Որևէ ինքնավարությունը Արցախի ժողովրդի համար ընդունելի չէ: Այս մասին Ստեփանակերտում ընթացող «Ապագա հայկականը» ֆորումի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով VERELQ-ի հարցին ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
"Սա ինքնանպատակ կամ քմահաճույք չե: Արցախի ժողովուրդը արդեն շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում ինքնավարություն Ադրբեջանի կազմում և գիտի վիճակագրական հստակ տվյալներով այն խտրկան քաղաքականությունը, որ Խորհրդային Միության տարիներին վարվում էր Ադրբեջանի ղեկավարության կողմից: Արդյունքում Ստեփանակերտում և ԼՂԻՄ տարածքում ադրբեջանցիների թիվն աճում էր, հայերի թիվը նվազում էր: Արդյունքում պարտադրանքի ձևով արցախցիների վզին փաթաթվում էր ադրբեջանական կենցաղ, մշակույթ և այլն: Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ որևէ ձևով Ադրբեջանի կազմում ներգրավված լինելն ու ընդգրկված լինելը մեզ համար ընդունելի չէ",- շեշտեց նա:
Գեղամ Ստեփանյանն ընդգծեց՝ ով, ինչպես ուզում է ընդունի ու մենկաբանի, բայց "մենք չենք լինելու Արցախի կազմում":
Ճշտող հարցին՝ եթե փաստաթուղթն այդուհանդերձ ստորագրվի, դառնա իրականություն, արձագանքեց.
"Չի ընդունվելու Արցախի ժողովրդի կողմից, ուղղակի չի ընդունվելու. եթե իրականությունից կտրված որոշում կայացվի մեզ ի՞նչ, պարտադրվելո՞ւ է այն":
Այն դիտարկմանը, որ Արցախի իշխանությունների հակադրումները կարծես տեղ չեն հասնում, Ստեփանյանը հիշեցրեց՝ Արցախի ԱԺ-ն, ԱԳՆ-ն, ինքը հստակ դիրքորոշում բարձրաձայնել են:
"Թե՛ Արցախի ժողովուրդը, թե՛ իշխանությունները միաբերան նույն բանն են ասում՝ կարմիր գիծ կա և դա այն է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Չի կարող մեր ճակատագիրը որոշվել առանց մեր կամքը հաշվի առնելու: Չի կարող Բրյուսելում կամ Վաշինգտոնում նստածը որոշի, թե Ստեփանակերտում կամ Մարտունիում ապրող մարդը ինչպես պետք է ապրի. սա աբսուրդ է",- հայտարարեց նա:
Գեղամ Ստեփանյանը նաև ասաց, որ տարբեր հանդիպումներում ինքն էլ այնպիսի տպավորություն է ստացել, որ կարծես թե իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ներդրման անվան տակ փորձում են "սղացնել" որևէ ձևով Արցախը Ադրբեջանի կազմում ներգրավելը: Մեր հստակ պատասխանը եղել է այն, որ այդ մոլորություններից հետ կանգնեք, դա հնարավոր չէ.
"Մենք տեսել ենք այդ խտրական քաղաքականությունը, դրանից հետո անցել է 30 տարվա ադրբեջանական հայատյաց քաղաքականություն: Որևէ ռացիոնալ մարդու մտքով կարող է անցնել, որ դրանից հետո Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմո՞ւմ, կամ արցախցին կարող է պաշտպանված իրավունքներ ունենալ դրա կազմո՞ւմ: 80 քաղաքացիական անձ դաժանաբար սպանվել է Ադրբեջանի կողմից, Բաքուն համակարգվախ կերպով իրականացնում է հայկական մշակույթի ոչնչացում ու վանդալիզմ, դրանից հետո ի՞նչ ինքնավարության մասին է խոսքը",- հայտարարեց նա:
Լրագրողի հարցին, որ այս ամենի ֆոնին նույն ՄԱԿ գլխավոր քարտուղարը, օրինակ, վերջերս հայտարարել է, որ Ադրբեջանն իրենց լավ գործընկերն է, ՄԻ պաշտպանն ասաց, որ այո, դա դառը իրականությունն է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը թաղված է քաղաքական և աշխարհաքաղաքական շահերի տակ:
"Եվ սա այն մտահոգությունն է, որ մեր կողմից բազմիցս նաև բարձրաձայնվում է տարբեր քննարկումների ժամանակ: Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առկա տոննաներով փաստաթղթերը դնելու են մի կողմ ու քննարկելու են քաղաքական շահերը, ապա անիմաստ է... բայց սա չի նշանակում, որ մենք չպետք է գնանք այդ ճանապարհով: Այսինքն մենք ունենք այդ քարտը, որը միշտ պետք է օգտագործենք՝ ինքնորոշման իրավունք, արցախի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունք, կյանքի իրավունք, մեր մշակութային արժեքները պահպանելու իրավունք: Եվ սա ընկալելի է միջազգային հանրության հանրային դաշտում, այսինքն եթե քաղաքական որոշումներ կայացնողները անընդհատ քաղաքական շահերին են հղում անում, ապա առնվազն հանրային շահերով առաջնորդվողների համար ընդունելի է իրավունքների պաշտպանության օրակարգը, և մենք հենց դա ենք թիրախավորում",- շեշտեց նա:
"Եթե, օրինակ, ռուս խաղաղապահները մինչև Արցախ գալը այլ կարծիքի էին, ապա Արցախում լինելով, արդեն այս 1,5 տարվա ընթացքում բազմաթիվ այլ հանգամանքների են ծանոթացել և տեսանելի է նաև նրանց վերաբերմունքը այս հարցերի վերաբերյալ: Եվ սա է պատճառը, որ մենք շատ հաճախ միջազգային տարբեր կազմակերպությունների ներկյացուցիչներին ասում ենք, որ եթե մեզ չեն հավատում, ապա կարող են գալ ու սեփական աչքերով տեսնել իրականությունը, որից հետո էլ ձևակերպեք ձեր օրակարգերը",- ավելացրեց նա:
Լրագրողի հարցին, որ Հայաստանում քաղաքական որոշումներ կայացնողները կարծես այնքան էլ չեն պնդում այն սկզբունքները, որոնք նշում է, հետևաբար ի՞նչ քայլեր պետք է արվեն, Գեղամ Ստեփանյանն ասաց, որ Հայաստանի դիրքորոշման մեջ, որն արտահայտված է վեց կետերում, նշված էր "Արցախի անվտանգ ապրելու իրավունքի ապահովում և Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցում": Հետևապես, ասաց Արցախի ՄԻՊ-ը, ՀՀ-ն պետք է հստակեցնի, թե ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակ ասելով և պետք է հստակեցվի գոնե այն մակարդակով, որ այդ վերջնական կարգավիճակը չի լինելու Ադրբեջանի կազմում: Մինչդեռ լրագրողը հիշեցրեց, որ իշխող ՔՊ-ական պատգամավորներից մեկը հայտարարել էր, որ չեն բացառում այդ հեռանկարը.
"Ինչ ուզում են թող հայտարարեն՝ մեզ համար այն ընդունելի չէ",- շեշտեց Ստեփանյանը:
Ի դեպ, նա ասաց, որ չգիտի, թե ինչ է նշանակում Արցախի հարցում նշաձողի իջեցում ասվածը, բայց գիտի, թե ինչ է նշանակում նշաձողի չիջեցում՝ այն, ինչ արդեն բազմիցս նշեց այս ճեպզրույցի ընթացքում:
Լիա Խոջոյան