Այսօրվա դրությամբ որևէ մի փաստաթուղթ, որը ստորագրվի, դառնալու է դժվարագույն կետ գալիք սերունդների համար իրենց խնդիրները լուծելու համար: Սա է կարևորագույնը, որ մենք պետք է հասկանանք: Այս մասին Ստեփանակերտում ընթացող «Ապագա հայկականը» ֆորումի շրջանակում VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ մեկնաբանելով Բրյուսելում այսօր սպասվող Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը:
Նրա խոսքով, կարևորը թույլ չտալն է, որ նման փաստաթուղթ ստորագրվի՝ անկախ նրանից, թե ինչ ձևակերպում մեջը դրված կլինի: Օրինակ, նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ խաղաղության ապագա պայմանագրում Արցախն ունենալու է մշակութային ինքնավարության կարգավիճակ. Թևան Պողոսյանի խոսքով՝ մեկ է, թե ինչ կլինի, քանզի ցանկացած պարագայում դա աղետ է Արցախի համար: Գլխավորը, կրկնեց նա, փաստաթուղթը կանխելն է.
"Իշխանության մի ներկայացուցիչ ասում է, որ որևէ բան չի ստորագրվելու, քննարկումներ են: Ինչի՞ մասին է խոսքը: Անգամ եթե այսօր չեք ստորագրելու, ստորագրելու եք մի քանի ամսից, բա՞ն է դա փոխում: Իհարկե ոչ: Ամբողջ խնդիրն այն է, որ հայ ազգը այսօր պետք է գիտակցված այնպես ձայնը բարձրացնի, որ բոլորը հասկանան, որ անգամ եթե դա տեղի ունենա, դա լեգիտիմություն չի ունենալու: Որովհետև Ալիևը միշտ ասել է, որ քանի ինքը կա, Արցախը որևէ կարգավիճակ չի ունենալու, նույնիսկ մշակութային ինքնավարություն", - շեշտեց մեր զրուցակիցը: Իսկ Ալիևը, ավելացրեց Թևանյանը, մինչ այսօր ինչ ասել է, սովորաբար հենց այդպես էլ արել է:
Գործիչն ընդգծեց՝ պարտված իշխանությունները բացի պարտությունից այլ բան բերել չեն կարող, և եթե փաստաթուղթ ստորագրվի, հայության ձայնն այնքան բարձր պետք է լինի, որ լեգիտիմությունը կասկածի տակ առնվի:
"Մեզ նոր բանակցող է պետք, այս գործընթացը, որ կա, պետք է կանգնեցվի: Ոչ մի ինքնավարություն, ոչ մի այլ բան՝ մեզ միայն պետք է հասնել ինքնորոշման իրավունքի հարգանքի ու պաշտպանման խնդրին: Սա է",- ասաց նա:
Պողոսյանը քննադատեց Արևմուտքին, որը, իբրև թե, ժողովրդավարության ջատագովն է, սակայն դրան զուգահեռ Սաուդյան Արաբիան իր լավագույն գործընկերն է և մատնանշեց, որ արևմտյան երկրների համար գլխավոր խնդիրը մեր տարածաշրջանի Ռուսաստանից դուրս մղելն է: Այնպես որ ամենը տեղավորվում ու արդարացվում է հենց սրա կոնտեքստում.
"Աշխարհաքաղաքական այս գործընթացներում Արևմուտքի շահը լրիվ այլ բան է, ի՞նչ ժողովրդավարություն: Եկեք նայենք իրողություններին, ոչ թե իրենց բառերին. նույն Արևմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ ապացուցեց իր երկերեսանի լինելը, որը միայն իր շահն է վեր դասում: Եթե դու չես հարգում խոսքի ազատությունը, խաղաղ հավաքների ազատությունը, ի՞նչ ժողովրդվարության մասին է խոսքը: Միանգաամից տեղափոխվեք Անկարա, ինչի՞ եք էլ ձեզ տանջում. Արևմուտքի գլխավոր օպերատորը տարածաշրջանում Թուրքիան է լինելու, նրանք Անկարայով են աշխատելու, գործելու, իսկ շահերը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողելու մեջ է":
Այս աղետալի գործընթացը կարող է կասեցնել միայն ազգային պայքարը, որի մարման վտանգները, ըստ մեր զրուցակցի, ավելի մեծ և ցավալի են լինելու մեր երկրի համար, քան որևէ այլ բան.
"Նրանք օր առաջ են փորձում հասնել ստորագրման ու ես չեմ զարմանա, որ այսօր այս պարտված իշխանությանն անգամ սպիտակ թուղթ տրվի ստորագրման, որի բովանդակությունն ավելացվի հետո: Այդ իսկ պտճառով մենք իրավունք չունենք նման շռայլություն մեզ թույլ տալու, որ ազգային պայքարը մարվի, մենք դրա իրավունքը չունենք: Միայն այդպես կկարողանանք աշխարհին ցույց տալ, որ անգամ եթե բան ստորագրվեց, հայ ազգը հետ չի կանգնելու իր շահերից ու պայքարելու է",- հավելեց Թևան Պողոսյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր` մայիսի 22-ին, Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Լիա Խոջոյան