Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին Անկարայում գտնվող նախագահական պալատում Անվտանգության խորհրդի նիստ է գումարել: Նա հանդիպում է ունեցել երկրի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com կայքը: Անվտանգության հարցով արտակարգ ժողովի ժամանակ գլխավորապես քննարկվել են թուրք-իրաքյան սահմանին ընթացող զորավարժություններն ու Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակը: Հայտնի է, որ հանդիպումը տևել է շուրջ 2.5 ժամ: Նշվում է, որ նիստում քննարկվել են նաեւ Սիրիայում իրավիճակի, ահաբեկչական "Իսլամական պետութայն" ու Գյուլենի ղեկավարած FETO շարժման դեմ պայքարի հետ կապված հարցեր: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբ իրենք սկսեն կիրառել նախատեսված պատժամիջոցներն Իրաքյան Քուրդիստանի դեմ՝ սովի կմատնեն ամբողջ ժողովրդին, և այդ դեպքում քրդերին չի օգնի անգամ Իսրայելը: «Նրանք անգամ ուտելու բան չեն գտնելու այդ ժամանակ: Տեսնենք՝ Իսրայելն ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով է նրանց ինչ-որ բան ուղարկելու», - ասել էր Էրդողանը: