աշխատատեղերի, ավելացած արժեքի, հավելյալ եկամուտների ստեղծման, ինչպես նաև հարկային մուտքերի մեծացման և, արդյունքում, բյուջետային միջոցների համալրման համար:

-Արտաքին պարտքի աճի ֆոնին, որն այսօր կազմում է 5 մլրդ 594 մլն դոլար, կառավարությունը մոտ 1 մլրդ դոլարին համարժեք դրամի պարտատոմս է վաճառել, որը պետք է ետ գնի բարձր տոկոսներով։ Ըստ մամուլի` եթե դրամը արժեզրկվի, ապա պարտատոմսերը ետ են գնվելու ավելի էժան, քան վաճառքի գինն էր։ Նման հեռանկար տեսնում եք, սպասելի՞ է առաջիկայում դրամի արժեզրկում:

-Ոչ մի նման զարգացում կամ փոփոխություն այս պահին չի նկատվում ֆինանսական շուկայում կամ դրամավարկային քաղաքականության ասպարեզում, որոնք պետք է բերեն փոխանակային կուրսի փոփոխության: Ես չեմ կարծում, որ առաջիկայում մենք կունենանք այդպիսի փոփոխություն, քանի որ ո’չ ճգնաժամային, ո’չ գնաճային երևույթներ գոյություն չունեն հանրապետությունում և նման միտումներ էլ չկան: Կարծում եմ, որ ԿԲ կողմից սահմանված փոխարժեքը կպահպանվի նաև առաջիկայում:

Զրուցեց Լիա Խոջոյանը