19.04.2025
Հնդկաստան-Պակիստան proxy war-ը տեղափոխվում է Հարավային Կովկաս
02.03.2020
Հնդկաստան-Պակիստան proxy war-ը տեղափոխվում է Հարավային Կովկաս

Հնդկաստանը Հայաստանին ռադիոտեղորոշիչ չորս Swathi համակարգ մատակարարելու 40 մլն դոլարի գործարք է կնքել, հաղորդում է հնդկական Timesnow.com կայքը։ Ըստ աղբյուրի՝ ռադարների գործարքի համար պայքարում էին նաև Ռուսաստանն ու Լեհաստանը։ Ռադիոտեղորոշիչ համակարգը մշակել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների պետական կազմակերպությունը (Defence Research and Development Organisation), իսկ արտադրողը Bharat Electronics Limited-ն է: Կայքը, վկայակոչելով իր աղբյուրը Հնդկաստանի կառավարությունում, նշում է, որ Հնդկաստանն արդեն սկսել է ռադիոտեղորոշիչ համակարգի մատակարարումը Հայաստանին, ինչը լուրջ խթան է պաշտպանական ոլորտում Made in India կառավարական ծրագրի համար։ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից չեն մեկնաբանում այս հրապարակումը: ՊՆ-ն ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է այն: Հարավային Կովկասում ստեղծված գեոպոլիտիկ իրավիճակը թելադրում է ՀՀ-Հնդկաստան ռազմա-քաղաքական ու տնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը: Թուրք-ադրբեջանական տանդեմը խորացնում է ռազմական, տնտեսական, էներգետիկ, գեոպոլիտիկ կապերը Հնդկաստանի թիվ մեկ հակառակորդ Պակիստանի հետ ու Ադրբեջան-Պակիստան տանդեմին Երևանը պատասխանում է ստեղծելով Հայաստան-Հնդկաստան տանդեմը: Այսպիսով, Հարավային Կովկասը վերածվում է Հնդկաստան-Պակիստան երկու միջուկային տերությունների ու քաղաքական հակառակորդների proxy war-ի տարածքի, որտեղ Իսլամաբադը, որը չի ճանաչել և դիվանագիտական կապեր չունի ՀՀ-ի հետ, հենվելու է Ադրբեջանի վրա, իսկ Հնդկաստանը, որն ունի դարավոր բարեկամական կապեր հայերի հետ, հենվելու է ՀՀ-ի վրա: Պակիստանը զենքեր է վաճառում Ադրբեջանին, աջակցում է ադրբեջանական ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացմանը, ինչպես նաև ունեն ծրագրեր ու շահեր էներգետիկ և այլ ոլորտներում: Իսլամաբադին կարող է հետաքրքրել նաև Ադրբեջանի տարանցիկ տարածքը՝Lapis Lazuli Corridor ծրագրի շրջանակներում: Այդ նախագիծը պետք է միավորի Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան՝էներգետիկ-տրանսպորտային միջանցքի միջոցով: Իր հերթին, ՀՀ-ն՝ հայ-հնդկական տնտեսական կապերին զուգահեռ սկսում է զարգացնել Հնդկաստանի հետ նաև ռազմական կապերը: Երևանը՝ Նյու-Դելիի հետ կապերը փորձում է բարձրացնել ռազմավարական մակարդակի: Հնդկաստանի մեկ միլիարդանոց շուկան, տուրիստական ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժը կարող են իրենց դիվիդենտները բերել ՀՀ-ի տնտեսության համար, ինչպես նաև գեոպոլիտիկ առումով ՀՀ-ն՝ՌԴ-ից բացի, կունենա ևս մեկ դաշնակից, ով ունի միջուկային տերության կարգավիճակ ու բավականին ազդեցիկ է աշխարհում և Ասիայում: Վարդան Վարդանյան