Իսրայելը թույլ չի տա, որ Սիրիայում հայտնվեն Իրանի ռազմաբազաները. Նեթանյահու
Իսրայելը թույլ չի տա, որ Սիրիայում հայտնվեն Իրանի ռազմաբազաները։ Այդ մասին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Ընդգծվում է, որ Նեթանյահուի ու Շոյգուի միջև բանակցություններն անցկացվել են Երուսաղեմում, և որ դրանց ներկա է գտնվել նաև Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը։
Բանակցությունների ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում եղել է Սիրիայում իրանական ռազմական ներկայության հարցը։ Լիբերմանը Շոյգուին հայտնել է, որ Իսրայելը թույլ չի տա, որ Իրանը Սիրիայի տարածքով բարձր տեխնոլոգիական զենք ուղարկի Լիբանան։
Լիբերմանն ընդգծել է, որ իրենք վճռական են տրամադրված այդ հարցում, և թույլ չեն տա, որ Իրանը և Հզբոլլահը Սիրիան վերածեն Իսրայելի դեմ ամրակետի։ Լիբերմանը պարզաբանել է, որ իրենք չեն միջամտում Սիրիայի ներքին գործերին։