16.10.2025
Լուսանկարը` aravot.am
prev Նախորդ նորություն

Փոստատարի փոխարեն՝ էլեկտրոնային նամակ․ Կառավարությունը հաստատեց ծանուցումների նոր կարգը

Լուսանկարը`
Լուսանկարը` "Ռեգիոնալ նորություններ"

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 16-ի նիստում, հավանություն տվեց օրենսդրական փոփոխություններին, որոնցով պետական ծանուցումները կդառնան էլեկտրոնային։ Շուտով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիների ու բիզնեսի հետ հաղորդակցության հարցում թղթային տարբերակից գրեթե ամբողջությամբ կանցնեն թվային ձևաչափի՝ նպատակ ունենալով խնայել ռեսուրսներ և բարձրացնել արդյունավետությունը։


Նոր կարգավորման համաձայն՝ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ծանուցումները կստանան հարկային մարմնի հետ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի իրենց անձնական էջում։ Նրանք պատշաճ ծանուցված կհամարվեն փաստաթուղթը համակարգում տեղադրելուց երեք օր հետո։ Եթե այդ ընթացքում մուտք չի գործվում համակարգ, ծանուցումը կհրապարակվի azdarar.am կայքում, և հինգերորդ օրը անձը կհամարվի իրազեկված։


Ֆիզիկական անձանց համար գործընթացն այլ կերպ է կազմակերպվելու։ Ծանուցումները նախ կուղարկվեն նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստին, և անձը պատշաճ ծանուցված կհամարվի իր էլեկտրոնային փոստ մուտք գործելու պահից։ Եթե նա երեք օրվա ընթացքում չի բացում նամակը, ապա ծանուցումը պատվիրված նամակով կուղարկվի նրա հաշվառման հասցեով։ Եթե դրանից հետո ևս յոթ օրվա ընթացքում նամակը չի հանձնվում, ապա փաստաթուղթը կհրապարակվի azdarar.am կայքում, որից հետո անձը կհամարվի պատշաճ ծանուցված։


Միևնույն ժամանակ, քաղաքացիներին հնարավորություն է տրվում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով համաձայնություն տալ՝ բոլոր ծանուցումները ստանալու բացառապես էլեկտրոնային փոստով։ Այդ դեպքում նրանք պատշաճ ծանուցված կհամարվեն նամակն ուղարկելուց երեք օր անց՝ անկախ այն հանգամանքից՝ բացե՞լ են այն, թե՞ ոչ։

Լուսանկարը` լրագրող Նարինե Ղալեչյանի ֆեյսբուքյան էջից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան