12.09.2025
Միջանցքն այլևս իրականություն է. Վահե Դավթյան
06.10.2021
Միջանցքն այլևս իրականություն է. Վահե Դավթյան

Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան չվերթներ իրականացնելու համար: Այդ մասին արդեն պաշտոնապես հայտարարել են ադրբեջանական ավիաուղիները: Ընդ որում, հետաքրքիր է ձևակերպումը. ոչ թե Հայաստանն է տրամադրել օդային տարածքը, այլ Ադրբեջանն է օգտագործում այն: Այդ մասին տելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Վահե Դավթյանը: «Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Իրանը փակում է սեփական օդային տարածքը ադրբեջանական ռազմական ավիացիայի համար՝ Նախիջևանում տեղակայված զորամասերի ռազմական մատակարարմանը խոչընդոտելու նպատակով: Այսպիսով, ստեղծված իրավիճակը հերթական անգամ վկայում է այն մասին, որ 1.Հայաստանում գործող իշխանական խմբակը իրանա-ադրբեջանական լարվածության պայմաններում ձգտում է սպասարկել սուլթանատի շահերը: Ադրբեջանի համար օդային տարածք բացելը ոչ այլ ինչ է, քան սաբոտաժ Իրանի, ինչպես նաև սեփական տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ: 2. Օդային լոգիստիկայով փորձարկվում է ՛՛Մեղրիի միջանցքը՛՛: Բաքվի ու Նախիջևանի միջև տրանսպորտային կապի հաստատման սցենարը լիովին տեղավորվում է Արևելք-Արևմուտք ռազմավարության մեջ, որն իրենից մուլտիմոդալ լոգիստիկա է ներկայացնում՝ թե ցամաքային, թե ջրային, թե օդային բաղադրիչներով», - ասված է նրա գրառման մեջ: Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը՝ «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան չվերթներ իրականացնելու համար, հաղորդում է ադրբեջանական ավիաընկերության հայտարարությունը: Հոկտմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Իրանի իշխանությունները փակել են դեպի Նախիջևան օդային միջանցքը Ադրբեջանի ռազմատրանսպորտային ավիացիայի համար: Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով պաշտպանական աղբյուրները, հայտնել են, որ արգելքը չի ազդի այդ էքսկլավում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումների մատակարարման վրա: Ավելի ուշ սոցիալական ցանցերում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Թեհրանը փակել է իր օդային տարածքը նաև Բաքու-Նախիջևան ուղևորատար չվերթների համար: Ադրբեջանն ու Հայաստանը պաշտոնապես չեն փակել օդային տարածքն իրենց տարածքով երկու երկրների ավիաընկերությունների համար։ Այնուամենայնիվ, 90-ականների սկզբից Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով ադրբեջանական ավիափոխադրողները Հայաստանի օդային միջանցքներից չեն օգտվել, իսկ հայկական ավիափոխադրողները՝ Ադրբեջանի: