16.10.2025
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
prev Նախորդ նորություն

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն կփակվի․ բուժօգնությունը կկազմակերպվի նոր կենտրոններում

Լուսանկարը` aravot.am
Լուսանկարը` aravot.am

Հայաստանի կառավարությունն հոկտեմբերի 16-ի նիստում որոշում է կայացրել դադարեցնել Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը։ Համակարգի օպտիմալացման շրջանակում դատապարտյալների և կալանավորված անձանց բուժումը կտեղափոխվի երկու այլ մասնագիտացված կառույց։


Ըստ ընդունված որոշման՝ «Դատապարտյալների հիվանդանոցում» պահվող անձանց բուժօգնության գործընթացը կկազմակերպվի «Արմավիր» ՔԿՀ-ի տարածքում ստեղծված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր տեղամասում։ Իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող դատապարտյալների բուժումը կիրականացվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում»։


Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխության նպատակն է ապահովել քրեակատարողական համակարգի առավել օպտիմալ և արդյունավետ գործունեությունը։ Ակնկալվում է, որ այն նաև կնպաստի ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ տնօրինմանը։


Հիմնարկում պահվող անձանց ամբողջական տեղափոխումից հետո «Դատապարտյալների հիվանդանոցին» ամրակցված զենք-զինամթերքն ու հատուկ միջոցները կհանձնվեն Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնին։ Հարկ է նշել, որ այս քայլը բխում է դեռևս 2023 թվականի հոկտեմբերին արդարադատության նախարարի հրամանով նախատեսված բարեփոխումների ռազմավարությունից, որով քննարկման էր դրվել նաև Երևան քաղաքում գործող մի շարք այլ քրեակատարողական հիմնարկների փակման հնարավորությունը։

Լուսանկարը`
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան