16.10.2025
Սուրբ Գևորգ եկեղեցու (Մուղնի) հոգևոր հովիվն էլ կալանավորվեց
prev Նախորդ նորություն

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերին

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 16-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների:


Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:


Նախաձեռնությամբ ուժեղացվում են համայնքներում երեխաների պաշտպանության իրականացման հիմքերը՝ վարձատրվող մասնագիտական գործառույթի եւ համակարգի ներդրման միջոցով, սահմանվում են համայնքում սոցիալական աշխատողների միջոցով իրականացվող հստակ լիազորություններ, որոնք ընդգրկում են երեխայի պաշտպանության դեպքերի բացահայտումը, գնահատումը, մշտադիտարկումը եւ կանխարգելումը:


Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Հեղինակի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել՝ առաջարկներ չլինելու պատճառով:


Մասնավորապես, նախագծով ավելանում են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները: Վերջինս իրականացնում է մարդու իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ հարցերով հետազոտություններ, որոնց արդյունքների հիման վրա եւս կարող է հանդես գալ արտահերթ զեկույցներով կամ հաղորդումներով:


Պաշտպանին տրվում է հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու լիազորություն, խթանելու մարդու իրավունքների միջազգային չափանիշներին ՀՀ օրենսդրության եւ դրա կիրարկման համապատասխանեցումը:


««Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:


Փաթեթի ընդունման արդյունքում ընտանիքում բռնություն գործադրած անձի համար կսահմանվի պարտավորություն՝ կրելու էլեկտրոնային հսկողության միջոց, ինչպես նաեւ կնախատեսվի պատասխանատվություն՝ էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելու կամ հրաժարվելու դեպքում:


Հանձնաժողովն ընդունել է «Մարդու իրավունքի պաշտպանության ոլորտում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին» որոշումը: Ըստ այդմ՝ հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչվող օրենքների կատարման ընթացքի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու, անհրաժեշտ տեղեկատվության ստացման եւ վերլուծության նպատակով 2025 թ. կիրականացվեն այցելություններ ՔԿՀ-եր, մանկատներ, խնամքի կենտրոններ եւ զորամասեր:

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան