Սիրիայի Հմեյմիմ ռազմաբազայի թռիչքի ժամանակ կործանվել է ռուսական օդուժի Սու-24 ռմբակոծիչ ինքնաթիռը, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Անձնակազմի անդամները չեն հասցրել կատապուլտ անել և զոհվել են: Նախնական տվյալներով, վթարի պատճառը տեխնիկական թերությունն է: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Սու-24 ռմբակոծիչը դուրս է եկել թռիչքուղուց: «Հոկտեմբերի 10-ին «Հմեյմիմ» ավիաբազայից մարտական խնդիր իրականացնելու համար թռիչք կատարելու ժամանակ թռիչքուղուց դուրս է եկել և կործանվել Սու-24 ինքնաթիռը»,- հայտարարել է վարչության աշխատակիցը: Նա նշել է, որ ինքնաթիռի անձնակազմը չի հասցրել ինքնանետվել և զոհվել է: