Վարչապետ. Հայկական կողմը պատրաստ է ԵԱՏՄ գործընկերների հետ ամենասերտ համագործակցությանը
Միջազգային համագործակցությունը, որն ընթանում է ԵԱՏՄ արտաքին առևտրային քաղաքականության ձևավորման, երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացման հունով, առաջին հերթին կոչված է նպաստելու անդամ-պետությունների ազգային տնտեսությունների արդիականացմանը և նրանց մրցունակության մակարդակի բարձրացմանը: Այս մասին Մինսկում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ վարչապետի՝ միջազգային և բազմաձևաչափ փոխգործակցության ընդլայնումը պետք է հիմնված լինի իրական նախադրյալների վրա և կառուցվի՝ հաշվի առնելով երրորդ երկրների իրական պատրաստությունը փոխգործակցություն հաստատելու ինչպես ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ-պետության հետ առանձին, այնպես էլ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության հետ: «Նկատի ունենալով անդամ-պետություններում տարբեր իրավական կարգավորումների առկայությունը, մենք լիովին կիսում ենք ԵԱՏՄ մաքսային տարածքում հետագծելիության մեխանիզմի ներդրման միջոցով ապրանքների շրջանառության օրինականության ապահովման վրա հիմնված մոտեցումը:
Տվյալ մեխանիզմը պետք է ներդրվի այդպիսի եղանակով, որ դրա գործարկումը հակասության մեջ չմտնի մեր միության հիմնասյուներից մեկի՝ ապրանքների տեղափոխման ազատության հետ: Ուստի մենք պատրաստ ենք ակտիվ փոխգործակցությանը պետությունների հետ՝ այդ կապակցությամբ առկա հարցերի քննարկման համար»,- ասել է Կարեն Կարապետյանը: Նաև կարծիք հայտնել, որ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված համատեղ ջանքերը թույլ կտան ինտեգրացիոն գործընթացներում էական առաջընթացի հասնել:
Իր խոսքի ավարտին ՀՀ վարչապետը հավաստիացրել է, որ հայկական կողմը պատրաստ է գործընկերների հետ ամենասերտ համագործակցությանը:
Կառավարությունից տեղեկացնում են, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին քննարկվել և հավանության է արժանացել մի շարք նախագծեր: Մասնավորապես խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ մարմինների 2017 թվականի միասնական բյուջեի ու 2015 թվականի միասնական բյուջեի կատարողականի նախագծերին:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հատկապես կարևորվել է կառույցի՝ երրորդ երկրների հետ համագործակցության շուրջ աշխատանքների ինտենսիվացումն, ինչպես նաև՝ ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցերը: Մասնավորապես ընդգծվել է, որ մի շարք երկրներ հետաքրքրություն են դրսևորում ԵԱՏՄ-ի հետ տարբեր ձևաչափերում համագործակցության շուրջ, ինչի ուղղությամբ համապատասխան քայլեր են իրականացվում: