21.12.2024
Սխալ կացություն և աննորմալ պահ, բայց ԱԺ-ն երկար առանց ընդդիմության չի մնա. Հակոբյան
10.12.2018
Սխալ կացություն և աննորմալ պահ, բայց ԱԺ-ն երկար առանց ընդդիմության չի մնա. Հակոբյան

Այն, որ իրեն որպես հստակ ընդդիմություն դիրքավորող որևէ ուժ ԱԺ չի անցել բավականին սխալ կացություն է և աննորմալ պահ է: Բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում խորհրդարանում կձևավորվի ներքին ընդդիմություն և նույն քաղաքական մեծամասնության մոտ էլ ֆրակցիոնիզմ կսկսվի: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:Նա նշեց, որ նման հայտարարություն անելու համար իրեն հիմք է ծառայում այն, որ այն քաղաքական թիմը, որն անցել է Ազգային Ժողով, բավականին բազմազան է թե՛ իր ծագումնաբանությամբ, թե՛ անցած ճանապարհով, թե՛ տարբեր խմբերի ու հոսանքների պատկանելիության առումով.«Ժամանակի ընթացքում չի բացառվում, որ ներսում ինչ-որ հոսանքներ կարող են առաջանալ, ինչպես դա եղավ 1990 թվականի ընտրություններից ընդամենը մեկ տարի հետո, երբ կուռ ՀՀՇ-ից, Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, անջատվեց ԱԺՄ-ն»,- ասաց նա, խորհուրդ տալով չմոռանալ, որ քաղաքական գործընթացները դինամիկ են և այսօր ինչ-որ քաղաքական ուժեր, որոնք իրենց համարում են հեղափոխության աջակից, վաղը կարող են իրենց հռչակեն ընդդիմություն, որովհետև դա նաև Սահմանադրության պահանջ է: Եվ այսպես, թե այնպես հայտարարելու են:«Բայց այս պահի դրությամբ կարող ենք փաստել, որ այս խորհրդարանում ներկայիս իշխանությունների նկատմամբե իրենց ընդդիմություն դիրքավորող քաղաքական ուժ չկա»,- շեշտեց նա:Հակոբյանի խոսքով, ընտրությունների արդյունքները բավականին կանխատեսելի էին, քանի որ ի սկզբանե հասկանալի էր, թե առաջին և երկրորդ ուժերը ապագա խորհրդարանում որոնք են լինելու և խնդիրը ավելի շատ երրորդ ու չորրորդ ուժերի մասին էր, առավել ևս, որ մինչև վերջին պահն էլ ՀՀԿ-ի անցումը հավանական էր թվում:Կանխատեսումները, ըստ էության, գրեթե կատարվեցին, պարզապես ՀՀԿ-ն շատ չնչին թվերի պատճառով չանցավ ԱԺ: Հակոբյանի խոսքով, այս ընտրություններում անսպասելի «կրակեց» Դաշնակցությունը, բայց դրան կա բացատրություն.«Ընդդիմադիր ընտրողների մոտ որոշակի ընտրության հնարավորություն ստեղծվեց՝ ընտրել Հանրապետականին, թե Դաշնակցությանը. ինչ-որ պահի ընդդիմադիր ընտրողների մի մասը՝ ոչ ՀՅԴ-ական ընտրազանգվածի, նախընտրեց ընտրել ոչ թե ՀՀԿ-ին, այլ ՀՅԴ-ին: Վերջինս Հայաստանում ուներ և ունի կայուն ընտրազանգված, որը ցանկացած պարագայում առաջնորդվում է ոչ թե Դաշնակցության օրվա կարգավիճակով կամ քաղաքականությունով, այլ գաղափարախոսությունով: Եվ կարծում եմ, որ երեկ պոտենցիալ ՀՀԿ-ականներից դեպի ՀՅԴ հոսք եղավ, և ՀՅԴ-ին անձամբ իմ կանխատեսածից մեկ տոկոսով ավելի ձայն հավաքեց»,- նշեց նա:Այն, որ ապագա խորհրդարան չի անցել որևէ ուժ, որը հանդես է եկել իրական ընդդիմության դիրքերից, փաստ է: Բայց դա ի սկզբանե պարզ էր և միշտ հնչեցվել է այն մասին, որ այս ընտրություններին, բացի ՀՀԿ-ից, որն իրեն հստակ ներկայացնում էր որպես սև ուժ, որևէ մեկը իրեն չէր դիրքավորում որպես ընդդիմություն: Հետաքրքրվեցինք՝ կիսո՞ւմ է այն կանխատեսումները, թե այս խորհրդարանը ճգնաժամային և ժամանակավոր է լինելու: Վիգեն Հակոբյանի խոսքով, ընտրությունները տեղի են ունեցել երեկ և այսօր նման կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է ու ոչ հիմնավոր: Ի վերջո, ասաց նա, պետք է հիմքեր լինեն նման եզրակացություններ անելու համար: Բացի այդ, շարունակեց մեր զրուցակիցը, այն ԱԺ-ն, որ ստացանք ընտրությունների արդյունքներով, ըստ էության հետհեղափոխական է, դրա համար էլ շատ կանխատեսելի էր, որ քաղաքական ուժը, որն իրականացրել է հեղափոխությունը, մոտավորապես հենց նույն տոկոսներով էլ պետք է անցներ ԱԺ: Պարզապես խնդիրը նրանում էր, թե որն է երկրորդ և երրորդ ուժը լինելու.«Ճգնաժամային այս խորհրդարանն այսօր անվանել չի կարելի, որովհետև, այնուամենայնիվ, այն արտացոլում է հետհեղափոխական հասարակության մի զգալի զանգվածի տրամադրությունները: Առայժմ մենք չունենք նաև որևէ լուրջ փաստեր, որ եղել են կեղծումներ, դրա համար նման հայտարարությունների համար հիմքեր չկան»:Ինչ վերաբերում է խորհրդարանի ժամանակավոր լինելուն, ապա Վիգեն Հակոբյանը վստահ է, որ դա բացառապես կախված է նրանից, թե որքանով այսօրվա իշխանությունները որոշ ժամանակ հետո կարդարացնեն այն գերսպասումները, որ կա հասարակության մեջ իրենց հետ կապված: Եթե այդ սպասումները չարդարանան, ապա այն հսկա վարկանիշը, որ ունի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կնվազի և ինչ-որ մի պահից գուցե կհայտնվեն թե՛ արտախորհրդարանական ուժեր, թե՛ հենց ԱԺ-ում ձևավորված ուժեր, որոնք կպահանջեն նոր Սահմանադրություն, նոր ընտրություններ: Բայց դրան հասնելու համար էլ պետք է ռեսուրս, հետևաբար նաև ժամանակ.«Ներքին ճգնաժամ առայժմ չի երևում: Եթե կա արտաքին ազդակներ, որ կբերեն ճգնաժամի, դա այլ խնդիր է, և արտաքին ազդակներ շատ կարող են լինել, սկսած Արցախի հարցից, որը մշտապես խաղարկվում է ցանկացած քաղաքական գործընթացում: Բայց այս պահին ես զերծ կմնամ նման կանխատեսումներ անելուց»,- հավելեց քաղաքագետը: Լիա Խոջոյան