Ադրբեջանին ղազագիրը փոխանցվել է երեկ՝ Արարատ Միրզոյանի կողմից Թուրքիայի միջոցով. Աշոտյան
Նիկոլի այսօրվա հայտարարությունը «խաղաղության պայմանագրի» մասին հայ ժողովրդի մեջքի հետեւում հերթական դավադիր գործարքի նախապատրաստում լինելուց զատ նաեւ մեկ այլ դետալ է պարունակում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը.
«Հիշեք դրա այս հատվածը. «Հայաստանի Հանրապետությունը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Այսինքն՝ առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը մեր առաջարկներով: Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին»։
Նիկոլի խոսքից հիմնավոր կասկած է առաջանում, որ Ադրբեջանին այդ ղազագիրը փոխանցվել է երեկ՝ Արարատ Միրզոյանի կողմից Թուրքիայի միջոցով։
Դե մնացածը պատկերացրեք, թե թուրքերի համար նման պորտապար պարելով հայ ժողովրդին ուր են ուզում հասցնել…»,- գրել է Աշոտյանը:
Քիչ առաջ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները:
Հիշեցնենք, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ մեկնել էր Թուրքիա, որտեղ հանդիպել էր թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ: