Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակում իր պարտավորություններն ամբողջությամբ կատարում է
Իրանը միջազգային միջուկային համաձայնագրի շրջանակում իր պարտավորություններն ամբողջությամբ կատարում է: Այս մասին Թեհրանում ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ մամուլի ասուլիսում, փոխանցում է Mehr-ը:
Ամանոն նշել է, որ 2016 թվականի հունվարից ԱԷՄԳ-ը մոնիթորինգ է իրականացնում եւ համաձայնագրի շրջանակում Իրանի ստանձնած պարտավորությունների ստուգում: Նրա խոսքով՝ ԱԷՄԳ-ում կարծում են, որ համաձայնագիրը ստուգումների համար զգալի առավելություն է ապահովում: Նա ընդգծել է, որ ԱԷՄԳ-ը կարող է հայտարարել, որ Իրանն ամբողջությամբ կատարում է ստանձնած պարտավորությունները:
«Փոխնախագահ Սալեհիի հետ այսօրվա հանդիպմանը ես ընդգծեցի բոլոր կողմերի պարտավորությունների ամբողջական կատարման կարեւորությունը»,- հավելել է նա:
Ամանոն հրաժարվել է մեկնաբանել համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ նախագահի սպառնալիքները:
Իր կողմից Սալեհին նշել է, որ Վաշինգթոնի սպառնալիքների ֆոնին Ամանոյի այցն առանձնահատուկ նշանակություն ունի:
«ԱԷՄԳ-ը մեծ ճնշման ներքո է գտնվում ԱՄՆ նախագահի վերջին մեկնաբանոթյունների պատճառով»,- ասել է Սալեհին՝ շարունակելով. «Մենք ԱԷՄԳ-ին կոչ ենք արել մոնիթորինգը շարունակել Գործակալության կանոնադրության համաձայն՝ անկողմնակալ եւ անկախ»: