VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը նախօրեին բացահայտ խոստովանեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, սակայն Արցախում դեռ կան նիկոլահպատակներ, որոնք ծառայություններ են մատուցում Արցախը հանձնողին։ Նախօրեի ուշ գիշերը Արցախի խորհրդարանի հրավիրած արտահերթ նիստը, որի ընթացքում համատեղ հայտարարություն ընդունվեց, Արցախի Հանրային հեռուստաընկերության կայքում տեղադրվել է մոնտաժված՝ դուրս են թողնվել Նիկոլ Փաշինյանի հասցեին կոշտ քննադատություններ հնչեցրած պատգամավորների ելույթները։ Խոսքն «Ազատ հայրենիք» իշխանական ֆրակցիայի պատգամավոր Աշոտ Դանիելյանի մասին է, ով իր ելույթում «կապիտուլյանտ» բնորոշումը տվեց, ընդ որում՝ մի քանի անգամ։ Մյուսն «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ելույթն է, որտեղ նա հայտարարեց, թե դեռ ապրիլի 14-ին է ասել ու հիմա էլ կրկնում է՝ «ով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչի, պետական դավաճան է»»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին Փաշինյանի խոստովանությունից մեկ օր անց ՔՊ-ական մեծամասնությունը երեկ հայտարարությունների ժամին ներկայացել էր գրեթե նույն տեքստով, որում կարմիր թելի պես ձգվում էր միտքը, որ ոչ թե Փաշինյանն ու իր խմբակն են Արցախը հանձնում Ադրբեջանին, այլ դա արել են նախկինները։ Դասական ճամբարափոխ Հայկ Կոնջորյանը, օրինակ, նախկիններին մեղադրեց․ «Հայ ժողովրդի վրա նիսյայով վաճառել եք ԼՂ անկախությունը, բայց չեք ճանաչել»։ ՔՊ-ական Լիլիթ Ստեփանյանն էլ, պարզվեց, հիացած է Ադրբեջանի գործերով եւ նեղսրտած․ «Ինչո՞ւ 30 տարում Ադրբեջանի արածի կեսը չեք արել Արցախում»։ Հակոբ Ասլանյանն էլ ասաց, թե «հարուստներն ուզում են ապստամբել»։ «Մեկ է՝ դուք իշխանության չեք գալու, որովհետեւ այդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանը չէ, այդ իշխանությունը ժողովուրդն է, եւ այդ ժողովուրդն այդ իշխանությունը տվել է նրանց, ովքեր այդ իշխանությունը ժողովրդի համար են օգտագործում, իսկ սա կերեւա պատմության մեջ։ Կգա ժամանակը, եւ ամեն ինչ պարզ կլինի։ Հեռացեք, ամենաճիշտը սա կլինի»,- հորդորեց նա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրեն ժողովրդավարության քերթողահայր հռչակած Նիկոլ Փաշինյանը թիմի ներսում «37 թվի» մթնոլորտ է ձեւավորել՝ գրաքննում է կուսակիցներին, ինքն է որոշում՝ ինչ խոսեն, ով խոսի։ Նախօրեին՝ ՔՊ խմբակցության նիստին, պատգամավորներին խստիվ հրահանգել են՝ հնարավորինս խուսափեք լրագրողներից․ զգայուն ժամանակներ են, ցանկացած անզգույշ խոսք կարող է կրքեր բորբոքել։ Իսկ եթե չստացվի, ապա պետք է իմանալ, թե հատկապես երկու թեմայով ինչ պատասխաններ տալ։ Առաջինն Աշոտ Փաշինյանի «առեւանգման» թեման է․ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, դասատուի դեր ստանձնած, պատգամավորներին սովորեցրել է, որ այս թեմայով ցանկացած հարցի պետք է պատասխանել, թե խնդիրն իրավական դաշտում է, եւ իրավապահ մարմինները թող որոշեն՝ որդեկորույս մոր արարքում կա՞ հանցակազմ, թե՞ ոչ։ Երկրորդը Փաշինյանի ասուլիսում հնչած հայտարարությունների, հատկապես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հարցն է։ Այս առիթով էլ պատգամավորներին հանձնարարվել է, որ մեկ մարդու պես ասեն, թե կիսում են Փաշինյանի հնչեցրած տեսակետները։ Երեկ ԱԺ նախագահն առաջինը ցույց տվեց, որ դասը լավ է սերտել․ երբ որոշ ընդդիմադիր պատգամավորներ ձայնի բարձր տոնով ամբիոնից դատապարտեցին Փաշինյանի հայտարարությունները եւ պահանջեցին Արցախի վերաբերյալ հրատապ քննարկում նախաձեռնել, Սիմոնյանը ոչ թե ընդդիմության «պորտը տեղը դրեց», այլ իրեն ոչ բնորոշ սառնասրտությամբ հայտնեց, որ ամբողջությամբ կիսում է վարչապետի հայտարարությունները, իսկ ավելի ուշ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում գրեթե բառացիորեն կրկնեց Փաշինյանին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած մտքերը անակնկալի են բերել նաեւ շատ ՔՊ-ականների, թեեւ տարբեր հանդիպումների ժամանակ Փաշինյանը թափանցիկ ակնարկներով ասել է, թե ինչ ողբերգություններ են մեզ սպասվում: Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 ք/կմ-ի սահմաններում, ապա դա ներառում է նաեւ Արցախը եւ անկլավները: Բանն այն է, որ մինչ այս Փաշինյանը ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ պարբերաբար խոսել է Արցախի վերաբերյալ բանակցությունների մասին, ասել է, որ վիճակը ծանր է, Հայաստանը մանեւրելու տարբերակներ է փնտրում, բայց հստակ չի ասել այն, ինչ ասել է իր ասուլիսի ժամանակ։ Ստացվում է՝ ՔՊ-ականներն էլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ են առաջին անգամ լսել այդ ճակատագրական հայտարարությունները: Փաշինյանի ասուլիսից հետո ՔՊ-ականները խառն են, ներսում տարբեր խոսակցություններ են գնում, անգամ առանձին զրույցների ժամանակ դժգոհություններ են հայտնում իրավիճակի անելանելիության մասով: Ասուլիսից հետո էլ ՔՊ-ականները տեղները չեն գտնում, մտածում են՝ ինչպես Փաշինյանի հայտարարությունների տակից դուրս գան, ինչպես մեկնաբանեն դրանք: Ստացվում է՝ հայտարարություններ անում է Փաշինյանը, բայց կրակն են ընկնում ՔՊ-ականները ու պիտի պատասխանատվություն կրեն չիմացածի համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 2021թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով հարուցված քրեական գործով որոշել է ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։ Ի դեպ, նաեւ ՀՀ քննչական կոմիտեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում էր կայացրել: Ինչպես հայտնի է, այդ օրը խորհրդարանում վիճաբանություն էր տեղի ունեցել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորների եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջեւ: ԱԱԾ-ն գնացել էր Ազգային ժողով՝ հարցաքննելու ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանին եւ Արմեն Խաչատրյանին: Հավելենք, որ այդ քրեական գործով ԱԱԾ-ն նաեւ հարցաքննել է Ազգային ժողովի աշխատակազմի՝ տասնյակից ավելի աշխատակիցների, որի արդյունքում որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել։ Ստացվում է, որ նախաքննական մարմինը խուլիգանության հատկանիշներով հարուցել էր քրեական վարույթ, սակայն, նախաքննական մարմնի որոշմամբ, մասնակիցներից որեւէ մեկը խուլիգան չէ, չնայած որ հայհոյել են հանրային վայրում, անպարկեշտ պահել իրենց։ Ամեն դեպքում, հարցը փակվեց։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում գոյություն ունի ՀՀ նախագահի ինստիտուտ. նախագահի պաշտոնը զբաղեցնում է նախկին ընդդիմադիր գործիչ Վահագն Խաչատուրյանը, սակայն հանրության մոտ հարցեր են առաջանում. երկրում ստեղծված այս ճակատագրական իրավիճակում ո՞ւր է նա, ինչո՞վ է զբաղված, ինչո՞ւ որեւէ կերպ չի անդրադառնում երկրում տեղի ունեցող աղետալի իրադարձություններին կամ Փաշինյանի սենսացիոն հայտարարություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Խաչատուրյանն անգամ նախագահականում որեւէ կոնկրետ գործունեություն չի իրականացնում, հիմնականում դակում է Նիկոլ Փաշինյանի ուղարկած փաստաթղթերը, օրենքները, նշանակումները, տարբեր մշակութային միջոցառումների է մասնակցում, խելացի դեմքով շրջում թանգարաններում եւ վերջ. այսքանով նրա գործունեությունն ավարտվում է՝ չհաշված երբեմն գործուղումների մեկնելը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ իշխանական գործիչների մեծ մասն է դեմ Վահագն Խաչատուրյանի այս անտարբեր աշխատաոճին։ Շատ իշխանականներ այն կարծիքին են, որ պետք չէ ունենալ ՀՀ նախագահ, որն առանձնապես կարեւոր գործով զբաղված չէ, բայց նրա վրա 2-3 մլրդ դրամ տարեկան գումար է ծախսվում՝ աշխատավարձ, վարորդ, աշխատակիցներ, ճամփորդություններ… Հանրության մոտ հարց է առաջացել՝ ինչու է Վահագն Խաչատուրյանը, օրինակ, երեկ մեկնել Քաթար՝ գործուղման, կամ, չգիտես՝ ինչու, ուրբաթ օրը Մհեր Գրիգորյանի եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել էր «Ուիգմոր» հիվանդանոց, որը ասոցացվում է Ավանեսյանի մոր հետ: Ստացվում է՝ Վահագն Խաչատուրյանը դրսում եւ ներսում տուրիստի դեր է կատարում, ու կարող ենք արձանագրել, որ նա ՀՀ ամենաբարձրաստիճան տուրիստն է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն դատարանը ծանուցում է ուղարկել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տեղակալ Մակար Ղամբարյանին, որպեսզի ներկայանա դատարան՝ որպես վկա հարցաքննվելու: Երեկ Մակար Ղամբարյանը անձամբ ներկայացել էր Հակակոռուպցիոն դատարան եւ որպես վկա հարցաքննվել։ Նշենք, որ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից Մակար Ղամբարյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել 2020թ.-ի նոյեմբերի 24-ին: Նրա անունը նաեւ «Օրսիսի գործ»-ի հետ էր կապվում: Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը եւ Դավիթ Գալստյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են։ Եվ, ահա, այս գործի շրջանակներում էլ Մակար Ղաբարյանը ներկայացել էր Հակակոռուպցիոն դատարան։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Արաբական էմիրություններում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անունից: Այս մասին հայտնել է ինքը՝ Քերոբյանը, այցի հաշվետվությունը ներկայացնելիս: Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիում, մայիսի 7-10-ը գործուղման մեկնելու ժամանակ է Քերոբյանը ստորագրել հուշագիրը այլ նախարարության անունից: Հավելենք, որ ապրիլի 30-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում էլ է Քերոբյանը կրկին ԱՄԷ-ում եղել, սակայն Դուբայ քաղաքում: Այս այցելության համար էլ ավիատոմսի արժեքը կազմել է 218 հազար դրամ, գիշերավարձը՝ 96 հազար դրամ (2 օրվա համար), օրապահիկը՝ 147 հազար 573 դրամ (3 օրվա համար)։ Ընդհանուր առմամբ, նշվում է, որ ծախսը կազմել է 462 հազար դրամ: Իսկ որքանո՞վ են արդյունավետ եղել պետբյուջեի հաշվին կատարված այցերը: Մայիսի 3-ին՝ Հայաստան վերադառնալուց հետո, նախարար Քերոբյանը մայիսի 7-10-ը էլի մեկնել է Աբու Դաբի՝ Արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության հրավերով: Այնտեղ նա մասնակցել է «Ամենամյա ներդրումային համաժողով-2023»-ին: Իր հաշվետվության մեջ նախարարը երկար բացատրել է, թե ովքեր են ելույթ ունեցել, կամ ինչ հարցեր են քննարկվել: Ամենաուշագրավը թերեւս արդյունքների մասին հաշվետվությունն է, որտեղ նշվում է, որ ԱՄԷ հանդուրժողականության եւ համակեցության նախարարության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջեւ կնքվել է հանդուրժողականության ոլորտում փորձի փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր: Այստեղ հարց է առաջանում. ի՞նչ կապ ունի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն սոցապնախարարության հուշագրի հետ: Եթե նա համատեղության կարգով նաեւ սոցապնախարար չէ, ինչո՞ւ է ստորագրում փաստաթուղթ Սոցապնախարարության անունից: Սա էլ երեւի Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ժողովրդավարության յուօրինակ դրսեւորում է, որտեղ չկա հայտնի պոզով, պոչով կոռումպացված կենդանին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմը 8 մլն 910 հազար դրամ՝ շուրջ 23 հազար դոլար արժողությամբ բեռնատար մեքենա է գնել՝ «ԳԱԶ 3302-750» մակնիշի։ Գնումը կատարվել է «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ից։ Մեքենան նոր է, գնվել է վարչապետի աշխատակազմի կարիքների համար: Իսկ թե ինչ կարիքների համար՝ չի նշվում։ Հետաքրքիր է, որ ժամանակին Փաշինյանը ծաղրում էր այս մոդելի ավտոմեքենաները եւ երբ Երեւանի քաղաքապետի թեկնածու էր հեռավոր 2017-ին, մայրաքաղաքային տրանսպորտը սպասարկող միկրոավտոբուսները, որոնք մինչ այժմ էլ կան՝ սպասարկում են բնակչությանը, անվանում էր «հուսահատության գազելներ»։ Արցախի ու ՀՀ տարածքների հանձնման ֆոնին, թերեւս, Փաշինյանի աշխատակազմի ձեռք բերած այս նոր «Գազելը» երեւի կարելի է «հույսի գազել» անվանել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ֆակտորի փրոդաքշն»-ը շարունակում է պետական տարբեր գերատեսչությունների սիրելի ընկերությունը լինել՝ մեկ անձից գնումներ կատարելու առումով: Այս անգամ Արտաքին գործերի նախարարությունն է մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր ստորագրել ընկերության հետ՝ 736 հազար դրամի չափով: Այս գումարով ՀՀ ԱԳՆ-ն ձեռք է բերել 120 հատ թղթապանակ, 120 նոթատետր, 120 գրիչ: Իհարկե, սա փոքր գումար է՝ այն գումարների համեմատ, որոնք այս ընկերությունը ստացել է նախկինում: Օրինակ՝ «Ֆակտորի փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 750 մլն 192 հազար դրամ էր հատկացվել 2022 թ. մայիսի 21-31-ը Երեւանում անցկացված բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման եւ անցկացման նպատակով: Սա միակ գնումը չէ. «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին 2019-20 թթ.-ին 325 մլն դրամ էր վճարվել Երեւանում ամանորյա միջոցառումները կազմակերպելու համար։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ստեղծվել է 2017-ին։ Հիշեցնենք, որ այս ընկերության հիմնադիրները Վազգեն Պողոսյանը եւ Ռուդիկ Տեր-Գալստյանն են: Նրանք աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ դրա ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։ Այժմ մերձ հարաբերություններ ունեն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գործունյա եղբոր եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ – գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ: