25.11.2024
Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել. ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ Ալիևին
prev Նախորդ նորություն

ԱՀ Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը

Մայիսի 19-ին Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարվել է ԱՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը։


Նիստին ներկա էին 30 պատգամավոր։


Նախքան նիստի աշխատանքներին անցնելը՝ խորհրդարանի ղեկավարը հանդես է եկել զեկույցով, որով դիմել է ԱՀ կառավարությանը ուժը կորցրած ճանաչել ԱՀ կառավարության որոշումն առ այն, որ հուլիսի մեկից պետք է դադարեցվի բռնազավթված բնակավայրերի պետական հիմնարկներում աշխատած տեղահանվածների պարապուրդի վճարման գործընթացը։


Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է մայիսի 19-ի նիստի աշխատանքներին։


Օրակարգի առաջին հարցը «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2021թ․ գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումն էր։


ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հաղորդմամբ՝ 2021 թվականին Պաշտպանի գործունեությունն ընթացել է մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոք-դիմումների ուսումնասիրության և քննարկման, խոշտանգումների կանխարգելման, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, բռնի տեղահանված անձանց, հասարակության խոցելի խմբերին դասվող անձանց իրավունքների պաշտպանության, օրենսդրության կատարելագործման, Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ փաստահավաք աշխատանքի և արտահերթ զեկույցների պատրաստման, մարդու իրավունքների և ազատությունների հանրային իրազեկման ուղղությունններով:


Հաշվետու ժամանակահատվածում Պաշտպանի աշխատակազմն ստացել է 430 դիմում 510 անձանցից, որը 2020թ-ի համեմատ աճել է 20%-ով։


2021 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակել է 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով անհայտ կորած և գերեվարված անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրումը, ցուցակների պարբերաբար թարմացումները և դրանք՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական մարմիներին և միջազգային կազմակերպություններին տրամադրելու ուղղությամբ աշխատանքները։


Ընթացիկ տարում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված արտահերթ,միջանկյալ զեկույցները տարածվել են Միավորված ազգերի կազմակերպությունում որպես պաշտոնական փաստաթուղթ։


«ՄԻՊ գործունեության կարևորագույն ուղղություններից էր համագործակցությունը Սփյուռքի և միջազգային կառույցների հետ, այդ թվում` ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների, «Ճշմարտության և արդարության կենտրոնի», Ամերիկայի «Հայ իրավաբանների միության», Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության, Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի և մի շարք այլ կառույցների հետ:Համագործակցության առանցքում եղել և շարունակում է մնալ միջազգային հանրությանը Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ վարվող հայատյաց քաղաքականությունը և դրա հետևանքները ներկայացնելը»,- շեշտել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը։


Հաջորդիվ գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացության արժանացած ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սահմանապահ զորքերի մասին» օրենքների նախագծերի քննարկման հարցերն էին։ Խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել քննարկման ներկայացված օրենքների նախագծերին։


Նիստն ամփոփվել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանի հայտարարությամբ։