24.11.2024
Եթե Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արտակ Դավթյանի լիազորությունները փոքրացվում են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն այսուհետ կհամարվի որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման առաջարկությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նախատեսելով փոփոխություն կատարել «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում: Տեղեկացանք, որ, որոշման նախագծի համաձայն, նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել իրավասությունները, ավելացնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը՝ պաշտպանության եւ ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի, տնտեսության գործունեությունը, զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ եւ ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում: Նաեւ հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը: Հավելենք, որ նախագիծն ընդգրկված է կառավարւթյան նիստի այսօրվա օրակարգում: Իսկ սա արվում է այն բանի համար, որ Արտակ Դավթյանի լիազորությունները փոքրացվեն, վերջնարդյունքում մեղադրյալ Դավթյանը հեռացվի պաշտոնից: Ու մեծ հաշվով այս փոփոխությունն այն բանի համար է, որ Նիկոլ Փաշինյանը ունենա անձնական նախարար, որը ամբողջությամբ կտիրապետի թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական իրավիճակին՝ ենթարկվելով բացառապես իրեն, այսինքն՝ բանակը կունենա մեկ գլուխ, քանի որ կադրերն առանց այդ էլ շատ չեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 23-25-ը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կլինի Վիեննայում։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը նշանակված է Վիեննայում՝ փետրվարի 24-ին։ Սպասվելիք հանդիպման եւ օրակարգային հարցերի մասին «Քաղպայմանագրում» զրո ինֆորմացիայի են տիրապետում։ Խմբակցության մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումներից ո՛չ առաջ, ո՛չ հետո խմբակցությունում այդ հարցերը չեն քննարկում, չեն հետաքրքրվում, քանի որ այդ թեմայի վրա տաբու է դրված։ Ռուբեն Ռուբինյանը, ըստ մեր աղբյուրի, հաճախակի լինում է Նիկոլ Փաշինյանի մոտ՝ կառավարական առանձնատանը, եւ նրանից ցուցումներ ստանում։ Նշենք, որ Երեւանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել, եւ երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։ Հայ–թուրքական բանագնացների առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 14-ին, Մոսկվայում։ ՔՊ-ում, սակայն, որոշակի անհանգստություններ կան ռուս-ուկրաինական վերջին դեպքերով պայմանավորված։ Չեն բացառում, որ Թուրքիան այսուհետ ավելի ագրեսիվ քաղաքականություն կվարի»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկություններով, առաջիկայում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում ՀՀ ՊՆ-ում: Մասնավորապես, նոր կադրերով է համալրվելու ԳՇ-ն: Թե ինչի հետեւանք է վերը նշվածը, դեռ չեն կարողանում գլխի ընկնել անգամ զինվորականները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը կկասեցնի Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործը: Բանն այն է, որ 1,5 տարվա ընթացքում նախաքննական մարմինը չի կարողացել հիմնավորել, թե Ադրբեջանի կողմից ով է իմացել Ջալալ Հարությունյանի գտնվելու վայրը կամ վերոնշյալ մեքենայում լինելու հանգամանքը եւ նախապատրաստել նրա սպանություն: Ասել է թե՝ քրեական գործով այդպես էլ մեղադրյալ չի հայտնվել: Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերին մարտական դիրքում վիրավորվել էր եւ հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել Արցախի պաշտպանության նախարար- Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Այնուհետեւ Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 13-րդ կետերով, այն է՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու համար՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել։ Քրեական գործով հարցաքննվել էր Ջալալ Հարությունյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր կբոյկոտի խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում «Հայաստան» խմբակցության ներկայացրած Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարության ընդունումն էր։ ՔՊ-ականները նախ այն մերժեցին ԱԺ գլխադասային հանձնաժողովում, որտեղ ակտիվ դերը վերապահված էր Գուրգեն Արսենյանին։ Չնայած դրան, ընդդիմությունն իրավունք ունի այն ներկայացնել ԱԺ-ին՝ այս պարագայում արտահերթ նիստ հրավիրելով։ Սակայն Փաշինյանը հրահանգել է չներկայանալ նիստին, քվորում չապահովել, որպեսզի նիստը չկայանա։ Ի դեպ, կարող էին նիստին մասնակցել եւ մերժել քվեարկությամբ, սակայն քվորումի բացակայության դեպքում անգամ քննարկումներ չեն լինի, եւ հանրությունը չի լսի ընդդիմության փաստարկները, իսկ նորընծա բարեկամները՝ թուրքերն ու ադրբեջանցիներն էլ հերթական անգամ չեն զայրանա ՀՀ իշխանությունների վրա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ Դոնեցկի ու Լուգանսկի բնակիչները տոնում են Ռուսաստանի կողմից իրենց ինքնավար պետությունների անկախության ճանաչումը, Հայաստանում քննարկում են՝ այս հարցում որն է լինելու Հայաստանի դիրքորոշումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը փետրվարի 21-ին է ճանաչել՝ միաժամանակ Դոնբասի երկու պետությունների ղեկավարների հետ կնքելով բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության համաձայնագրեր: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Ժողովուրդ» օրաթերթին հարցին, թե կճանաչի արդյոք Հայաստանը Դոնբասի երկրների անկախությունը, արձագանքեց. «Հայաստանն արտաքին քաղաքականության առումով կաշկանդված չէ ու ցանկացած երկրի հետ հարաբերությունները կառուցում է երկուստեք հետաքրքրությունների շրջանակներում: Որեւէ այլ մեկնաբանություն չունեմ այս մասով»: Նույն հարցը նաեւ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանին ուղղեցինք: «Այս պահին չեմ արձագանքի»,- նշեց նա:


Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը երեկ եւս շրջանցեց հարցը, թե Հայաստանը արդյոք պատրաստվում է ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը. «Ես այդ մասին այժմ մեկնաբանություն չեմ տա, քանի որ պետք է սպասեմ մինչեւ դիրքորոշում ձեւավորվի։ Ես հնարավորություն չեմ ունեցել իմ մյուս գործընկերների հետ քննարկելու երեկոյան տեղի ունեցած քաղաքական եւ աշխարհաքաղաքական զարգացումները»։ Փաստորեն, խորհրդարանական թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորները խուսափում են հստակ դիրքորոշում հայտնել Դոնեցկում ու Լուգանսկում կատարվող իրադարձությունների մասով: Եվ մինչ Երեւանից չկա արձագանք, Արցախի նախագահն է շտապել ողջունել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը իշխանության ու ժողովրդի անունից։ Պետականության միջազգային ճանաչումը Արայիկ Հարությունյանը համարել է քաղաքակիրթ միջոց արյունահեղության կանխարգելման համար ու զուգահեռներ անցկացրել Արցախի հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ Եվրանեսթի հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամները՝ Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արթուր Ղազինյանը մերժել են իշխանությունների հրավերը՝ դրսից ժամանած պատվիրակների հետ երեկոյան ռեստորանում ընթրիքին մասնակցելու։ Քանի որ Հայաստան ժամանածների կազմում նաեւ ադրբեջանցի պատգամավորներ կան, ընդդիմադիրները չեն ցանկացել նրանց հետ սեղան նստել։ Պատվիրակությունը Հայաստանում է լինելու 2 օր։ Տեղեկացանք, որ առաջին օրվա ընթրիքը կայացել է «Պանդոկ Երեւան Գետափին» ռեստորանում։ Հաջորդ օրը պետք է տեղի ունենար «Յասաման» ռեստորանում, սակայն երեկ տեղեկացանք, որ ռեստորանի ղեկավարությունը հրաժարվել է հաց տալ մի պատվիրակության, որի կազմում նաեւ ադրբեջանցիներ կան։ Բանից պարզվում է, սակայն, որ միայն ընդդիմադիր հայ պատգամավորները չեն, որ մերժել են ՀՀ իշխանությունների կողմից ընթրիքի հրավերը։ Մեզ ասացին՝ ադրբեջանցի պատգամավորներն էլ են հրաժարվել առաջին օրվա ընթրիքի հրավերից։ Այլ երկրների պատվիրակները նույնպես հրաժարվել են՝ տարբեր պատճառներով։ Թե որտեղ են նրանք սնվել՝ հայտնի չէ․ հավանաբար՝ «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ էլ գիշերել են։ Ի դեպ, երեկ երեկոյան դեռեւս հայտնի չէր, թե որտեղ են ընթրելու պատվիրակության անդամները նիստից հետո։ Հնարավոր է՝ առհասարակ ընթրիք չլինի, եւ հյուրերն իրենք իրենց գլխի ճարը տեսնեն։ Արձանագրենք, որ հյուրասեր հայ ժողովրդի կողմից նման պահվածքն ընկալելի չէ՝ անկախ դրա դրդապատճառներից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկում են բարեփոխումների հանձնաժողովի անդամ իրավաբան-գիտնականների համար սահմանված ցենզի մեղմացման հարցը։ Եթե նախկինում միայն իրավաբանության դոցենտները կարող էին անդամության հայտ ներկայացնել, ապա նոր խորհուրդը դեմ չէ նաեւ մագիստրոսների մասնակցությանը։ Բացի այդ՝ թույլատրելու են նաեւ արտերկրում բնակվող մասնագետների առցանց մասնակցություն։ Որոշ տեղեկություններով՝ այս փոփոխությունն արվում է, քանի որ իրավաբան-գիտնականներից շատերը ցանկություն չունեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո հանձնաժողովի անդամները հրաժարվեցին մասնակցել նիստերին, եւ արդյունքում հանձնաժողովը լուծարվեց, այժմ նորն է ձեւավորվում։ Նախնական հաշվարկներով՝ մարտ-ապրիլին այն վերջնականապես կձեւավորվի։ Խորհրդի 2 անդրանիկ նիստերն արդեն կայացել են եւ ընթացել են «բեսեդկի» մակարդակի զրույցների ձեւաչափով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը գնել է 12 մարդատար ավտոմեքենա: Պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ «Մեգնա» ընկերության հետ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 69 մլն 600 հազար դրամ, այսինքն՝ վարչապետի աշխատակազմը մեկ ավտոմեքենան գնել է 5 մլն 800 հազար դրամով կամ 12 հազար դոլարով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը պետք է ավտոմեքենաները մատակարարի մինչեւ այս տարվա ապրիլի 30-ը: Ի դեպ, մարդատար, ամենագնաց ավտոմեքենաները՝ Lada Niva Legend, կոմպլեկտավորումը-Classic արտադրության տարեթիվը՝ 2022 թվական, առավելագույն վազքը՝ 500 կմ, ավտոմեքենան նոր է եւ չօգտագործված, իսկ գույնը` սպիտակ: Պայմանագրում նշված չէ, թե ինչ նպատակով եւ առաջնահերթությամբ են գնվել, ինչու հիմա, եւ որ ամենակարեւորն է՝ որ կառույցի համար են գնվել ավտոմեքենաները: