25.11.2024
Մինսկի խումբը որպես Նիկոլի ստերի բացահայտման գործիք. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Փաստաթուղթը ստորագրված է, պարզապես մնում է ճիշտ վայրն ու տեղն ընտրե՞լ. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում։ Իշխանական շրջանակներում չեն բացառում, որ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու արձանագրություն ստորագրվի, ավելին՝ վստահ են, որ արդեն ստորագրված է, պարզապես մնում է ճիշտ վայրն ու տեղն ընտրել՝ այդ փաստաթուղթը հրապարակայնացնելու համար»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, Հայաստանը՝ որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել։ Եթե էն, ինչ ուզում ենք անել, ստացվի, պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական, մենք ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը....»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Դժվար է ասել, թե ինչ նկատի ունի կադաստրի վկայական ասելով, եւ ում տնվորն ենք եղել մենք, եթե պատմականորեն մեզ պատկանող տարածքում ենք բնակվել հազարամյակներ շարունակ։ Բայց նման խոսքեր ասող մարդը, փաստորեն, չի հասկանում, որ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված ՄԱԿ անդամ պետություն է, եւ միայն Ալիեւն ու հայ ժողովրդի մի քանի թշնամիներ են, որ չեն ճանաչում Հայաստանը որպես պետություն։ Փաստորեն, նրանց թվում է նաեւ ՀՀ վարչապետը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի մամուլի ասուլիսից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները հետեւողական կերպով իրենց հայտարարություններով վերջնական խաչ են քաշում Արցախի վրա: Նախ՝ նշենք՝ այդ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասվածը ենթադրում է նաեւ տեսնել Արցախը, Արարատի մարզի Տիգրանաշենն ու Տավուշի 7 գյուղերն Ադրբեջանի կազմում: Դրանից հետո այս գիծը հետեւողական շարունակում է տարվել՝ է՛լ ավելի տարօրինակ հայտարարություններով: Օրինակ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարություններից հետո լրագրողի դիտարկմանը, թե Արցախում հայեր են ապրում, ասել է. «Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ, Ավստրալիայում էլ: Մեր պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ շահերի սպասարկումն է, ՀՀ պաշտպանությունը։ Պատմական այս հատվածում մենք բոլորով կանգնած ենք այդ երկընտրանքի առջեւ, երբ մեր միտքը եւ սիրտը սկսում են հակասել իրար: Երբեմն Հայաստանի պետական շահերի պաշտպանությունը չի համընկնում հայերի ազգային շահերի ալգորիթմին: Մեր թիմը իրականացնում է այն քաղաքականությունը, որն օգտակար է Հայաստանի համար»։ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը եւս ոգեւորված էր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով՝ ասելով, թե համաձայն է նրա հետ: Արդեն երեկ էլ Փաշինյանն ավելի տարօրինակ հայտարարությամբ հանդես եկավ. ««Մենք 30 տարի մեր սիրելի հայրենիքում ապրում ենք, մի տեղ, որի «կադաստրի վկայականը» չունենք։ Ընդ որում՝ ՀՀ-ն իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել։ Եթե մեր ուզածը ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք «կադաստրի վկայական»»։ Նա ասաց՝ մի քանի պետություն կա, որ մտածում է, թե երբ ուզի, կարող է Հայաստանին ասել՝ հավաքվեք, այստեղից դուրս եկեք, ու Հայաստանը չունի «կադաստրի թուղթ», որ ցույց տա այդ երկրներին։ Ստացվում է՝ ոչ միայն Արցախն են հանձնում, այլ նաեւ Հայաստանի գոյությունն են կասկածի տակ դնում:


«Հրապարակ» թերթը գրում է․ Խորհրդարանում երեկվա քաշքշուկից հետո ՔՊ-ականները հերթով շտապում էին Հովիկ Աղազարյանի աշխատասենյակ՝ աջակցություն հայտնելու օրվա «հերոսին»։ Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանը ԲԴԽ անդամի թեկնածու Արմեն Դանիելյանի հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց, որ 2021-ին նա այնքան տղամարդկություն չունեցավ՝ իր աչքերի մեջ նայելով, կալանքի որոշումը տալ՝ այդպիսով խախտելով օրենքը, Աղազարյանն էլ, ըստ ընդդիմության պատգամավորների, տեղից ասել էր․ «Ձենդ կտրի, ռադդ քաշի, վեր ընգի տեղդ»։ Ավարտելով ելույթը՝ Արթուր Սարգսյանը շարժվել էր Աղազարյանի ուղղությամբ, նրա ճանապարհը փակել էին ՔՊ-ականները, ապա ԱԺ նախագահն էր անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրել, եւ ուժ կիրառելով՝ Սարգսյանին հեռացրել էին դահլիճից։ Միջադեպից հետո Աղազարյանը մեզ իր քայլը բացատրեց նրանով, որ իրեն դուր չի եկել Սարգսյանի «տղայական» բառապաշարը, եւ ինքն ընդամենը ասել է, որ ԱԺ-ն թատրոն չէ, այդ տոնով չխոսեք։ Իսկ չե՞ք ասել՝ «ձենդ կտրի, վեր ընգի տեղդ»։ Նա պատասխանեց՝ գուցե ասել եմ, չեմ հիշում, եւ հավելեց․ «Չի կարելի Ազգային ժողովը դարձնել տղայական հաշիվներ մաքրելու թատերաբեմ», ինքն ԱԺ պատիվը բարձր պահելու համար է ընդդիմադիրին դիտողություն արել։ Իսկ ինչո՞ւ ՔՊ-ականներին դիտողություն չեք անում, որոնք բազմիցս ԱԺ պատիվը գետնով են տվել, ձեռնամարտի բռնվել ընդդիմադիրների հետ։ «Եթե տեսնում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա, անում եմ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կադրերի տեղափոխության հարց է առաջացել: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նպատակ ունի իշխող խմբակցության պատգամավորներից որոշներին տեղափոխել գործադիր՝ նախարարի կամ փոխնախարարի պաշտոնում, կլինեն նաեւ մարդիկ, որոնք, առհասարակ, պաշտոնից կզրկվեն: Ե՞րբ է պլանավորել Փաշինյանն իրագործել այս պլանը: ՔՊ ներսում խոսակցություններ կան, որ նա պլանավորել է մինչեւ աշուն իրականացնել իր ծրագիրը, բայց, երկրում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված, հստակություն չկա դեռ: Փաշինյանի համար առաջնային է հատկապես ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հարցը: Ինչպես հայտնի է, ԱԻ նախարարությունը հուլիսից գործելու է Ներքին գործերի նախարարության կազմում. Փամբուխչյանը շուտով առանց աշխատանք կմնա: Մեր տեղեկություններով՝ վերջինիս առաջարկվել է վարչապետի խորհրդականի պաշտոնը, ինչը Փամբուխչյանի սրտով չէ: Նա նախկինում իշխող խմբակցության պատգամավոր էր, հետո դարձավ նախարար, այսքանից հետո վարչապետի խորհրդականի պաշտոնն իր սրտով չէ. բարձր պաշտոն է ուզում: Հիմա Փաշինյանը փորձում է Փամբուխչյանին չնեղացնել ու մտածում է՝ ուր տեղավորել նրան: Ամեն դեպքում, ՔՊ ներսում անորոշ վիճակ է, սպասում են, տեսնեն՝ թե ինչպես կդասավորվի իրենց ճակատագիրը, ինչ է մտածել Փաշինյանն իրենց համար:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետի որդու միջադեպի գործով նախաքննական մարմինը գնացել է ՀՀ վերաքննիչ դատարան եւ առգրավել դատարանի տարածքի բոլոր տեսախցիկները։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հաղորդման հիմքով՝ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ մարդուն առեւանգելու հոդվածով։ Գործով կալանավորվել է 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։ Վերջինս, ըստ լուրերի, քաղաքական իշխանության կողմից ճնշման է ենթարկվել եւ հրաժարվել է վարչապետի դեմ իր պայքարից, եւ դա է պատճառը, որ նա հրաժարվեց իր պաշտպաններից, իսկ «Որդիների կանչ» ՀԿ-Ն էլ դադարեցրեց նստացույցը Կառավարության դիմաց, որից հետո նրան ազատ կարձակեն։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գայանե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը հայտնեց, որ ճնշման մասին խոսք չի կարող լինել, այդ թվում՝ պայմանավորվածության, առաջիկայում իրենք՝ գործով ներգրավված նոր պաշտպանները, կանդրադառնան քրեական վարույթին։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում տեղի են ունեցել միջոցառումներ, որոնց կազմակերպչական աշխատանքները կատարել է կառավարությունը: Հատկապես բավականին ակտիվ է եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ում էլ վստահված են եղել կազմակերպչական աշխատանքները: Ընդ որում՝ այդ միջոցառումների անցկացման համար բավականին մեծ գումարներ են տրամադրվել: Երեւանում ապրիլի 15-23-ն անցկացված ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման համար հայտարարված մրցույթին մասնակցել էին չորս ընկերություններ, եւ վերջնական հաղթող էր ճանաչվել «Բեգրաունդ փրոդաքշն» ՍՊԸ-ն, ում հետ կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ ընդհանուր ծառայության համար նախարարությունը փուլային եղանակով կվճարի 1 մլրդ 160 մլն դրամ։ Արայիկ Հարությունյանը եղել է կառավարական հանձնաժողովի նախագահը: 2022 թվականի մայիսի 21-31-ը Երեւանում անցկացվել էր նաեւ բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնություն: Այդ առաջնության կազմակերպման եւ անցկացման նպատակով «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 750 մլն 192 հազար դրամ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Այստեղ եւս առաջնության անցկացման աշխատանքները համակարգողը եւ միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը եղել է Արայիկ Հարությունյանը: Միայն այս երկու միջոցառումով ամեն ինչ չի սահմանափակվում, եւ, առհասարակ, Հարությունյանն ակտիվ է այնտեղ, որտեղ գումար կա, որը կարելի է ծախսել միջոցառման անվան տակ:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը տեւական ընդմիջումից հետո կրկին փորձում է ակտիվանալ։ Նա սկսել է հարցազրույցներ տալ, իսկ հունիսի 2-4-ը, որպես դասընթացավար, մասնակցելու է Ծաղկաձորում «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կազմակերպելիք դասընթացին՝ լրագրողների եւ մեդիաոլորտի աշխատակիցների համար։ Թեման վերաբերում է ատելության խոսքի տարածումը կանխելուն»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախը թշնամուն հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի հայտարարությանը հաջորդած արձագանքների շարքում, անկասկած, հարկ է առանձնացնել Մայր աթոռ սուրբ Էջմիածնում հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը: Հայ Առաքելական եկեղեցին, պետք է ասել, այս դժնի և օրհասական իրավիճակում, իր բարձրության վրա է և, բնականաբար, իր ժողովրդի հետ ու նրա կողքին, ազգին ու մեր պետականությանն սպառնացող շոշափելի վտանգներով առավել քան մտահոգ: Էական է այն, որ Գերագույն հոգևոր խորհուրդը Նիկոլ Փաշինյանի՝ «խաղաղության» անվան տակ վարած քաղաքականությունն ու դիրքորոշումները որակում է որպես վտանգավոր ու մերժելի: Այսինքն, առավել քան հստակ գնահատական է տրվում:


Ավելին, Գերագույն հոգևոր խորհուրդը օրվա իշխանությանը հորդորում է «հրաժարվել պարտվողական մտայնությունից և դրանից բխող կործանարար քայլերից, համազգային մարտահրավերների հաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիվ լուծումներ»: Հարկավ, կարող են գտնվել «գիտունիկներ» (նույնիսկ կարող ենք, առանց սխալվելու հավանականության, նշել, թե որ «կուսակցության» գրասենյակում ու վերնախավում), որոնք Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը և, առհասարակ, Հայ Առաքելական եկեղեցին ու հոգևոր առաջնորդներին կփորձեն մեղադրել «աշխարհիկ գործերին» կամ քաղաքականությանը խառնվելու մեջ: Դե, Փաշինյանն օրումեջ է արդեն ինչ-որ բաներ հայտարարում Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, ու դա ամենևին պատահական չէ: Բայց այդ մեղադրանքները ոչ միայն մտացածին են, այլև անիմաստ: Խնդիրը, որը Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարություն ընդունելու անհրաժեշտությանն է հասել, համազգային է, վերքաղաքական: Խոսքն առհասարակ մեր պետության, որպես պետականակիր ժողովուրդ՝ մեր ազգի հետագա գոյության, առնվազն՝ մեր Հայրենիքի մի հսկայական հատվածում հայության բնաջնջման սպառնալիքի ու նաև այն մասին է, որ ՀՀ ղեկավար ներկայացող անձը խաղում է պետության ու ազգի ճակատագրի հետ: Էլ ո՞վ կամ ո՞ր կառույցը պիտի առավել քան մտահոգվեր ու արձագանքեր, եթե ոչ հենց վերպետական ու համազգային Հայ Առաքելական եկեղեցին: Այժմ «գնդակը» երկրի քաղաքական ուժերի, հասարակական-ազգային շրջանակների դաշտում է...


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ընդառաջել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչների խնդրանքին եւ նրանց այսօր իր մոտ է հյուրընկալելու։ Ուշագրավ է, որ ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի մոտ հավաքված բնակիչները քննադատում էին Փաշինյանին ու նրա ղեկավարած կառավարությանը՝ ասելով, որ կառավարությունն անգործության է մատնվել, իրենք պարբերաբար նամակներ են ուղարկում, ներկայացնում իրենց խնդիրը, սակայն շարունակ ստանում են վտարման որոշումներ, եւ իրենց հարցին լուծում չի տրվում։ Թե ինչ կարող է անել այս հարցով ԱԺ նախագահը, դժվար է պատկերացնել։ Նկատենք, որ Ալեն Սիմոնյանը վերջին օրերին հաճախ է ցուցադրաբար շրջում Ազգային ժողովի տարածքում, նախորդ օրն ԱԺ-ի բակում էր՝ թիկնազորի ուղեկցությամբ, անցնում էր ընդդիմությանը հատկացված հարկաբաժնի կողքով։ Երեկ էլ նույնկերպ մտավ խորհրդարանի բուֆետ, աշխատակիցներից մեկին ինչ-որ բան հարցրեց եւ արագ հեռացավ, սակայն շարունակ հրաժարվում է լրագրողներին ճեպազրույց տալ։ Ավելի ուշ իմացանք, որ ԱԺ նախագահը բուֆետ է մտել՝ հետաքրքրվելու՝ իր պատվիրած կերակուրը պատրա՞ստ է, թե՞ ոչ։ Մենք պարզեցինք, որ սպանախով ապուր էր պատվիրել»: