24.11.2024
Ադրբեջանին ղազագիրը փոխանցվել է երեկ՝ Արարատ Միրզոյանի կողմից Թուրքիայի միջոցով. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Ինչու են ՔՊ-ականները ակնհայտ լավ վերաբերվում Արմեն Գևորգյանին. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այն, որ Հայաստանում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների հարաբերությունները խիստ բեւեռացված են, գաղտնիք չէ: Այն նույնիսկ նկատվեց ԱԺ դահլիճում միմյանց վրա նետված շշերի եւ հրահրված ծեծկռտուքի ժամանակ: Թշնամանքը ակնհայտ է. անգամ ԱԺ միջանցքներով քայլելիս միմյանց չեն բարեւում: Հազվադեպ կտեսնես, որ ՔՊ-ականները, օրինակ, քայլեն այն հատվածներով, որտեղ ընդիմադիրների աշխատասենյակներն են, կամ էլ՝ հակառակը: Իշխանությունը տարբեր երեւակայելի ու աներեւակայելի միջոցներ է հորինում, որպեսզի չեզոքացնի ընդդիմադիրներին, որոնք դաժան քննադատում են ՔՊ-ին: Իսկ, ահա, երբ Նիկոլ Փաշինյանն է գալիս խորհրդարան՝ ԱԺ-ի հետ հարցուպատասխանի, խորհրդարանը վերածվում է հատուկ պահպանվող տարածքի, որտեղ ամենուր զինված համազգեստավորներ են: Հետաքրքիր է, որ այս ֆոնին ՔՊ-ականները ընդգծված լավ վերաբերմունք ունեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականներից ոմանք հաճախ են որեւէ իրադարձություն քննարկում Գեւորգյանի հետ, նրա կարծիքը հարցնում: Անգամ ընդդիմադիրների համար է առեղծված ՔՊ-ականների այս հատուկ վերաբերմունքը Արմեն Գեւորգյանի նկատմամբ: Իշխանականների այս բարյացակամ վերաբերմունքը թերեւս կարելի է բացատրել նրանով, որ Արմեն Գեւորգյանը հիմականում չի խառնվում իշխանություն-ընդդիմադիր գզվռտոցին, զուսպ է իր ելույթներում, ԱԺ-ում ելույթ է ունենում հազվադեպ, այն էլ՝ խոսում բացառապես բուն թեմայից ու չի քննադատում իշխանություններին:


«Հրապարակ» թերթը գրում է. Թուրքիայի նկատմամբ իշխանությունների ռեւերանսները ՔՊ-ում միանշանակ չեն ընդունել, ոմանք խիստ ոգեւորված են ԱԳ նախարարի վարած «ճկուն» դիվանագիտությամբ, թուրքերի հետ լեզու գտնելու հմտությամբ՝ համարելով, որ պետք է նախեւառաջ հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, որ տարածաշրջանում հաստատվի տեւական խաղաղություն։ Կարծում են, որ ՀՀ իշխանությունները Թուրքիային մտցրել են խաղի մեջ, որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու միջնորդ կարգեն, եւ խաղաղության պայմանագրի փաստաթուղթը Միրզոյանը թուրքերի միջոցով է փոխանցել Ադրբեջանին՝ ըստ էության ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի մանդատ շնորհելով Թուրքիային։ Մյուս մասը կարծում է, որ անտեղի է այս չհիմնավորված թրքասիրությունը, քանի որ Թուրքիան երբեք չի հրաժարվի իր ծավալապաշտական նկրտումներից։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին Արցախում ստեղծված լարվածության ֆոնին քաղաքական ուժերի ու տարբեր դերակատարների միջև տեղի են ունենում «փոխհրաձգություններ», հնչում են մեղադրանքներ: Թիրախում է նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Պարզվում է՝ խնդիրը ոչ միայն քաղաքական երանգներ ունի, այլև ուղղակիորեն կապված է գլխավոր դատախազի՝ Արցախի ներդրումային հիմնադրամի ու գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի՝ վերջին տասը տարում ծավալած գործունեությունն ուսումնասիրելու նախաձեռնության հետ: Դատախազությունն արդեն համապատասխան հարցումները հասցեագրել է հիշյալ հիմնադրամներին՝ պահանջելով տրամադրել տեղեկություններ հիմնադրամների կողմից ֆինանսավորված անձանց, միջոցների չափի ու նպատակների վերաբերյալ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների ղեկավարների հետ անց է կացվել խորհրդակցություն, որի ընթացքում ձեռք է բերվել օպերատիվ տվյալները մեկտեղելու և համագործակցված աշխատելու պայմանավորվածություն: Այս ամենին բնականաբար դեմ են ոչ միայն գործող և նախկին իշխանությունները, քանզի կարող են բացահայտվել նրանց հետ փոխկապակցված մի շարք անձանց տվյալներ, այլև այդ հիմնադրամների գործունեությունից օգտված անձինք: Տարբեր շրջանակներում գլխավոր դատախազն ուղիղ հայտարարել էր, որ թույլ չի տալու որևէ մեկին թաքնվել այս կամ այն պաշտոնյայի թիկունքում և հիմնադրամներից ստացված գումարները օրենքի սահմաններում պետք է վերադարձվեն՝ առանց բացառության, ընդ որում գործընթացը պետք է սկսվի ամենամեծ աջակցությունը ստացած անձանցից: Այս ամենը բնականաբար ընդունվում է շատ մեծ ընդվզումով, ուստի գլխավոր դատախազի դեմ հարձակումները դեռ շարունակվելու են և առավել մեծ թափ են ստանալու, երբ գործընթացները սկսեն առավել առարկայանալ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Ազատ գյուղի կացարանի հրդեհի ողբերգական դեպքով հարուցված գործի շրջանակներում սպա Եղիշե Հակոբյանի տված ցուցմունքից: Մասնավորապես, սպան պատմել է, թե ինչպես է բռնկվել հրդեհը, որը այնքան էլ չի համապատասխանում Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ կառավարության նիստում նկարագրված մանրամասներին: Տեղեկացանք, որ սպան, որը երկար ժամանակ հրաժարվում էր ցուցմունք տալ, իրավապահներին հայտնել է, որ, այո, բենզինն ինքն է լցրել վառարանի մեջ, բայց անմիջապես կրակ չի բռնկվել, ինքը փոքր ուշ մոտեցել է վառարանին, որ տեսնի, թե ինչու կրակ չկա, ու այդ պահին վառարանից բոց է դուրս եկել: Կրակի պահից սպան բենզինի տարան դուրս է նետել, որի հետեւանքով բենզինի մի մասը լցվել է դռան վրա ու դուռը բռնկվել է: Ըստ սպայի խոսքերի՝ մինչեւ տղաների ննջասենյակին կրակը հասնելը մոտ 20 րոպե ժամանակ է եղել, ու այդ ընթացքում ինքը գոռացել, աղաղակել է, որ հրդեհ է: Սպան ցուցմունքում նշել է, որ իր հետ է եղել զինվորներից եւս մեկը՝ Լեւոն անունով, եւ իրենք միասին են գոռացել, աղաղակել, սակայն ընդամենը երկու զինվոր է դուրս եկել հրդեհվող տնից… Սպան հայտնել է, որ իր համար մինչեւ հիմա ահասկանալի է, թե ինչու մյուս զինվորները դուրս չեն եկել, չեն փախել կացարանից: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ քննիչը հարց է տվել սպային, թե նա տղաների հետ արդյոք կոնֆլիկտ ունեցել է. սպան պատասխանել է, որ զինվորներից որեւէ մեկի հետ խնդիր չի ունեցել: Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը եղել է հունվարի 19-ին: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ թմրաբանական փորձաքննության էր ենթարկվել Ազատ գյուղում 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպա Եղիշե Հակոբյանը. փորձաքննության եզրակացության պատասխանը նախաքննական մարմինը ստացել է, որտեղ նշված է եղել, որ սպայի մոտ թմրանյութի հետքեր չկան:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի պաշտոնավարման օրերը հաշված են: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում մի քննարկում է եղել, որտեղ բարձրացվել է հարց, թե ինչու է դատախազությունը պարտվում դատարաններում: Պարզաբանում է հնչել, որ շատ քրեական գործերով, որով դատախազությունը պարտվում է դատարաններում, հիմնական պատճառը փորձաքննությունների արդյունքներն են: Այսինքն՝ տրված փորձագիտական եզրակացություններն են պարտության պատճառը, ու հիմնական խնդիրը եղել է հենց Արգամ Հովսեփյանի ղեկավարած ՊՈԱԿ-ը: Եվ միակ բանը, որ այս պահին հետ է պահում Հովսեփյանին ազատելու մտքից, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կրկին կադրային խնդիրներն են, քանի որ համապատասխան կադր դեռ չեն կարողանում գտնել: Հիշեցնենք նաեւ, որ հենց այս նույն ՊՈԱԿ-ն է եզրակացություն տվել Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի հարցով: Եւ այժմ քրեական գործով մեղադրանք է առաջադրված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, որն այդ ժամանակ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենն էր: Արդար կլիներ, որ քրեական հետապնդում իրականացվեր ոչ միայն Չարչյանի, այլ այդ եզրակացությունը տված մյուս դերակատարների, այդ թվում՝ Արգամ Հովսեփյանի նկատմամբ, սակայն դատախազ Աննա Վարդապետյանին հետաքրքրում է միայն Չարչյանին մեղադրելը:


«Հրապարակ» թերթը գրում է. Կառավարության «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականի ընթացքում 5535 լիտր ռեգուլյար տեսակի բենզին է գնել, թեեւ այս ՊՈԱԿ-ն ընդամենը մեկ ծառայողական մեքենա ունի: Եթե ձեռք բերված բենզինի քանակը բաժանենք տարվա աշխատանքային 250 օրերի վրա՝ շաբաթ-կիրակին հանած, ապա կստացվի, որ օրական մոտ 22 լիտր բենզին է ծախսել ՊՈԱԿ-ի մեքենան։ Թե ուր են այդքան գնացել, եւ ինչ տրանսպորտային տեղափոխումներ է իրականացնում ֆեյքերի ՊՈԱԿ-ը, պարզ չէ։ Նշենք, որ այս ՊՈԱԿ-ի գործառույթները հիմնականում կապված են ԶԼՄ-ների հրապարակումների մոնիթորինգի, կառավարության գործունեության լուսաբանման հետ, եւ անհասկանալի է, թե ինչպես կարող էր 1 մեքենան այդ ծավալի բենզին ծախսել։


«Հրապարակ» թերթը գրում է. Կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել դետեկտիվ ժանրի օրենսդրական փոփոխություն, որով առաջարկում է ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանելու նպատակով լրացում կատարել համապատասխան օրենքում՝ իրականացնելով էլեկտրոնային հսկողություն` «ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ միջոցներով հսկողություն անձի գտնվելու վայրի, տեղաշարժի եւ վարքագծի նկատմամբ»: Հսկողություն իրականացնող մարմինն էլ կլինի ներքին գործերի նախարարությունը։ Նախագծում նշվում է, որ ուսումնասիրել են միջազգային փորձը եւ պարզել, որ մի շարք երկրներում գործում է էլեկտրոնային (GPS տեղորոշման համակարգով) հսկողության միջոցների (բրասլետների, ձեռնաշղթաների) կիրառման պրակտիկա: «Բռնություն գործադրած անձի նկատմամբ նման համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս օպերատիվորեն հսկել վերջինիս տեղաշարժը` կիրառված որոշման պատշաճ կատարումն ապահովելու եւ բռնության հետագա հնարավոր դեպքերից խուսափելու նպատակով»: Որոշ երկրներում այս սարքի միջոցով ոստիկանությունը կարող է ուղիղ խոսել իրավախախտի հետ` տեղադրված բարձրախոսով: Եթե բռնարարը դուրս է գալիս օրենքով սահմանված տարածքից եւ փորձում է հասնել զոհի տարածք, ապա սարքավորումն ազդանշան է տալիս ե՛ւ զոհին, ե՛ւ ոստիկանությանը: Համակարգը կազմված կլինի 2 սարքավորումից` հատուկ հսկողության ձեռնաշղթաներ (բրասլետներ)՝ մեղադրյալի համար, եւ ծանուցող սարք՝ այն անձի համար, ումից մեղադրյալին հրահանգվել է հեռու մնալ: «Նշված ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու ընտանեկան բռնության զոհերի անվտանգությունը եւ հեռու պահել բռնարարին զոհից»,- գրված է տեքստում:


«Հրապարակ» թերթը գրում է. Կառավարությունում տարրական գրագիտության խնդիր կա։ Կառավարությունն ԱԺ է ներկայացրել «Ընտանեկան բռնության մասին» օրենքում լրացումների նախագիծ, որի վերաբերյալ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը եզրակացություն է տվել, որն ուղղակի ապտակ է կառավարությանը։ Լիքը թերություններ են նկատել եւ առաջարկել շտկել։ Գրել են․ ««2-ին» ձեւակերպումը փոխարինել «2-րդ» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով»։ Կառավարության երեկվա նիստի օրակարգում ևս ընդգրկված 2 նախագծերը նախկին սխալների, վրիպակների շտկման մասին էին։ Անցած սեպտեմբերին կառավարությունը հավանություն էր տվել այդ նախագծերին, իսկ երբ հասել է կատարելու ժամանակը, պարզվել է, որ դրանցում էական վրիպակներ կան։ Այսպիսով՝ կառավարության 2022 թ․ սեպտեմբերի 1-ի որոշման մեջ «Դաստակերտ» բառի փոխարեն «Դարակերտ» բառն է տեղ գտել։ Այսինքն՝ եթե ուղղում չարվեր, կառավարության հաստատած ծրագիրը ստիպված կլինեին իրականացնել ոչ այն համայնքում, որի համար ընդունել էին։ Մյուս բացթողումը Հակոբ Սիմիդյանի ղեկավարած շրջակա միջավայրի նախարարությանը վերաբերող որոշման մեջ էր։ 2023 թ․ պետբյուջեով հաստատված Անտառային կոմիտեի կողմից իրականացվող 1173 «Անտառների կառավարում» ծրագրի «Անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքներ» միջոցառման գնման անվանացանկը «տեխնիկական պատճառներով» չի ներառվել 2022 թ․ դեկտեմբերի 29-ի «ՀՀ 2023 թ․ պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման N10 հավելվածում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022-ի տարեվերջին կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ճանապարհների՝ խոստացված տարեկան 500 կմ վերանորոգմանը, նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք կատարվել կամ կատարվում է տրված խոստումը, ինչին ի պատասխան` տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հայտարարեց, որ ոչ միայն կատարել են խոստումը, այլ նաեւ գերակատարել են 20 կմ-ով: «Փաստերի ստուգման հարթակ»-ն ուսումնասիրեց վերջին 3 տարիներին երկրում իրականացված ասֆալտապատման աշխատանքները եւ պարզեց, որ թեեւ նախորդ տարիներին Հայաստանում իրականացված ասֆալտապատման աշխատանքները, նախորդ տարիների համեմատ, ռեկորդային են, սակայն չեն իրականացվել այն ծավալով, որով խոստանում են ներկայիս իշխանությունները։ Սկսած 2020 թվականից՝ իշխանությունները յուրաքանչյուր տարի խոստացել են կառուցել 500 կմ ճանապարհ։ Այս թվի մեջ չեն մտնում Հյուսիս-հարավ ճանապարհի եւ համայնքային սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատված ճանապարհները։ 2020 թվականին, ի հակառակ կառավարության խոստման, Հայաստանում ասֆալտապատվել է մոտ 388 կմ ավտոճանապարհ։ Հաջորդ՝ 2021 թվականին եւս կառավարությունը խոստացավ կառուցել 500 կմ ճանապարհ։ Ավելին՝ տարեվերջին կառավարության նիստերից մեկում վարչապետին զեկուցվեց, որ տարվա համար նախատեսված 500 կմ ճանապարհի միջին նորոգման ու հիմնանորոգման խոստումը կատարվելու է, սակայն 2021-ի համար եւս խոստացված եւ զեկուցված 500 կմ ճանապարհը չի վերանորոգվել։ 2021-ին Հայաստանում վերանորոգվել է մոտ 386 կմ ավտոճանապարհ։ 2022-ին եւս կառավարությունը սահմանեց 500 կմ ճանապարհների վերանորոգման/կառուցման նշաձող։ Իրականում նախորդ տարի եւս կառավարությունը չի կատարել տված խոստումը: Ընդհանուր առմամբ, 2022-ին Հայաստանում նորոգվել է 486 կմ ավտոճանապարհ։ Այսպիսով, փաստենք, որ վերջին 3 տարիներին կառավարության կողմից խոստացված տարեկան 500 կմ ճանապարհների կառուցման եւ վերանորոգման խոստումները ոչ մի անգամ իրականություն չեն դարձել, իսկ նախորդ տարիներին հիմնանորոգված ճանապարհների մի մասը 2022-ին կրկին ներկայացվել են որպես հիմնանորոգված։ Եվ եթե կրկնակի հիմնանորոգումները չհաշվենք, ապա կստացվի, որ 2022-ին վերանորոգվել է ոչ թե 486, այլ 381 կմ ճանապարհ։ Ստացվում է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին: