25.11.2024
ԱՀ Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը
prev Նախորդ նորություն

Վարչապետն ընդգծել է հայ-իտալական բարեկամական հարաբերությունների կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին՝ Պատգամավորների պալատի անդամներ Ջուլիո Չենտեմերոյին, Անդրեա Կասուին և Ալվիսե Մանիերոյին, Սենատի անդամ Ալբերտո Աիրոլային:


Վարչապետն ընդգծել է հայ-իտալական բարեկամական հարաբերությունների կարևորությունը և ջերմությամբ հիշել իր՝ Իտալիա կատարած այցը, որի ընթացքում վերահաստատվեց Իտալիայի աջակցությունը ՀՀ ժողովրդավարությանը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել բարեկամական խմբերի գործունեությունը և միջխորհրդարանական գործակցությունը, որոնք լրացնում են երկու երկրների կառավարությունների ջանքերը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել 2019թ. ապրիլին Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար:


Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն նշել է, որ Իտալիայում ևս ջերմությամբ են հիշում վարչապետ Փաշինյանի այցը և դրա շրջանակում կայացած միջոցառումները: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը և ներկայացնելով պատվիրակության անդամներին՝ նա նշել է, որ դրանում ընդգրկված են թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր պատգամավորներ, ինչը ցույց է տալիս ողջ Իտալիայի ժողովրդի գնահատանքը հայ ժողովրդին: Ջուլիո Չենտեմերոն կիսվել է մեր երկրում ունեցած հանդիպումների արդյունքներով, խոսել տեխնոլոգիական ոլորտում ՀՀ հաջողությունների, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին և նշել, որ Իտալիայի համար հետաքրքրական է ՏՏ ոլորտի զարգացման հայկական մոդելը:


Վարչապետը նշել է, որ ՏՏ-ն Հայաստանում դինամիկ զարգացող բնագավառներից է, և ընդհանրապես կրթությունը մեր զարգացման ռազմավարական ուղղություններից է, ինչից ելնելով՝ կառավարությունը խորքային բարեփոխումներ է նախաձեռնել կրթության, գիտության ոլորտում: Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ռեֆորմի վերաբերյալ և առաջարկել փոխանակվել փորձով, տեղեկատվությամբ:


Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին: Մտքեր են փոխանակվել հետպատերազմական իրավիճակի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման շուրջ: Վարչապետը կարևորել է Իտալիայի խորհրդարանի կողմից 2022թ. մարտին հայ ռազմագերիների վերադարձի անհրաժեշտությունն ամրագրող բանաձևի ընդունումը և 2020թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Իտալիայի խորհրդարանականների կողմից արված հայտարարությունները:


Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած սկզբունքների հիման վրա, և Հայաստանը տարածաշրջանային խաղաղության օրակարգի կողմնակից է, ինչը, սակայն, չի կարող միակողմանի լինել: Հայաստանի վարչապետը կարևորել է եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Իտալիայի օժանդակությունն այս գործընթացին և սադրանքների դատապարտումը նրանց կողմից: Վարչապետը նաև անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացին:


Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ դժվարին մարտահրավերների հաղթահարման և ժողովրդավարության հզորացման գործում: Նրանք նշել են, որ հաստատակամորեն կշարունակեն իրենց գործունեությունը ոչ միայն Իտալիա-Հայաստան, այլ նաև Եվրամիություն-Հայաստան կապերի սերտացման ուղղությամբ և կլինեն բարեկամ հայ ժողովրդի կողքին: