23.11.2024
Չճանաչված պետության  վարչապետը. Վահե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Ինչ է կատարվում Արցախում. նոր զարգացումներ Սամվել Բաբայանի շուրջ

Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանն Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:


Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Նա տեղեկացրել է նաև, որ ըստ կանոնակարգի՝ պատգամավորը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի մասին իր դիմումը հետ վերցնելու համար:


Սակայն որքանով կարելի է դատել Արցախում առկա իրավիճակից՝ Հայրապետյանը դիմումը հետ չի վերցնի: Ըստ մամուլի՝ օրերս ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կազմակերպած հավաքը տհաճ ավարտ է ունեցել։


"Ապրիլի 16-ին Ստեփանակերտի «Նադեժդա» հանդիսությունների սրահում համախոհների հետ հանդիպման ավարտից հետո կրքերն այնքան են շիկացել, որ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, եւ սրահի բակում հավաքի մասնակիցներից մեկը դանակահարել է ԱՀ ԱԺ պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանին, ով Բաբայանի կուսակիցն է։


Բաբայանը պատրաստվում է ապրիլի վերջին վրանային հավաք սկսել Վերածննդի հրապարակում եւ ակտիվ հանդիպումների շարք է սկսել Արցախում։ Սակայն հիշյալ հավաքին՝ 4 հարյուր տեղանոց սրահում անգամ 100 մարդ չի եղել",- գրել էր մամուլը։


VERELQ-ի տեղեկություններով՝ Հայրապետյանն իրեն լավ է զգում, որևէ լուրջ բան չկա: Բայց ահա իր կուսակցության ղեկավարի դիրքերը, ըստ ամենայնի, չեն ամրապնդվում՝ Արցախում շարունակում են նրան չընդունել ու հնարավորինս խոչընդոտել Սամվել Բաբայանի հնարավոր վերադարձին:


Ի դեպ, այն, որ Բաբայանին խոչընդոտում էր, հայտարարել էր հենց իր գրասենյակը՝ հանդես գալով հայտարարությամբ: Մեջբերենք մի հատված միայն.


"Որոշ շրջանակներ Ս․ Բաբայանի քաղաքական վերադարձը ամեն կերպ խոչընդոտելու համար, ինչպես տեսնում ենք, շարունակաբար գործի են դնում «հին ու բարի» տեխնոլոգիաները․ շրջափակված, տարրական կենցաղային կարիքներ ունեցող ժողովրդին կարելի է հեշտորեն մոլորեցնել սոցիալական անհավասարությամբ՝ կոռուպցիոն և ստվերային գործարքների հետ երբևէ չասոցացված Ս․ Բաբայանին և նրա ընտանիքին վերագրելով մենաշնորհային տնտեսական գործունեություն",- ասված էր հայտարարության մեջ:


Նշենք, որ Սամվել Բաբայանը Արցախ մեկնեց Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունից հետո և շրջանառվում էր, որ նոր պետնախարարը՝ Գուրգեն Ներսիսյանը, ժամանակավոր է և Սամվել Բաբայանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի վերադառնա Արցախի կառավարման համակարգ: