VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները։
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախում ներքաղաքական կյանքը չի խաղաղվում։ Առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն։ Ինչպեսեւ գրել էինք՝ Ռուբեն Վարդանյանի հեռացումն անխուսափելի է։ Դրան հավանություն է տվել նաեւ ռուսական կողմը՝ առաջարկելով, որ արցախցիներն իրենք գտնեն հանգուցալուծումը։ Արցախի իշխանությունները եւ քաղաքական ուժերը, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, նախընտրում են կոմպրոմիսային լուծումները եւ կոնսենսուսը, այլ ոչ թե ավելորդ առճակատումը։ Դա է պատճառը, որ քննարկվում է խաղաղ հանգուցալուծման տարբերակը եւ սահմանադրական փոփոխությունների հարցը։ Բանն այն է, որ Սահմանադրությունը գլոբալ փոփոխությունների ենթարկելու համար պետք է սահմանադրական հանրաքվե կազմակերպել, ինչը բարդ է եւ դժվար իրականանալի այս պահին։ Ընտրությունների կազմակերպումն էլ կարող է հարթ չընթանալ։ Սակայն բոլորը հասկանում են, որ Արցախի կյանքը չի կարող կախված լինել մեկ անձից՝ նախագահից, որի հրաժարականը կամ անսպասելի մահը կարող է փաստի առաջ կանգնեցնել երկիրը։ Գործող Սահմանադրությամբ՝ Արցախի նախագահի հեռանալու դեպքում երկրի ղեկը ստանձնում է ԱԺ նախագահը, որը 1 ամսվա ընթացքում պետք է ընտրություն կազմակերպի, սակայն չունի երկիրը կառավարելու գործառույթ, ասենք՝ չի կարող պետնախարար կամ կառավարություն նշանակել եւ այլն։ Արցախում որոշել են փոխել այս դրույթը՝ առանց հանրաքվեի, խորհրդարանում Սահմանադրության անցումային դրույթ ընդունելով, որով Արցախի նախագահին կարող է ընտրել խորհրդարանը՝ պատգամավորների ձայների երկու երրորդով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արայիկ Հարությունյանի՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծն իսկական աժիոտաժ է առաջացրել Արցախի քաղաքական եւ հասարակական դաշտում: «Ժողովուրդ» օրաթերթի արցախյան աղբյուրները հայտնեցին, որ Արցախում գրեթե բոլորը տարակուսած են Հարությունյանի այսչափ շտապողականությունից, վստահ են՝ նա հենց այնպես նման քայլի չէր գնա առանց քաղաքական դրդապատճառների, բայց թե ինչ է կատարվում իրականում, դեռ չեն կարողանում հասկանալ: Այսպիսով, Արցախի նախագահի առաջարկած փոփոխությունը իրենից ենթադրում է հետեւյալը. ֆորսմաժորային իրավիճակներում, այն է՝ երբ օրինակ նախագահը անսպասելի հրաժարական է տալիս, մահանում է կամ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այլեւս ի վիճակի չէ պաշտոնավարել, նախագահ ընտրելու լիազորություն կտրվի խորհրդարանին։ Ընդգծենք, որ սա չի վերաբերում նախագահի հերթական ընտրություններին. այս դեպքում նախագահին, Սահմանադրությամբ նախատեսված կարգով, ընտրելու է ժողովուրդը:
Նկատենք, որ սահմանադրական փոփոխությունների մի փաթեթ էլ դեռեւս 2022թ.-ին մշակել էին նաեւ Արցախի ԱԺ 5 խմբակցությունները միասին, որը, սակայն, դեռ խորհրդարան չի ներկայացվել: Արցախի ԱԺ խմբակցությունների հեղինակած այս նախագծով եւս, ի թիվս Սահմանադրական մի շարք բարեփոխումների, նախատեսվում էր նաեւ խորհրդարանին նախագահ ընտրելու լիազորություն տալը: Արայիկ Հարությունյանը, չգիտես՝ ինչու, առաջ է ընկել, այդ փաթեթից առանձնացրել է նախագահի ընտրություններին առնչվող այս դրույթը եւ արագացված կերպով այն ներկայացրել է խորհրդարանին: Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը նախ պետք է ուղարկվի Արցախի գերագույն դատարան, որի հաստատմանն արժանանալուց հետո այն նորից պետք է վերադառնա Արցախի ԱԺ՝ Պետաիրավական հանձնաժողով։ Եթե ԱՀ գերագույն դատարանը չհաստատի նախագիծը, այն կճանաչվի հակասահմանադրական եւ դուրս կգա շրջանառությունից Գերագույն դատարանում եւ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում հաստատվելուց հետո միայն նախագիծը կմտնի լիագումար նիստերի օրակարգ:
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով (22 պատգամավոր): Հաշվի առնելով, որ Արայիկ Հարությունյանի՝ «ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ-ՔՄԴ»-ն խորհրդարանում ունի 16 պատգամավոր՝ ստացվում է, որ նախագիծը անցկացնելու համար անհրաժեշտ կլինի հավելյալ 4 ձայն։ Արցախում վստահ են, որ Սամվել Բաբայանի թիմակիցները՝ «Միասնական Հայաստան» խմբակցության պատգամավորները, անհրաժեշտության դեպքում օգնության կհասնեն Հարությունյանին եւ կապահովեն անհրաժեշտ ձայներ նախագիծն անցկացնելու համար: Այսպիսով, նախագիծն արդեն ընդունվելուց հետո ֆորսմաժորային իրավիճակներում Արցախ ԱԺ խմբակցություններից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա առաջադրելու նախագահի իր թեկնածուին, իսկ նախագահը խորհրդարանում կընտրվի կրկին պատգամավորների 2/3-ի ձայներով: Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ: Արցախում բոլորն այն համոզմանն են, որ Արայիկ Հարությունյանը նման նախաձեռնություն է սկսել Նիկոլ Փաշինյանի պատվերով:
Այնտեղի քաղաքական դաշտում մի քանի սցենարներ են շրջանառվում՝ սրա հետ կապված՝ առաջին՝ Հարությունյանը անվտանգային գերլարված իրավիճակում քաղաքական նման նախաձեռնություն է սկսել, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի կարեւոր հարցերից, իսկ Փաշինյանն էլ կարողանա Լաչինի հարցը լուծել այնպես, ինչպես իրեն ձեռնտու է: Շրջանառվող երկրորդ սցենարն էլ հետեւյալն է. Արայիկ Հարությունյանը փորձելու է օգտագործել իր հրաժարականի թեման Ռուբեն Վարդանյանի վրա ճնշում գործադրելու եւ վերջինիս պաշտոնանկությանը հասնելու համար: Ինչպես հիշում ենք, նախագահի հնարավոր հրաժարականի մասին խոսակցություններ կային նաեւ հունվարի 14-ին ու 15-ին, երբ Հարությունյանի ու Վարդանյանի կոնֆլիկտը հրապարակային դաշտ դուրս եկավ: Այն ժամանակ, սակայն, շատերը այդ հնարավոր որոշումը որակեցին որպես անպատասխանատու, քանի որ առկա պայմաններում Արցախում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը դժվար է պատկերացնել: Խորհրդարանին նախագահ ընտրելու լիազորություններով օժտելը հրաժարականի սպառնալիքը ավելի իրատեսական է դարձնում: Արայիկ Հարությունյանը կարող է իրոք հրաժարական տալ, սակայն Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող իր խմբակցության միջոցով նախագահի պաշտոնում ընտրել իր լոյալ թիմակիցներից մեկին` պահպանելով իշխանական որոշակի լծակներ: Հավանական է նաեւ, որ Հարությունյանը իրոք հակված է հեռանալ քաղաքականությունից եւ այս փոփոխության միջոցով ցանկանում է այդ որոշումը կյանքի կոչելու համար սահմանադրական մեխանիզմ ստեղծել:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Մեր ունեցած տեղեկություններով, ինչինչ, այդ թվում՝ վարկանիշային հաշվարկներից ելնելով՝ իշխանությունները ցանկություն ունեին Երևանի ավագանու ընտրություններն անցկացնել ոչ թե աշնանը, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ, այլ արտահերթ կարգով՝ մայիսին: Դրա համար նախատեսված էր կիրառել իրենց «սիրելի» գործիքակազմը, այն է՝ խոշորացումը, երբ Երևանին կմիացվեր մեկ կամ երկու համայնք (ասենք՝ Փարաքարը): Սակայն Արցախի շրջափակումը, Ազատ գյուղի կացարանի հրդեհն ու 15 զինվորի մահը էապես խառնել են նրանց պլանները: Բանն այն է, որ իշխանությունները ևս հասկանում են, որ իրենց՝ առանց այդ էլ չափազանց ցածր վարկանիշն էլ ավելի է ընկել: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշվել է չգնալ արտահերթի ճանապարհով ու ընտրություններն անցկացնել «ժամանակին», այսինքն՝ սեպտեմբերին՝ այն հույսով, որ առաջիկա ութ ամսվա ընթացքում տարբեր մանիպուլ յացիաների, «ծածկադմփոցների», արհեստական օրակարգերի, «բռնեմ-փռեմ ասֆալտին» օպերացիաների միջոցով կկարողանան մի փոքր շտկել վարկանիշային կատաստրոֆան: Հավելենք, որ այս ընթացքում տարբեր տեղեկություններ են շրջանառվել այդ ընտրություններին տարբեր քաղաքական ուժերի մասնակցության և քաղաքապետի թեկնածուների առաջադրման առումով: Ի մասնավորի, որպես հավանական թեկնածուներ են նշվում ՔՊ-ից՝ Տիգրան Ավինյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ Մանե Թանդիլ յանը, «Համախմբում» շարժումից՝ Ավետիք Չալաբյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ Դավիթ Խաժակյանը և այլ անուններ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 157 մլն 816 հազար դրամ: Տեղեկացանք, որ այդ գումարը տրամադրվելու է Թուրքիայի եւ Սիրիայի երկրաշարժից տուժածներին սնունդ եւ անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։ Նկատենք՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը Թուրքիայում խլել է 41 հազարից ավելի մարդու կյանք, Սիրիայում ՝ 5 հազարից ավելի: Ավերիչ երկրաշարժերից հետո Հայաստանի կողմից երկու անգամ Թուրքիա մարդասիրական օգնություն է ուղարկվել: Այն հնարավորություն է եղել իրականացնել 1993 թվականից փակված Մարգարայի կամրջով: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող իշխանության անդամները նախորդ տարվա դեկտեմբերին երկու անգամ հանդիպում են ունեցել հենց Մարգարայի կամրջի մոտ, ուսումնասիրել կամրջի վիճակը, անգամ նմուշառում անցկացրել եւ եկել այն եզրակացության, որ այն պիտանի է: Երեկ էլ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է Թուրքիա մեկնել, հանդիպումներ ունեցել եւ այցելել նաեւ այնտեղ ծառայություն իրականացնող հայ փրկարարներին:
«Հրապարակ» թերթը գրում է. Գյումրու փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի՝ 2021 թ․ հայտարարագրից պարզ է դառնում, որ պաշտոնյան 500 մլն դրամից ավելի՝ մեկ միլիոն դոլարից ավելի, սպառողական վարկ է ստացել, այն դեպքում, երբ չունի անշարժ գույք։ Եթե անգամ ունենար, ապա դրա գրավադրմամբ չէր կարող նման վարկ ստանալ։ Թե ինչպես, եւ որ բանկն է Պապիկյանին նման վարկ տրամադրել, հայտնի չէ։ Ի դեպ, բանկային գործի մասնագետներն ասում են, որ սպառողական վարկ կարող են տրամադրել 10, առավելագույնը՝ 20 հազար դոլարի սահմաններում։ Անգամ նման չափի բիզնես-վարկերն են ընտրողաբար տրամադրում՝ փորձառու, կայացած եւ կապիտալ ունեցող բիզնեսմեններին։ Նշենք, որ Պապիկյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռն է, տեղացիների շրջանում խոսում են, որ փոխքաղաքապետի ընտանիքը նախկին լքված զորամասերից մեկի տարածքում մեծ անասնագոմ է հիմնել եւ այդ բիզնեսով է զբաղվում։
«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ականները շարունակում են պետության հաշվին վոյաժները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ փետրվարի 28-ից մինչեւ մարտի 5-ն աշխատանքային այցով Նյու Դելի (Հնդկաստանի Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Արեն Մկրտչյանը եւ Ծովինար Վարդանյանը, ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Մերի Վարդանյանը: ԱԺ նախագահի կարգադրությունում, սակայն, չի հստակեցվում, թե աշխատանքային ինչ հանդիպումների մասին է խոսքը, ինչը ենթադրությունների տեղիք է տալիս, որ ազգընտիրները մեկ շաբաթով գնում են էկզոտիկ երկիր՝ Հնդկաստան՝ ֆռֆռալու։ Ի դեպ, մեր տեղեկություններով, ԱԺ նախագահը մեծ պատվիրակությամբ պետք է մոտ օրերս մեկնի Մեքսիկա։ Մեքսիկայի Սենատը փետրվարի 8-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Սակայն վերջին պահին գործուղումը չեղարկվել է՝ որոշել են նման մեծ ծախսեր չանել, քանի որ հաշվարկները ցույց են տվել, որ մեկնումն ԱԺ-ի վրա շատ թանկ կնստի։
«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանը նախ ցավակցություն հայտնեց Թուրքիային՝ երկրաշարժի եւ զոհերի կապակցությամբ, ապա հումանիտար օգնություն եւ փրկարարներ ուղարկեց՝ հատուկ այդ նպատակի համար գործարկելով երբեւէ չգործած Մարգարայի ճանապարհը։ Եվ երբ տեսավ, որ աշխարհը ողջունում է այդ հումանիտար պահվածքն իր ոճրագործների նկատմամբ, այնքան ոգեւորվեց, որ պաշտոնական պատվիրակություն էլ ուղարկեց։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եռանդուն ջատագովներ Ռուբեն Ռուբինյանից, Վահան Կոստանյանից եւ, բնականաբար Արարատ Միրզոյանից կազմված պատվիրակությունը երեկ ժամանեց Անկարա։ Օդանավակայանում, սակայն, նրանց դիմավորեց ոչ թե Թուրքիայի ԱԳ նախարարը կամ գոնե նրա տեղակալը, այլ թուրքական կողմից հայերի հետ երկխոսելու համար նշանակված հատուկ ներկայացուցիչը՝ թոշակառու դիվանագետ Սերդար Քըլըչը։
«Փաստ» օրաթերթը գրում է․ Միգուցե ծիծաղեք, բայց փաստն այն է, որ օրերս վերստին, կարելի է ասել՝ նորից, եթե կուզեք՝ կրկին, բայց ամեն դեպքում՝ կալանավորվել է Դավիթ Գալստյանը, որը հանրությանը հայտնի է նաև «Պատրոն Դավո» մականունով: Այո, այո, խոսքը բանակին զենք-զինամթերք մատակարարելով զբաղված այն նույն անձնավորության մասին է, որի անունը շրջանառվում է «անորակ հրթիռների» գործի հետ կապված: Նույն գործով անցնում է նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Իսկ ծիծաղահարույց պահն այն է, որ կոնկրետ Դավիթ Գալստյանը վերջերս 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատվել էր կալանքից: Սակայն մի քանի օր առաջ դատարանը բավարարել է 2 ամսով նորից կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը: Չի կարելի բացառել, որ երևի էլի մի 50 միլիոնի կարիք կա, չնայած, սա ավելի շատ ուրիշ բանի է նման: Եվ այդ «ուրիշ բանը» շատերի մանկությունից հայտնի «բռնոցի-պպզոցի» անմեղ խաղը չէ: Ամեն անգամ, երբ բանակի, առհասարակ, անվտանգության ապահովման հետ կապված աղմկահարույց պատմություն է «պայթում», փաշինյանական իշխանությունը քարոզչաքաղաքական «փամփշտակալից» հանում է «Պատրոն Դավոյին», «փոշին թափ տալիս», տանում դատարան, կալանավորում, ապա որոշ ժամանակ անց, երբ այն մյուս պատմության փուքսը թողնում է, գրավով կամ անգրավ (ավելի լավ է՝ գրավով) բաց է թողնում: Մինչև հաջորդ կալանավորումը...
Պոպուլիստական իշխանության ճանկն ընկած ու ապակողմնորոշված հասարակության պայմաններում տարբեր քարոզչաքաղաքական հնարքները («չպայթած հրթիռներ», «անորակ զենքեր»), պատկերացրեք, աշխատում են: Ազդեցություն թողնում է, քավ լիցի՝ «կուտ ուտողների» պակաս չկա: Բայց նման դեպքերն ու նման գործելակերպը երևի առաջին հերթին պետք է դաս լինեն «Պատրոն Դավոյի» ու նրա օրն ընկած կամ ընկնող այն անձանց համար, որոնք մի պահ ազատության մեջ հայտնվելով՝ կարծես մոռանում են իրենց հետ եղածը, անգամ վերսկսում են «աշխատել» իշխանության հետ, մյուսները կարծում են, թե կարող են պայմանավորվել կամ իսկապես պայմանավորվել են Փաշինյանի հետ: Գուցե, բայց... մինչև հաջորդ կալանավորումը: Մինչդեռ, քաղելիք դասն էլ, կարծես, բարդ չէ. գործ ունեն, այսպես ասած, «քցողների» հետ, այլոց ամեն կերպ օգտագործողների հետ, պատասխանատվությունից ու պայմանավորվածություններից «թռնողների» հետ, որոնց անընդհատ «քավության նոխազներ» ու «բոքսի տանձիկներ» են պետք: Որքան՝ շատ, այնքան՝ լավ: Եթե բռնելու և «ժող, ջան»-ին հրամցնելու ենթակա ուրիշ ոչ մեկը չլինի էլ, համարյա ժողովրդական հայտնի երգի նմանությամբ ասած՝ «Պատրոն Դավոն սաղ ըլնի...»: Եվ ուստի՝ «ուստա՛, չալե»...
«Փաստ» օրաթերթը գրում է․ Ուղիղ մեկ տարի ՄԻՊ աշխատած Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն արդեն քսան օրից ավելի թափուր է: Ավելին, այս ընթացքում երկու ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: Որպես ՄԻՊ հավանական թեկնածու շրջանառվում են ամենատարբեր անուններ, սակայն ՔՊ-ն այդպես էլ չի կարողանում թեկնածու ներկայացնել ԱԺ: Բանն այն է, որ այս պահի դրությամբ գրեթե բոլորը, որոնց դիմել են իշխանությունները, հրաժարվել են առաջադրվել: Մամուլն արդեն գրել է, որ ի մասնավորի հրաժարվել է Արտակ Զեյնալ յանը: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջարկ են ստացել նաև ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի քույրը՝ իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանը, որոնք, սակայն, նույնպես հրաժարվել են: Բանն այն է, որ մեղ աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ն բոլոր թեկնածուների առջև պայման է դնում, որ չպետք է շեղվեն «Նիկոլի գծից», լինեն հլու-հնազանդ, ինքնագործունեությամբ չզբաղվեն: Մեր տեղեկություններով, նշյալ անձինք պարզապես իմաստ չեն տեսնում կեղտոտվել և անիմաստ մտնել նման պատասխանատվության տակ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի որդին նոր մանրամասներ է ներկայացնում Հրայր Հակոբյանի եւ իրենց ունեցած վեճի մասին։ Այս տարվա հունվարի 31-ին ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատական հայց էր ներկայացրել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբոր` Հրայր Հակոբյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վերսանդիկ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, քաղաքացիական դատարանում հորեղբոր դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ ժառանգական գույք (շինություններ, ունեցվածք, բիզնես եւ այլն) ճանաչեն որպես այդպիսին: Նկատենք, որ դատարանը գործն ընդունել է վարույթ։ Դատելով իրավիճակից՝ ԱԺ նախկին պատգամավորի մահվանից հետո վերջինիս որդիները իրենց հոր ժառանգության խնդրով բախվել են հորեղբոր հետ, բանավոր կերպով չեն կարողացել հասնել արդարության եւ հասել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել էր նաեւ Հրայր Հակոբյանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչ խնդիրներ ունի իր եղբոր որդիների հետ, որ գործը հասել է դատարան: Ի պատասխան՝ Հրայր Հակոբյանն ասաց. «Դրանում որեւէ բան չկա, ժառանգության հետ է կապված: Օրն եկել է, ամեն ինչ ընթացքով կլուծվի: Կռիվ-մռիվ չէ, իրար չենք խփում, որեւէ խնդիր չունենք. եթե լինի, Ձեզ տեղյակ կպահենք»: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց գտնել ԱԺ նախկին պատգամավորի որդուն՝ Կարեն Հակոբյանին, որ անձամբ հոր ժառանգության հարցով դիմել է դատարան, սակայն կարողացանք գտնել ԱԺ նախկին պատգամավորի մյուս որդուն՝ Արմեն Հակոբյանին, եւ խնդրեցինք, որ նա մեկնաբանի, թե ինչու է եղբայրը դատի տվել հորեղբորը:
Ի պատասխան մեր հարցադրմանը՝ ԱԺ նախկին պատգամավորի որդի Արմեն Հակոբյանը հայտնեց. «Նախ ուզում եմ ասել, որ ազնիվ ժուռնալիստիկան ենթադրում է փաստերի երկկողմանի ներկայացում եւ ոչ թե մի կողմի հայտարարություններն որպես հիմք ընդունելը։ Բայց վստահեցնում եմ Ձեզ, որ դա էլ անհետեւանք չի մնա։ Մեր հորեղբոր՝ սպառնալիքներ պարունակող հայտարարությունները չեմ պատրաստվում մեկնաբանել։ Մենք ապրում ենք ժողովրդավար երկրում եւ մտադրված ենք մեր շահերն ու իրավունքները պաշտպանել համապատասխան ատյաններում։ Ես կնշեմ ընդամենը, որ Հրայր Հակոբյանը մեր հոր մահից մի քանի ամիս անց, առանց մեզ տեղեկացնելու, վաճառել է 90-ականներից Հակոբյանների ընտանիքի սիմվոլ դարձած «Ոսկե Ձկնիկ» ռեստորանային համալիրը։ Հասարակությունը լավ գիտի, որ հայրս եւ իր եղբայրը միասին են հիմնել իրենց բիզնեսները, հետեւաբար աբսուրդային իրավիճակի մեջ ենք հայտնվել։ Փաստացի ո՛չ միայն զրկվեցինք գույքից, այլեւ անտեսվեցին մեր հոր՝ Վերսանդ Հակոբյանի ահռելի ներդրումն ու ջանքերը: Այսքանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կարվեն: Մասնավորապես, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն ունենալու է նոր գործառույթներ: Այսպես, հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք են ստեղծում է առաջացման եւ մարդկանց անվտանգության համար, մարմինը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը, ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները եւ ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել շենքերի, շինությունների եւ այլ օբյեկտերի շահագործումը։ Հրդեհային անվտանգության պահանջների խախտման համար տեսչական մարմինը, օրենսդրությամբ սահմանված կարգով, կիրառելու է պատասխանատվության միջոցներ: Միեւնույն ժամանակ, տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունվող վարչական ակտի հիման վրա, նրանք կարող են կապարակնքել (կնքել) առանձին ագրեգատ, շենք, շինություն կամ այլ օբյեկտ։ Հավելենք, որ այս նախագիծը վարչապետի աշխատակազմի կողմից երեկ ներկայացվել է հանրային քննարկման: Թերեւս սա պայմանավորված է վերջին շրջանի հրդեհներով, որոնք առաջանում են վատ կառավարման եւ կանոնները չպահպանելու հետեւանքով: