Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ ուղիղ կապի ապահովումն առաջնային խնդիր է, անկախ կողմերի հանդիպման ձեւաչափից: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնային է, այն պատերազմով չի կարելի փակված համարել եւ առանց կարգավորման անհնար է խոսել ամուր կայունության մասին: Այս մասին "Ամերիկայի Ձայն"-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով, կողմերն այժմ փոքր քայլերով փորձում են փոխվստահություն հաստատել. այս համատեքստում կարելի է դիտարկել վերջերս Ադրբեջանից Հայաստան ռազմագերիների վերադարձը, իսկ Հայաստանի կողմից` ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը:
"Ղարաբաղյան խնդրի առավել կարեւոր հարցը սակայն Ղարաբաղի կարգավիճակն է, եւ կարծում եմ ՄԽ համանախագահողները շարունակում են այս հարցի կարգավորման ուղղությամբ կարեւոր դեր խաղալ: Գիտեմ, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել բազմաթիվ հարցեր, սակայն, հավատացած եմ, որ համանախագահողները, ԵԱՀԿ-ն եւ Միացյալ Նահանգները պետք է ակտիվանան եւ առաջ մղեն այս համընդհանուր խնդրի կարգավորումը մեկընդմիշտ: Միայն այս դեպքում մենք տարածաշրջանում կայունության կհասնենք":
Ուորլիքի խոսքով, միջազգային հանրությունը պետք է հետ քայլ կատարի՝փորձելով կարգավորել Ղարաբաղի կարգավիճակի հարցը Մինսկի խմբի օգնությամբ, չպետք է կարծել, որ ղարաբաղյան հարցն այլեւս լուծված է պատերազմով:
Ամերիկացի նախկին դիվանագետի հետ համաձայն է նաեւ Ֆուլբրայթի կրթաթոշակով Հայաստանում աշխատող ԱՄՆ-ի վերլուծաբան, Հարվարդի շրջանավարտ Դենիել Շապիրոն: Նրա կարծիքով, 44-օրյա պատերազմից հետո Արեւմուտքը դուրս է մնացել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներից, որի վերջնական արտացոլումը դարձավ 3+2 ձեւաչափը, որը Հայաստանին միայնակ է թողնում իր շահերը չկիսող Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի հետ:
Տարածաշրջան վերադառնալու համար Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանն անհնրաժեշտ է առաջին հերթին ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում, գրել է Շապիրոն՝Բրյուսելում Ալիեւ-Փաշինյան հանդիպմանն արձագանքելով:
Ջեյսմ Ուորլիքն "Ամերիկայի Ձայնի" հետ զրույցում նույնպես ընդգծում է. ԱՄՆ-ը սերտ կապեր եւ բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի հետ՝ "մենք հետաքրքրված ենք Հայաստանի լավ ապագայով": Շահեր ունի Վաշինգտոնը նաեւ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմական գործողությունները կարող են ուղղակի հարվածել բոլորի շահերին:
"Ուստի, մեկ հարց, որին Միացյալ Նահանգները պետք է ամենայն լրջությամբ մոտենա` դա խաղաղ գործընթացի ստեղծումն է եւ առկա խնդիրների իրական կարգավորումը: Դա տեւական գործընթաց է լինելու եւ մենք դա գիտակցում ենք, սակայն, դա միակ ճանապարհն է: Այստեղ որեւէ մեկի համար արագ հաղթանակներ չեն լինելու":
Մեկնաբանելով Փաշինյան-Ալիեւ հանդիպումները, Ուորլիքն ընդգծում է՝ կարեւոր է, որ կողմերը դեմ առ դեմ հանդիպեն, իսկ թե ինչ ձեւաչափով՝ երկրորդական հարց է:
"Մենք գիտենք, թե ինչպես են ընթանում այդ հանդիպումները: Դրանք եզակի դեպքերում են միայն բեկումնային լինում: Սակայն, մեր հույսն այն է, որ առաջնորդների միջեւ ուղղակի երկխոսություն տեղի ունենա, որ նրանք ուղղակի միմյանց հետ անհամաձայնությունները քննարկեն, միմյանց հետ ուղիղ խոսեն: Մենք չենք ցանկանում մի իրավիճակ տեսնել, երբ միակ կապը զինված բախումներն են:"
Ամերիկացի նախկին համանախագահը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմից առաջ կապն առաջնորդների միջեւ բացարձակապես կտրվել էր:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի քայլերն՝ ուղղված երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորմանը:
"Մենք ողջունում եւ միանշանակ աջակցում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկման նպատակով հատուկ հանձնակատարներ նշանակելու մասին Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի եւ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները", - գրառում է կատարել ԱՄՆ-ի պետքարտուղարը Թվիթերի իր պաշտոնական էջում:
Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովհանու ներքո կայացած Ալիեւ-Փաշինյան հանդիպման հետ միաժամանակ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Անկարան ու Երեւանը հատուկ բանակցողներ կնշանակեն՝ երկու երկրների միջեւ խնդիրները քննարկելու եւ կարգավորելու նպատակով:
Այդ հայտարարությանը դրական էին արձագանքել Երեւանում: Ողջունելով Չավուշօղլուի հայտարարությունը՝ Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Վահան Հունանյանը նշել էր, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:
Իր հայտարարության մեջ Մեվլյութ Չավուշօղլուն նշել էր նաեւ, որ մոտ ապագայում բացվելու է Երեւան-Ստամբուլ ուղիղ ավիահաղորդակցությունը: