«Ոչ ոք իրավունք չունի սովորեցնել». Թոխատյանը կոշտ արձագանքել է Փաշինյանին
Կոլաժը՝ Tert.am
Սիրված դերասան Հրանտ Թոխատյանը խիստ վրդովմունք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ցանկապատ» ներկայացման վերաբերյալ հնչեցրած դիտողությունների առնչությամբ։ «Լուրջ Cast»-ի եթերում արտիստն ընդգծել է, որ պաշտոնյայի կարգավիճակը որևէ մեկին իրավունք չի տալիս միջամտել ստեղծագործական ընթացքին կամ դերասանին թելադրել՝ ինչպես խաղալ և ինչ իմաստ դնել բեմադրության մեջ։
Թոխատյանի խոսքով՝ տեսնելով, թե ինչպես է երկրի ղեկավարը հանրության ներկայությամբ դիտողություններ անում ճանաչված արտիստներին՝ Մկոյին և Տիգրան Գյուլումյանին, ինքը զայրույթ և նեղսրտություն է ապրել։ Դերասանը շեշտել է, որ թեև յուրաքանչյուր ոք կարող է ունենալ սեփական կարծիքը, սակայն անթույլատրելի է պրոֆեսիոնալների հետ խոսել «սեփական երեխաների պես»՝ փորձելով դասեր տալ նրանց։
Որպես օրինակ՝ Թոխատյանը հիշել է դրվագ անցյալից, երբ նախկին նախագահներից մեկը ներկա էր եղել բավականին համարձակ ներկայացման։ Այդ ժամանակ պաշտոնյան նախընտրել էր առանձին հանդիպել դերասանական կազմի հետ և քննարկել իրեն անհանգստացնող դրվագը։ Ստանալով բացատրություն, որ բեմում ցուցադրվածը իրականության արտացոլումն է՝ նախկին նախագահը հարգել էր ստեղծագործողի ազատությունը և զերծ մնացել խորհուրդներ տալուց՝ գիտակցելով, որ դա իր լիազորությունների սահմաններից դուրս է։