VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական պատգամավորները երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ դռնփակ քննարկում են անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ-ի եւ ԱԽ քարտուղարի փակ քննարկումից: Տեղեկացանք, որ քննարկումը տեւել է մոտ 4 ժամ. սկզբում քննարկվել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ ռազմական դրության ժամանակ նախատեսվում են հեռուստատեսությամբ, ինտերնետով եւ սոցիալական կայքերով հրապարակվող տեղեկատվության մի շարք սահմանափակումներ: Հանդիպման այս հատվածին մասնակցել են նաեւ փորձագետներ եւ փոխնախարարներ: Արդեն հանդիպման կեսից քննարկումն ավելի փակ ռեժիմի է անցել, փոխնախարարները եւ փորձագետները հեռացել են, ՔՊ-ականները եւ Արմեն Գրիգորյանը մնացել են դեմ առ դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականներն իրենք են պահանջել, որ Արմեն Գրիգորյանն անձամբ գա ԱԺ ու ներկայացնի, թե հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն ինչ փուլում են: ՔՊ-ականները ԱԽ քարտուղարին անհանգստություն են հայտնել, թե, իրենց տպավորությամբ, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, կարծես թե, առաջընթաց չկա, համենայնդեպս, իրենք ոչնչից տեղեկացված չեն:
Արմեն Գրիգորյանը հանգստացրել է պատգամավորներին, որ բանակցություններն իրենց հունով ընթանում են: ԱԽ քարտուղարը ՔՊ-ականներին մանրամասն ներկայացրել է՝ այս պահի դրությամբ հայկական կողմն ինչի շուրջ է բանակցում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Գրիգորյանը, մասնավորապես, հայտարարել է, որ աշխատանքները հիմնականում տարվում են խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ, ուսումնասիրում են Բաքվի փոխանցած նոր առաջարկները խաղաղության պայմանագրի տեքստի մասով, որպեսզի հասկանան՝ որ կետին համաձայնեն, որին՝ ոչ: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ հանդիպումը թեժ է եղել հատկապես այն առումով, որ ՔՊ-ական հ/կ թեւը Արմեն Գրիգորյանին մեղադրել է, թե նա տապալել է իր առջեւ դրած «առաքելությունը», այն է՝ Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը: Այսպիսով, ՔՊ-ականները փորձել են «նեղը գցել» ԱԽ քարտուղարին ու բացատրություններ են պահանջել նրանից։
«Հրապարակ» թերթը գրում է. Երեւանի ավագանու երեկվա նիստը նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, ավելի ճիշտ՝ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի դեմ արշավ, ում ռեյտինգը, ըստ «Գելափի» հարցումների, ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի ռեյտինգից բարձր է։ Ուշագրավ է, որ ընդդիմության հետ արշավին տեղ-տեղ միանում էր նաեւ ՔՊ-ն՝ թերեւս փորձելով փոխել հարցումների պատկերը։ Նշենք, որ կային տեղեկություններ, որ այս ամիս Հրաչյա Սարգսյանը հրաժարական կտա, որ մայիսին արտահերթ ընտրություններ անեն, սակայն իշխանական աղբյուրներն ասում են, որ հարցումների արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար, ուստի որոշել են ոտքները կախ գցել։ ՔՊ-ի ստորին էշելոններում Ավինյանի հիմնական մրցակից են դիտարկում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, նրա առավելությունն են համարում այն, որ նա չի տեղավորվում ո՛չ սեւերի, ո՛չ սպիտակների դաշտում, էկրանից հայտնի դեմք է եւ պատերազմից հետո երես է թեքել «դավաճան» թիմից ու թիրախավորվել։ Սակայն ՔՊ վերին էշելոններում անհանգստացած չեն Հայկոյի առաջադրմամբ, կարծում են, որ Փաշինյան-Մարության կապը չի կտրվել անգամ 2020-ից հետո, եւ նրան Փաշինյանը պահում է պահուստային նստարանին, եթե Ավինյանը ձախողվի։ Ի դեպ, իր «Քաղաքապետ» մոնոներկայացմանը նրանք շունչները պահած սպասում էին, քանի որ տեղեկություններ կային, թե նա հրապարակելու է Փաշինյանի եւ այլոց հետ հեռախոսային զրույցներ, որոնք պայթեցնելու են այս իշխանությունը։ Սակայն դա չեղավ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո ՄԻՊ պաշտոնը դարձել է իսկական պատուհաս գործող իշխանության գլխին: Անհասկանալի պատճառներով որեւէ մեկը չի ցանկանում ստանձնել այս բարձր հեղինակություն ունեցող կառույցի ղեկավարումը: Քրիստիննե Գրիգորյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով, Հայաստանի Ազգային ժողովը հունվարի 24-ին ընդունել էր նրա հրաժարականը: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նոր ՄԻՊ պետք է ընտրվի: Արդեն լրանում է ՄԻՊ առաջադրման երկրորդ ժամկետը, բայց ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը թեկնածու դեռ չի առաջադրել: «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է նաեւ, որ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ էլի տասնօրյա ժամկետում, պետք է առաջադրում լինի. դարձյալ տասնօրյա ժամկետ է սահմանվում, եւ այսպես մինչեւ 3-րդ ամսվա վերջին օրը պետք է արդեն օմբուդսմենը նշանակված լինի: Իշխող ֆրակցիայի համար ՄԻՊ թեկնածուի հարցը իսկական գլխացավանք է դարձել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ իշխող ՔՊ խմբակցությունն այս ընթացքում ՄԻՊ թեկնածուի տարբեր անուններ է քննարկել, սակայն այդպես էլ չի գտել թեկնածու, որը կհամապատասխանի պահանջներին՝ կլինի պրոֆեսիոնալ եւ, ամենակարեւորը, հանրության կողմից վստահություն վայելող կերպար: ՔՊ-ականները պարբերաբար նեղսրտում են, որ ում իրենք առաջարկում են, բոլորը հրաժարվում են առաջադրվել ՄԻՊ պաշտոնում: Մեր ունեցած տեղեկություններով՝ պատճառներից մեկն այն է, որ Փաշինյանը պահանջ է դրել գտնել հեշտ «կառավարելի» մեկին, որը կդառնա բացառապես «ՔՊ-ի իրավունքների պաշտպանը», դուրս չի գա վերահսկողությունից եւ չի համարձակվի ձայն հանել, երբ, օրինակ, ընդդիմադիր հայացքներ ունեցող որեւէ մեկի իրավունքները ոտնահարվեն: ՔՊ-ի սրտի ՄԻՊ թեկնածուն Արտակ Զեյնալյանն էր, որը, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, չի ցանկացել առաջադրվել ՔՊ-ի կողմից: Նա մտերիմ շրջապատում դժգոհել է, որ չի ցանկանում առաջադրվել, քանի որ մեկ անգամ արդեն ՔՊ-ականներն իրեն խաբել են. առաջադրել են ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում, սակայն այդպես էլ չեն ընտրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմությունը թեկնածուներ ունեցել է, սակայն որոշել է թեկնածու չառաջադրել՝ վստահ լինելով, որ Փաշինյանը ՔՊ-ին թույլ չի տա ընդդիմության թեկնածուին ընտրել: Ստացվում է՝ ՄԻՊ պաշտոնում թեկնածու ընտրելու արդեն երկրորդ տասնօրյակն է լրանում, սակայն թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեւը դեռ թեկնածու չունեն:
«Հրապարակ» թերթը գրում է. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը պետական բյուջեի հաշվին կես ամսով՝ փետրվարի 17-ից մինչեւ մարտի 2-ը կգործուղվի ԱՄՆ։ Նա կլինի Դալասում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Նյու Յորքում եւ Վաշինգտոնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից պարզ է դառնում, որ «Սինանյանն ԱՄՆ կմեկնի պետական եւ համայնքային կառույցների, երիտասարդական, մշակութային, գիտական, կրոնական կազմակերպությունների, բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու եւ համագործակցության համար հետագա ուղիները քննարկելու նպատակով»: Ընդ որում՝ նա գործուղվում է միայնակ, կան տեղեկություններ, որ Սինանյանին ԱՄՆ գործուղելու հիմնական նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է եղել կամ գոնե խոստումներ ստանալը, սակայն հիշեցնենք, որ անցած տարի հարազատ Գլենդելում նա անփառունակ ընդունելության արժանացավ․ տեղի մեր հայրենակիցները Սինանյանի հետ հանդիպումը վերածեցին միտինգի եւ նրան մինչեւ անգամ դավաճան անվանեցին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մինչեւ այս տարվա ապրիլի 1-ը կրկին գնալու է Ազգային ժողով: Մասնավորապես, նա պետք է ներկայացնի հաղորդում՝ ՀՀ դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Ամեն դեպքում, դա է նախատեսում «ԱԺ կանոնակարգ» օրենքի 1828-րդ հոդվածը. «Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ»: Օրենքում նշվում է, որ այդ հարցն Ազգային ժողովում քննարկվում է հետեւյալ կարգով. «Մինչեւ 30 րոպե տեւողությամբ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս հարցն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, որից հետո նրան կարող են տրվել հարցեր. հարակից զեկուցում չի լինում, եթե Կանոնակարգով կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ. մտքերի փոխանակություն. մինչեւ տասնհինգական րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս հարակից եւ հիմնական զեկուցողները»: Այստեղ, սակայն, հետաքրքիր է այն, որ Աննա Վարդապետյանը, ըստ էության, իր հաղորդման մեջ ավելի շատ ներկայացնելու է նախորդ դատախազի՝ Արթուր Դավթյանի կատարած աշխատանքը, քանի որ Վարդապետյանն իր պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերին: Հետաքրքիր է՝ ինչպես իրենց կդրսեւորեն ՔՊ-ականները, կքննադատեն արդյոք, թե էլի հիացմունքով ելույթներ կունենան Արթուր Դավթյանի գործունեության մասին:
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարություն էր տարածել․ «Արցախում սահմանադրական ճգնաժամ է»՝ քննադատելով սահմանադրական փոփոխությունների ձգձգումը, որը հանգեցրել է նրան, որ Արցախում «բոլորն իշխանություն են, բայց՝ անմեղսունակ, բոլորն օժտված են լիազորությամբ, բայց՝ ոչ պատասխանատվությամբ»։ «Արցախի «սուպերնախագահական» կառավարման մոդելում, կարծես թե, տարանջատվել են իշխանության թեւերը, բայց ո՛չ հավասարակշռման գործնական մեխանիզմները․ ամեն բան սկսվում է նախագահի ինստիտուտից եւ կրկին հանգում դրան»։ Եվ կոչ է անում․ «Բոլոր հնարավոր ջանքերն ուղղել ճգնաժամի հանգուցալուծմանը, որը կարող է հնարավոր դառնալ բացառապես սահմանադրական փոփոխությունների եղանակով»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազությունն այս օրերին ստուգումներ է անում Սյունիքի եւ Վայոց ձորի բանակային կորպուսներում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՊՆ-ում շունչը պահած սպասում են ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրության արդյունքներին եւ կանխատեսում, որ նշված երկու մարզերի կորպուսների գործունեության մասով քրեական գործեր են հարուցվելու: Իսկ ինչո՞ւ են ընտրվել հենց այդ մարզերը: Հունվարի 26-ին Դատախազությունը պաշտոնապես հայտնեց, որ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող այն քաղաքացիական շենք-շինություններում եւ կացարաններում, որտեղ 2020 թվականին եւ 2022 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների հետեւանքով տեղակայվել են զինվորական անձնակազմերը: Եվ, ահա, ստուգումներին զուգահեռ, ՊՆ-ն սկսեց ազատումների շքերթ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ազատումներն ու դատախազության ստուգումները պատահական չեն, քանի որ իրավապահ համակարգը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին հակառակորդի հարձակման եւ զգալի առաջխաղացման մասով կասկածներ ունի, որին այս փուլում, երկրի անվտանգությունից ելնելով, չենք անդրադառնում:
«Հրապարակ» թերթը գրում է. Սահմանադրական դատարանը հունվարի 24-ի աշխատակարգային նիստում քննել է ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի դիմումը եւ որոշել կարճել այն։ Սա նշանակում է, որ Բաբաջանյանը պարտավոր է կատարել դատարանի որոշումը՝ ներողություն խնդրել ՀՅԴ-ից՝ հրապարակային վիրավորանքների համար։ Դեռեւս 2019 թ․ դեկտեմբերին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ նա ՀՅԴ-ին անվանել է «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»: 2021 թ. հուլիսին առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել էր Բաբաջանյանին՝ հրապարակավ ներողություն խնդրել ՀՅԴ կուսակցությունից եւ Գերագույն մարմնի բոլոր անդամներից՝ զրպարտելու համար։ Դա կատարել ֆեյսբուքյան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, ասելով․ «Հարգելի հետեւորդներ, 06.12.2019թ. ՀՀ ԱԺ ամբիոնից Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում ՀՅԴ-ից, ինչպես նաեւ կուսակցության ԳՄ բոլոր անդամներից»։ Տեսանյութը պետք է պահպանվի ՖԲ էջում, որպես փոխհատուցում՝ բռնագանձվում է սիմվոլիկ 1 դրամ: Բաբաջանյանը հրաժարվել էր ներողություն խնդրել` փորձելով վիճարկել հաջորդ ատյաններում, ապարդյուն։ Ապա դիմել էր ՍԴ: Նշենք, որ անցած տարի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, հիմք ընդունելով Երեւանի դատարանի 15.09.2022 թ. որոշումը, պարտավորեցրել է Բաբաջանյանին՝ կատարել դատարանի որոշումը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել Հայաստանում, կկայանան Ղրղզստանում։ Այդ մասին փետրվարի 14-ին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանը հակված է չմասնակցել այդ զորավարժություններին: Հիշեցնենք՝ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների զորավարժություններ չեն անցկացվի. «Հայաստանի պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություն անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում։ Այդ զորավարժությունները համենայնդեպս այս տարի Հայաստանում չեն կայանա»։ Դրանից հետո ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու հայտարարությանը, նշել էր, թե ըմբռնումով են մոտենում Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը կարող է թույլ չտալ ընթացիկ տարում լիարժեք անցկացնել ՀԱՊԿ-ի պլանավորված խաղաղապահ զորավարժությունները: Եվ, ահա, երեկ պարզ դարձավ, որ դրասնք կանցկացվեն Ղրղզստանում: