25.11.2024
Մյունխենյան դավադրություն․ «Ուրացում՝ հանուն (Նիկոլի) փրկության». Անդրանիկ Թևանյան
prev Նախորդ նորություն

Ով կփոխարինի Ռուբեն Վարդանյանին. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին ուղերձ է հղելու․ «2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախի Հանրապետության առջեւ ծառացած կարեւորագույն հրամայականներից էր ներքին համերաշխության ու միասնականության ապահովումը՝ երկրում առաջացած խնդիրներն արժանապատվորեն եւ անցնցում հաղթահարելու համար: Այդուհանդերձ, հանրության շրջանում ձեւավորված դժգոհությունն ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտը դեռեւս շարունակում են պահպանվել, ինչը պարտադրում է իշխանություններին՝ հավելյալ քայլեր ձեռնարկել արցախյան ներքին կյանքի կայունությունն ու տեւական խաղաղությունն ապահովելու ուղղությամբ»: Տեղեկություններ կան, որ հինգշաբթի օրը Հարությունյանը կհայտարարի Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին: Հիշեցնենք, որ Վարդանյանն ավելի վաղ ասել էր, որ հրաժարական չի տալու, ուստի որոշվել է, որ նա պաշտոնից կհեռացվի ԱՀ նախագահի հրամանագրով, սակայն ոչ թե կոնֆլիկտի, այլ փոխհամաձայնության արդյունքում: Ավելին` Վարդանյանը պատրաստվում է մնալ Արցախում եւ օգնել տարբեր խնդիրների լուծման հարցում: Պետնախարար կնշանակվի Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ում ոմանք կապում են սորոսական շրջանակների հետ` մատնացույց անելով նրա կենսագրության մեջ առկա իրավապաշտպան գործունեությունը` 2020 թ. հուլիսից մինչեւ 2021թ․ փետրվար: Ոմանք էլ շեշտում են նրա ջերմ հարաբերությունները Դանիել Իոաննիսյանի հետ: Մեզ ասացին, որ այդ հարաբերությունները ձեւավորվել են գործի բերումով` 2020 թ. ապրիլի 14-ին Արցախի նախագահական ընտրությունների շրջանից, երբ Իոաննիսյանը, նաեւ ՀՀ պետբյուջեից ստացած գրանտով, իրականացնում էր Արցախի ընտրությունների դիտարկումը։ Արցախի դատախազի հանձնարարությամբ դիտորդների հետ աշխատել է ավագ դատախազ Գուրգեն Ներսիսյանը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ փետրվարի 23-ին հանդես է գալու հատուկ ուղերձով: «Ժողովուրդ» օրաթերթն Արցախի իր աղբյուրներից տեղեկացավ, որ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում պատրաստվում է հայտարարել Արցախի պետնախարարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու մասին, եթե, իհարկե, այս օրերին շրջադարձային ինչ-որ զարգացումներ տեղի չունենան: Ավելին՝ մեզ ասացին, որ Հարությունյանը սրա մասին մտադիր է եղել հայտարարել դեռեւս փետրվարի 17-ին, բայց քանի որ փետրվարի 20-ին արցախյան շարժման 35-ամյակն էր, որոշել է հետաձգել դա տոներից հետո: Արցախյան մեր աղբյուրները հայտնեցին, որ ԱՀ պետնախարարի նոր հավանական թեկնածուն, ամենայն հավանականությամբ, Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է: Նշենք, որ պետնախարարի պաշտոնը նշանակովի է, Արցախի կառավարության ղեկավարին նշանակում եւ ազատում է նախագահը: Դեռեւս 2022թ-ին Արայիկ Հարությունյանն ինքն էր «բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործչին» առաջարկել ստանձնել պետնախարարի պաշտոնը, իսկ արդեն մեկ տարի անց ազատում է նրան աշխատանքից, թեեւ Վարդանյանն ինքը չի ցանկանում հրաժարական տալ: Արցախում վստահ են նաեւ, որ Արայիկ Հարությունյանը նման քայլի է գնում ոչ այնքան իր հոժար կամքով, այլ իր առջեւ նման պայման է դրել Նիկոլ Փաշինյանը: Բազմիցս գրել ենք, որ Հայաստանի իշխանություններին դուր չի եկել Ռուբեն Վարդանյանի քննադատություններն իրենց հասցեին՝ առ այն, որ Հայաստանի իշխանությունը, ֆինանսական օգնությունից բացի, այլ քայլ չի անում՝ Արցախում ստեղծված ճգնաժամի լուծման հետ կապված: Նկատենք նաեւ, որ տարբեր առիթներով Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին հայտարարում է, որ չի պատրաստվում Ղարաբաղի հարցով բանակցել «Ռուսաստանի Դաշնությունից արտահանված» Ռուբեն Վարդանյանի հետ, անգամ նախապայման է դրել, որ Լաչինի միջանցքի մասով կշարունակի բանակցությունները միայն Վարդանյանի հեռացումից հետո:


«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀ հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում է իր դեկորատիվ գոյությունն այդ բարձր պաշտոնում՝ անհաղորդ երկրի կյանքին։ Խաչատուրյանն անգամ ուղերձ չհղեց Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ, իսկ նախկին երեք նախագահները, բացառությամբ առաջինի, անգամ Նիկոլ Փաշինյանը, որ նախօրեին Մյունխենում չէր հակադարձել Ալիեւի ցինիկ հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղ» գոյություն չունի, ուղերձներ հղեցին։ Փաշինյանն ասաց, որ շարունակելու է Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձեւավորմանն ուղղված քայլերը։ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց․ «Հայաստանի իշխող վարչախումբը շարունակում է հետեւողականորեն արժեզրկել հայ ժողովրդի արդար պայքարը, միտումնավոր վարկաբեկում է հաղթանակած հերոսներին եւ շարունակաբար թուլացնում հայկական բանակը»: ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկեց 35 տարի անց թերթել արցախյան շարժման ֆոտոալբոմը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը 1988թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակից սկիզբ առած իրադարձությունների լուսանկար էր հրապարակել՝ գրելով. «Մեր նորագույն պատմության փառավոր էջ, մեր պետականության ապագայի ուղենիշ»։


«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ Հայաստան ժամանեց ԵՄ դիտորդական առաքելությունը, որի կազմում 100 մարդ է, որից 50-ը՝ անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը Եղեգնաձոր քաղաքում է։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այս առիթով Թվիթերում գրել է. «Ջերմ բարի գալուստ ԵՄ 100 հոգանոց առաքելությանը եւ նրա տեղակայմանը։ Խորին շնորհակալություն ԵՄ-ին եւ անդամ երկրներին՝ Հայաստանի հետ ամուր համերաշխություն դրսեւորելու համար։ Մոնիտորինգային առաքելության տեղակայումը պետք է դեր խաղա դեէսկալացիայի եւ տարածաշրջանում կայունություն եւ, ի վերջո, խաղաղություն հաստատելու հարցում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ական պատգամավորները վախի մթնոլորտում են եւ չգիտեն՝ ինչ անել, որպեսզի գտնեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ շփվելու, զրուցելու ճանապարհը։ Բանն այն է, որ որոշ ՔՊ-ականներ փորձեր արել են նրա հետ շփվելու, սակայն գլխավոր դատախազը նրանց հետ հանդիպելու կամ շփվելու հարցը թողել է օդից կախված: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ որոշ ՔՊ-ականններ, իմանալով, որ փետրվարի 17-ին գլխավոր դատախազի ծնունդն է, փորձել են ծնունդը պատրվակ օգտագործել եւ նրա հետ հանդիպման գնալ, բայց այս փորձն էլ է մնացել անպատասխան:  Սա դեռ վերջը չէ. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություննների համաձայն՝ չի բացառվում, որ Աննա Վարդապետյանը ԱԺ գա ՔՊ-ականներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ, իսկ թե ով կլինի նա, մանրամասները կներկայացնենք առաջիկայում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 1 մլն 672 հազար դրամի ներկայացուցչական ծախսեր է կատարել եւ մեկ անձից կասկածելի եղանակով գնման սկզբունքով տարբեր պայմանագրեր կնքել: Դրանցից մեկով, օրինակ, արտաքին գերատեսչության պետական արարողակարգի ծառայությունը 236 հազար 970 դրամի պայմանագիր է կնքել «Պլազա Սիստեմս»- ՓԲԸ-ի հետ: Այդ գումարի շրջանակներում կազմակերպվել է Խորվաթիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի համար հյուրասիրություն: 185 հազար դրամ արժողությամբ պայմանագրով, որը կնքվել է «Էքսկլյուզիվ կոնցեռն»-ի հետ, կազմակերպվել է տրանսպորտային ծառայություն Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցի շրջանակներում: «Երեւան Հյուրանոց» ԲԲԸ-ի հետ պայմանագիրը կնքված է եղել 778 հազար դրամով: Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցի շրջանակներում էլ այս գումարով կատարվել են հյուրանոցային կեցության ծախսերը, եւ նախարարը տեղակայվել է հենց այս հյուրանոցում: Խորվաթիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարի այցի համար էլ տրանսպորտային ծառայություններն արժեցել են 420 հազար դրամ, պայմանագիրն էլ՝ «Միլենիում Սվիթ» ՍՊԸ-ի հետ, իսկ Խորվաթիայի ԱԳՆ այցի համար էլ 110 հազար դրամ է տրամադրվել, որպեսզի բանավոր թարգմանություն ապահովվի: Ծիծեռնակաբերդ այցելելու համար արարողակարգի ծառայությունը 26 մեխակ էր գնել եւ երկու ծաղկեփունջ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 4-րդ անգամ է դիմելու դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը երկարացնելու միջնորդությամբ։  Հիշեցնենք` 2022թ-ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ: Նրա քրեական վարույթով ակտիվ առերեսումների փուլ է:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարությունը պետական բյուջեից 5 միլիոն դրամ աջակցություն է հատկացրել մի շարք հասարակական կազմակերպությունների։ Որոշումը ընդգրկված է եղել կառավարության՝ փետրվարի 16-ի օրակարգում, սակայն չզեկուցվող նախագծերի թվում: Թե որոնք են այդ հասարակական կազմակերպությունները, եւ որ ոլորտներում ինչպիսի գործունեություն են իրականացնում, Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ. որոշման կետերը հույժ գաղտնի են։ Նկարագրության մեջ նշվում է, թե տվյալ հասարակական կազմակերպություններն իրականացնելու են հետազոտություններ, ռազմավարական եւ հայեցակարգային փաստաթղթերի պատրաստում եւ փորձաքննությունների կազմակերպման համար խորհրդատվական, մասնագիտական, վերլուծական ծառայություններ: Ընդ որում՝ Ֆինանսների նախարարությունը նախագծի վերաբերյալ դիտողություն է արել եւ նշել, թե աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհմիություններին ծրագրով գումարի հատկացումը նպատակահարմար չէ իրականացնել պահուստային ֆոնդից: Նաեւ նշվել է, թե նախագծով հիմնավորված չէ նաեւ գումարի հատկացման հրատապությունը: Առաջարկվել է միջոցառման գծով անհրաժեշտ ծախսերը կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի առկա ռեսուրսների հաշվին: Դիտողությունը ընդունվել է, եւ փոփոխություն է կատարվել: Հավելենք, որ կառավարությունը 2022 թ.-ի պետական բյուջեով էլ 8 մլն դրամ էր հատկացրել հասարակական կազմակերպություններին, եւ կրկին պարզ չէր, թե ում: Մեկ անգամ էլ այդ նույն ծրագրով 46 մլն 976 հազ. դրամ էր հատկացվել։ Թե ում էր փոխանցվել այդ գումարը, կրկին հայտնի չէ, քանի որ կառավարության որոշման նախագծի 2-րդ կետը հույժ գաղտնի էր համարվել։