16.10.2025
Լուսանկարը`
prev Նախորդ նորություն

Հայ բեռնափոխադրողները բողոքում են Ռուսաստան մուտքի նոր կանոնների դեմ

Լուսանկարը` լրագրող Նարինե Ղալեչյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը` լրագրող Նարինե Ղալեչյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները բողոքի ակցիա են անցկացրել Երևանում՝ կառավարության շենքի դիմաց։ Նրանք հայտարարում են, որ ռուսական իշխանությունները զանգվածաբար արտաքսում են իրենց գործընկերներին միգրացիոն օրենսդրության փոփոխությունների պատճառով, որոնք կրճատել են առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիների՝ երկրում գտնվելու թույլատրելի ժամկետը։


Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ամեն օր 10-15 հայ վարորդի են արտաքսում Վերին Լարսի անցակետից։ «Գիշերը մարդկանց արթնացնում են, բախում բեռնատարների դռները, տանում և հինգ տարով արտաքսում։ Որոշումներում նշվում է, որ նրանք գերազանցել են երկրում գտնվելու թույլատրելի 90-օրյա ժամկետը», - պատմում են վարորդները։


Նրանք նշում են, որ նման պայմաններում միջազգային ուղերթների իրականացումն անհնար է դառնում. յուրաքանչյուր բեռնափոխադրում միջինում տևում է 20-25 օր, իսկ Վերին Լարսի փակ լինելու դեպքում ժամկետները զգալիորեն երկարում են։ Արդյունքում՝ տարեկան 90-օրյա սահմանաչափը նույնիսկ երկու-երեք ուղերթի համար չի բավարարում։


Ցուցարարներին է մոտեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Փափոյանը։ Նա հավաստիացրել է, որ հարցը քննարկվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ «Մենք արդեն մեկ շաբաթ է՝ աշխատում ենք այս ուղղությամբ և կշարունակենք, մինչև լուծման հասնենք։ Հասկանում եմ, որ 90 օրը ոչ իրատեսական ժամկետ է. դուք կարող եք այդքան ժամանակ պարզապես կանգնած մնալ Լարսում», - ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ իրավիճակը կկարգավորվի։


2024 թվականից Ռուսաստանում ուժի մեջ են մտել փոփոխություններ, որոնք սահմանափակում են առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիների՝ երկրում գտնվելու ժամկետը։ Այժմ նրանք կարող են ՌԴ տարածքում գտնվել տարվա ընթացքում ոչ ավելի, քան 90 օրացուցային օր, եթե մուտք գործելիս միգրացիոն քարտում որպես այցի նպատակ չեն նշել «աշխատանք»-ը։ Նախկինում թույլատրելի ժամկետը կազմում էր 180 օր։ Նոր կանոնները տարածվում են բոլորի վրա՝ առանց բացառության, ներառյալ միջազգային ուղևորա և բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներին։ Սահմանված ժամկետը գերազանցելու համար նախատեսվում է վարչական արտաքսում և մինչև հինգ տարի ժամկետով մուտքի արգելք։

Լուսանկարը` սքրինշոտ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան