ՀՀ նոր ղեկավարությունն ունի իրական հնարավորություն իրավիճակը փոխել դեպի լավը. Կրիլով
Հայաստանի նոր ղեկավարությունն ունի իրական հնարավորություն փոխել երկրում իրավիճակը դեպի լավը: Այս մասին EADaily հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովը:
Նրա խոսքով, Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները երկու փուլով էին. նախ, առաջին փուլում խնդիր էր դրված իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանին, իսկ երկրորդ փուլն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրությամբ: Այս ամենի հաջողության գրավականը մասայական բողոքի ակցիաներն էին ու թեև դրանք ամբողջովին չի կարելի համարել օրինական, բայց, գտնում է Կրիլովը, միայն այդ եղանակով հաջողվեց կոտրել կառավարման այն մոդելը, որը ստեղծվել էր ՀՀ երրորդ նախագահի կողմից և միտված էր նրա հետագա անժամկետ կառավարմանը:
Փորձագետը հիշեցրեց, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նույն ճանապարհով փորձեց պահպանել իր իշխանությունը՝ նախագահական կառավարման մոդելը փոխելով խորհրդարանականի: Բայց նրա կուսակցությունը 2012 թվականին ընտրություններին պարտություն կրեց և նա ստիպված եղավ հեռանալ երկրից: Հայաստանում զարգացումները փոքր-ինչ այլ սցենարով ընթացան, բայց արդյունքը նույնքան ձախողված էր սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողի համար:
«Հայաստանի համար մեծ ձեռքբերում է վերջին իրադարձությունների խաղաղ բնույթը և ուժային կառույցների ընդհանուր առմամբ չեզոք դիրքորոշումը: Բարեբախտաբար արյուն չթափվեց և անհիմն էին սկզբնական շրջանում խոսակցությունները, թե իրավիճակին կարող են միջամտել ռուսական զորքերը: Ամփոփելով այս երկու փուլերը կարելի է արձանագրել, որ Հայաստանում Սերժ Սարգսյանի կառավարման լեգիտիմությունը վարչապետի պաշտոնում օրինական չհամարվեց ՀՀ բնակչության մեծամասնության կողմից, իսկ մասայական բողոքի ակցիաները դիտվում էին բոլորովին օրինական նման իրավիճակում, երբ գործող իշխանությանը հեռացնելու այլ տարբերակ հասարակությունն ուղղակի չուներ», — նշեց մեր զրուցակիցը:
Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո մեկնարկում է երրորդ փուլը՝ բարեփոխումների շրջանը: Կրիլովը հիշեցրեց, որ Փաշինյանի խոսքով՝ այս փուլը կտևի 3-6 ամիս և դրա հիմնական նպատակը իրապես ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է, առանց մեքենայությունների ու խախտումների: Նման խնդիրը բոլորովին տրամաբանական է, քանի որ ընդդիմությունը ներկայիս Ազգային Ժողովը լեգիտիմ ու ժողովրդի ընտրությունն արտահայտող չի համարել:
«Նման իրավիճակում իրավիճակը Հայաստանում վերադարձնել օրինականության դաշտ հնարավոր է միայն նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելով, որոնք հնարավորություն կտան ձևավորել լեգիտիմ և ընտրողների կամքն արտահայտող ԱԺ», — վստահ է ռուս քաղաքագետը:
Նա նաև խնդիրներ է տեսնում, որոնց կբախվի Փաշինյանը: 3-6 ամիսը ներկայսի պայմաններում բավականին մեծ ժամանակահատված է, քանի որ բացի արտահերթ ընտրություններին նախապատրաստվելը, ՀՀ կառավարությունը պետք է զբաղվի նաև սոցիալ-տնտեսական սուր խնդիրների լուծմամբ: Եվ եթե բնակչությունը զգալի առաջընթաց չնկատի և, առավել ևս, իրավիճակն էլ ավելի վատանա, ապա դա կարող է բացասաբար անդրադառնալ առաջիկա ընտրությունների արդյունքների վրա՝ Փաշինյանի կողմնակիցների համար: Մյուս կողմից, «ժամանակավոր» և կարճաժամկետ ադմինիստրացիայի համար իրավիճակը կարող է բարդանալ արտաքին հարթակում, քանի որ միջազգային գործընկերները կարող են որոշակի առկախել հարաբերությունները ՀՀ հետ մինչև մշտական կառավարության հաստատումը երկրում:
«Միևնույն ժամանակ ստեղծված իրավիճակը նաև դրական միտումներ ունի: Կարելի է ակնկալել հայկական սփյուռքի տնտեսապես զգալի ակտիվացում, ինչին նախկինում խոչընդոտում էր երկրում տիրող մթնոլորտը: Դրանք, ի դեպ, խոչընդոտում էին նաև հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ամբողջակա ներուժի իրացմանը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի անդամակցությանը: ԶԼՄ-ներում անգամ տեղեկություններ կային, որ հնարավոր է վերադարձվի ապօրինի ձեռք բերված և Հայաստանից դուրս բերված կապիտալը և եթե դա իսկապես տեղի ունենա, ապա հայկական բյուջեն զգալիորեն կհարստանա և դա կռադնա տնտեսական զարգացման հավելյալ գործոն: Այնպես որ նոր ղեկավարությունը ունի իրական հնարավորություն փոխել իրավիճակը երկրում դեպի լավը, վերացնելով այն բոլոր խոչընդոտները, որոնք պայմանավորված էին իշխանությունից հեռացված ռեժիմի բնույթով», — հավելեց Ալեքսանդր Կրիլովը: