Ժնեւում Իլհամ Ալիեւի հետ բանակցությնուններից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Շվեյցարիայի հայերի հետ հանդիպման ժամանակ կատարած՝ «Ղարաբաղը պետք լինի Ադրբեջանից դուրս» հայտարարությունը մեծ ռեզոնանս է առաջացրել Ադրբեջանում:
Ադրբեջանի իշխանություններն արդեն երկրորդ օրն է, ինչ մեկնաբանում են այդ հայտարարությունը, որն իրականում ոչ մի նորություն իր մեջ չի պարունակում եւ միշտ եղել է հայկական կողմի դիրքորշման ծիրում: Սկզբից այն մեկնաբանեց Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը, այնուհետեւ անդրադարձավ նաեւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Հիմարն ինքդ ես» ոճի մեջ նրանց պատասխանել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրդ Շարմազանովը:
Հիշեցնենք, Սերժ Սրգսյանը մասնավորապես ասել էր․ «Մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»:
Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով այս հայտարարությանը, ասել է, որ այն «ճիշտ չէ բանակցություններից հետո»:
«Ընդունված հայտարարությունը համատեղ հայտարարություն է: Ամբողջ տեքստը թելադրվել է նախագահների կողմից: Այդ հայտարարությունների շրջանակից Հայաստանի նախագահի անպատասխանատու դուրս գալը ճիշտ չէ», - այսօր ասել է Մամեդյարովը:
Շարմազանովը Yerkir.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե ՀՀ նախագահի հայտարարությունը Ալիևի հետ հանդիպումից հետո «սխալ» էր, և որ նա անպատասխանատու կերպով դուրս է եկել համատեղ հայտարարության շրջանակից:
«Անպատասխանատու եւ անհեթեթ հայտարարություններով հայտնի է Մամեդյարովի երկրի նախագահը եւ ինքը՝ Մամեդյարովը: Այնպես որ` կարիք չկա ևս մեկ անգամ ի ցույց դնել սեփական նախնադարյան մտածողությունը, եթե, իհարկե, այն առկա է»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններին արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու եւ հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով: