Ակտիվացնել բոլոր կապերը ՌԴ հետ, զսպել հակառուսական տրամադրությունները ՀՀ-ում. Խանումյան
Ռուսաստանն Արցախի վերաբերյալ հստակ ծրագրեր չունի։ Սպասում է։ Այդ թվում նորմալ առաջարկների Երևանից և Ստեփանակերտից։ Ադրբեջանն ու Թուրքիան Ռուսաստանի համար արժեքավոր գործընկերներ են և նրանց դեմ թշնամական քայլեր Ռուսաստանը չի անելու։ Ադրբեջանը աշխարհի երկրների գերակշիռ մեծամասնության համար ավելի կարևոր է, քան Հայաստանը։ Նույնիսկ այնպիսի երկիր, ինչպիսին Ֆրանսիան է, երկնիշ անգամ ավելի մեծ ապրանքաշրջանառություն ունի Ադրբեջանի հետ, քան Հայաստանը։ Հետևաբար Արևմուտքից որևէ էական աջակցություն հակաադրբեջանական գործողությունների տեսքով Հայաստանը չի ստանալու։
Այս մասին ֆեյսբուքի իր գրառման մեջ գրել է Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը:
“Իրանը կարևոր դերակատար է տարածաշրջանում, սակայն մեր հասարակության մեջ նրա մասին պատկերացումները չափազանցված են։ Ադրբեջանի էլիտայի մեջ կոնսեսուս կա ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի ոչնչացման հարցում։ Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի այս նկրտումները։Հետևաբար Արցախի պահպանումն ու անվտանգային վիճակի բարելավումը նախ և առաջ ողջ Հայաստանի գոյության հարցն է։
Ի՞նչ անել։
Առավել ակտիվացնել բոլոր տեսակի կապերը Ռուսաստանի հետ։ Հասնել ապրանքաշրջանառության էլ ավելի մեծացման, բազմապատկման, հատուկ ուշադրություն դարձնել ՌԴ մարզերի հետ առանձին համագործակցությանը, համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, մշակութային դիվանագիտությանը։ Զսպել հակառուսական տրամադրությունները Հայաստանում։
Արևմուտքի հետ ակտիվացնել տնտեսական կապերը, փորձել արևմտյան ներդրումներով Հայաստանում քիմիական արդյունաբերություն ստեղծել՝ հատկապես նուրբ քիմիայի բնագավառում։ Դրա համար Հայաստանում բարենպաստ պայմաններ կան։ ԵՄ, առանձին անդամ պետությունների, ԱՄՆ հետ մեր ապրանքաշրջանառության բազմապատկումը գլխավոր խնդիր պետք է լինի։ Զուգահեռ ակտիվացնել ռազմակրթական ծրագրերը ՆԱՏՕ-ի երկրների հետ։
Իրանի հետ սկսել լուրջ ռազմական համագործակցություն՝ թե՛ սպառազինության գնման, թե՛ անձնակազմի ուսուցման, թե՛ համատեղ զորավարժությունների ուղղությամբ։ Դիվանագիտական ջանքերի մեծացման հաղթահարել սրան խանգարող Արևմուտքի արգելքները։
Ամբողջ երկրում իրականացնել բնակչության ռազմական կրթության, ուսուցման ծրագրեր, միաձուլել քաղպաշտպանությունը պաշտպանության հետ”,- գրել է Խանումյանը։