Հայաստանը որևէ ժամանակ չի քննարկել "միջանցքի" վերաբերյալ որևէ հարց. Արմեն Գրիգորյան
Հայաստանը որեւէ ժամանակ չի քննարկել "միջանցքի" վերաբերյալ որեւէ հարց: Այս մասին "Ամերիկայի Ձայն"-ին տրված հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
""Միջանցք"-ի հարցը Բրյուսելում որոշակի չափով եւս մեկ անգամ հաստատեց, որ այդպիսի թեմա չկա: Դա ֆեյք թեմա է, որը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա",- ասել է նա:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունները կարեւոր են համարում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի երկարաժամկետ լուծման ուղիների շուրջ քննարկումներ սկսելու հանգամանքը:
Հարցին՝ կարո՞ղ է գտնվել խնդրի լուծում, եթե Մինսկի խմբի նույն սկզբունքները մնան օրակարգում, որոնց մեջ են տարածքային ամբողջականության եւ ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքները, եւ որոնք 25 տարի իրար հակասեցին ու խանգարեցին, Գրիգորյանն ասել է. "Հնարավոր է գտնել լուծում, եթե կա քաղաքական կամք":
Ու՞մ կողմից:
"Այդ քաղաքական կամքը մենք ունենք, եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանում եւս այդպիսի կամք կլինի, որպեսզի գտնվի երկարատեւ լուծում: Պատերազմից հետո շատ էր խոսվում, որ խնդիրը լուծված է, բայց ինչպես նշեցի, արձանագրված է ե՛ւ մեր ե՛ւ միջազգային հանրության կողմից, որ խնդիրը լուծված չէ: Մենք պիտի աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ",- հավելել է նա: