ԿԲ–ն դրամի փոխարժեքի արհեստական թուլացման համար ինտերվենցիաներ չի իրականացնի, այդ քայլը կհանգեցնի գնաճի մակարդակի էական բարձրացման եւ, որպես հետեւանք, քաղաքացիների կյանքի վատթարացման: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, խորհրդարանում հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Գալստյանը նշել է, որ ԿԲ-ն չի ազդում դրամի փոխարժեքի ներկայիս պահվածքի վրա, նման ազդեցությունը հնարավոր կլիներ, եթե ԿԲ-ն մեկ տարվա ընթացքում արտարժույթ վաճառեր: "Մենք հակառակն ենք արել, մենք 100 մլն դոլարից ավելի արժույթ ենք ձեռք բերել", - հայտարարել է նա՝ նշելով, որ դա արվել է ԿԲ-ի մանդատի շրջանակներում եւ ինտերվենցիա չի եղել։
Նա հավաստիացրեց, որ ԿԲ-ն ինտերվենցիաների մեխանիզմին դիմում է միայն այն դեպքում, եթե շուկայում "աղավաղումներ" են նկատվում։ Այս փուլում նման անհրաժեշտություն չկա։ "Կենտրոնական բանկին կոչ են անում միջամտել եւ արհեստականորեն նվազեցնել ազգային արժույթի փոխարժեքը։ Այո, այդ քայլը որոշ չափով կնպաստի որոշակի խմբերի, մասնավորապես արտահանողների շահերի պաշտպանությանը, բայց դրա համար վճարելու է ողջ հասարակությունը", - հայտարարել Է Գալստյանը։
ԿԲ նախագահն ընդգծել է, որ նման քայլը հանգեցրելու է գնաճի ավելի մեծ աճի, ինչը անխուսափելիորեն կվատացնի քաղաքացիների կենսամակարդակը: Նրա խոսքերով, մայիսին Հայաստանում գնաճի մակարդակը կազմել է 9 տոկոս, առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճը Հայաստանում շատ ավելի բարձր է, քան նշված 9 տոկոսը: Ընդ որում, նա նշել է այն հանգամանքը, որ տարածաշրջանի որոշ երկրներում, որտեղ ազգային արժույթի ամրապնդում չի նկատվում, գնաճը շատ ավելի բարձր է:
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակից որպես ելք կարեւոր է ոլորտային քաղաքականության վարումը՝ տնտեսության այն հատվածներին աջակցություն տրամադրելու տեսքով, որոնք տուժել են կամ մրցունակությունը նվազել է փոխարժեքի տատանումների հետեւանքով: Նա ընդգծել է, որ այդ աջակցությունը կարող է արտահայտվել ինչպես սուբսիդիաների տրամադրման, այնպես էլ հարկերի մակարդակի նվազեցման միջոցով:
"Անհրաժեշտ է հասկանալ, որ գնաճը նպաստում է լրացուցիչ բյուջետային մուտքերին, որոնց վերաբաշխումը կարող է եւ դառնալ կառավարության արձագանքը ստեղծված իրավիճակին", - հայտարարել Է Գալստյանը:
Նշենք, որ փոխարժեքի հայկական շուկայում դոլարը և եվրոն հետևողականորեն արժեզրկվում են: Դրամը հետևողականորեն ամրապնդվել մարտի 14-ից հետո` մեկ դոլարի դիմաց 5,18 դրամից նվազելով մինչև 4,21 դրամ: Այս ընթացքում դրամն արժեւորվել է շուրջ 19 տոկոսով: