16.10.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերին
prev Նախորդ նորություն

Կառավարությունը նիստը սկսեց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկմանն ուղղված ուղերձով։

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից

Կառավարությունն այսօրվա նիստը սկսեց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկմանն ուղղված ուղերձով։ Կառավարության անդամները ներկայացել էին խորհրդանշական կրծքանշաններով, իսկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց կանանց համար սկրինինգային ընդլայնված պետական ծրագրերի մեկնարկի մասին։


Հոկտեմբերի 16-ի կառավարության նիստի սկզբում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հոկտեմբերն ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման ամիս է։ Այդ շրջանակում Երևանի մի շարք շենքեր լուսավորվում են խորհրդանշական գույներով, ինչպես նաև փակցվում են հիշեցնող պաստառներ՝ կանանց հորդորելով անցնել ամենամյա կանխարգելիչ հետազոտություն։ «Մեր կարգախոսն է՝ „Մեկ հետազոտությունը կարող է կյանք փրկել“», - ընդգծեց Ավանեսյանը։


Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի պետությունն ընդլայնել է սկրինինգային ծրագիրը, որի շրջանակում պետական պատվերով մամոգրաֆիկ հետազոտությունները հասանելի են դարձել սոցփաթեթի շահառուների, հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով այլ խմբերի անձանց համար։ Նրա խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, ունի տարածվածության և մահացության բարձր ցուցանիշ, սակայն վերջին տարիներին, շնորհիվ վաղ ախտորոշման, նկատվում է հայտնաբերման աճ և մահացության նվազում։


Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ նախարար Ավանեսյանը հաստատեց, որ կրծքագեղձի քաղցկեղի բուժումը ներառված է առողջապահության պետական ապահովագրության փաթեթում։

Լուսանկարը` aravot.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան