24.11.2024
SOCAR–ը Պակիստանի հետ քննարկում է հեղուկ գազի առաքման հարցը
prev Նախորդ նորություն

Sueddeutsche Zeitung. Էրդողանի վրեժը

Գերմանիայում բնակվող թուրք գիտնականներին եւ մտավորականության ներկայացուցիչներին զանգվածային մեղադրանքներ են սպառնում՝ կապված «ահաբեկչական կազմակերպության քարոզչության հետ»: Քիչ հավանական է, որ նրանց Գերմանիայից արտաքսեն, սակայն հիմա ճանապարհորդելիս նրանք ձերբակալվելու վտանգին են ենթակա: Sueddeutsche Zeitung-ի տեղեկություններով՝ դա կարող է վերաբերել թուրք մտավորականության մոտ 100 ներկայացուցիչների:

«Նրանք այն 1128 մարդկանց թվում են, ովքեր ստորագրել են Թուրքիայի ղեկավարությանն ուղղցած նամակը, որում դատապարտվում է Անկարայի քաղաքականությունը քրդերով բնակեցված շրջաններում: Նրանց թվում են՝ սոցիոլոգ Մուզաֆեր Քայան, Բեռլինի տեխնոլոգիական համալսարանի դասախոս, ինչպես նաեւ քարոզիչ Զեյնեփ Քիվիլչիմը, որը սեպտեմբերին դարձել է Բեռլինի գիտական կոլեգիայի անդամ եւ դասախոսում է Հումբոլդտի եւ Գյոթինգենի համալսարաններում»,- նշված է պարբերականում հրապարակված հոդվածում:

Բաց նամակը, որը հրապարակվել է 2016-ի սկզբին, «Թուրքիայի իշխանություններին ուղղված խաղաղ կոչ» է. «Նամակը ստորագրողները քրդերով բնակեցված շրջաններում հատուկ ծառայությունների դաժան գործողությունները «բնաջնջման եւ հետապնդումների քաղաքականություն» են անվանում»:

Թուրքիայի նախագահ Էրդողանը պետական հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս նրանց, ովքեր ստորագրել են բաց նամակը, մեղադրել է քուրդ «ահաբեկիչներին» համակրելու մեջ: Նրանցից շատերը, այդ թվում՝ Քիվիլչիմը, կորցրել են իրենց համալսարանական աշխատանքը:

«Հիմա նրանց մեղադրանքներ են ներկայացված: Ստորագրածներից առնվազն հինգը, որոնք Գերմանիա են հեռացել, օրերս համապատասխան թղթեր են ստացել: Թուրքիայի դատախազությունը փաստաբաններին ծանուցել է, որ մյուսները կստանան մոտ ժամանակներս»,- նշված է հոդվածում:

Մեղադրական տեքստում նշված է, որ «այսպես կոչված, խաղաղ կոչը» «ահաբեկչական Քրդական աշխատավորական կուսակցության գործունեության հրապարակային քարոզչության բնույթ ունի եւ իբրեւ «օրինականացնում է քուրդ ահաբեկիչներից բխող բռնությունը»: Թուրքիայի օրենքների համաձայն՝ ահաբեկչության քարոզումը պատժվում է մինչեւ 7,5 տարի ժամկետով ազատազրկմամբ:

«Ինչ վերաբերում է արտաքսման վտանգավորությանը, ապա նամակը ստորագրողները առանձնապես անհանգստանալու բան չունեն: Գերմանիայի գերագույն դաշնային դատարանները, որոնք պատասխանատու են նման որոշումներ ընդունելու համար, կասկածանքով են ընդունում Թուրքիայի ներկայացրած ահաբեկչության մեղադրանքները: Դրանց միջոցով Թուրքիայի իշխանությունները հաճախ հետապնդում են նրանց, ում կասկածում են Գյուլենի շարժմանն աջակցելու մեջ»: