VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ արշալույսները խաղաղ չեն Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Բանն այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն մտել էր ԱԻՆ եւ մոտ 150-ից ավելի անձանց տարել էին կոմիտե՝ հարցաքննության: Նախաքննական մարմինը մինչ օրս չի հստակեցնում, թե ինչ քրեական գործի շրջանակներում են ԱԻՆ աշխատակիցներին կամ նախարարին կանչել հարցաքննության, սակայն քրեական գործի ընթացքից մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել, ու շղթան հասել է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյան: Ավելին՝ քրեական գործով կան դրվագներ, որ, օրինակ, որեւէ մեկին պաշտոնի են նշանակել, ու այդ անձը նրանց որպես մաղարիչ տվել է ոսկյա շղթա եւ այլ նվերներ, եւ այս հանգամանքը նախաքննական մարմինը որակել է որպես կաշառք: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Նախաքննական մարմինը խուզարկություն է իրականացրել նախարար Անդրանիկ Փիլոյանի տանը, որտեղ հայտնաբերվել է ջեռուցման կաթսա, որը, ըստ նախնական վարկածի, ԱԻՆ հաշվեկշռում է եղել, սակայն զարմանալի կերպով հայտնվել է նախարարի տանը: Ի դեպ, գործով անցնող անձինք եւս ցուցմունքներ են տվել, որտեղ հիշատակել են նախարարի անունը: Ուշագրավն այն է, որ վարչապետը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդի, եւ դատելով իրավիճակից՝ չի բացառվում, որ նախարարը չվերադառնա արձակուրդից, նրան մեղադրանք առաջադրեն: Հ.Գ. Երեկ երեկոյան՝ ժամը 22։15֊ին, ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվեց։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նախարարի ձերբակալումը իրավապահ համակարգում ներքին կոնֆլիկտի պատճառ է դարձել, որին կանդրադառնանք ավելի ուշ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ երկրում տագնապային տրամադրություններ են, հայ-ադրբեջանական սահմանը վտանգված է, եւ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում երկու օր առաջ գուժում էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծանր վիճակ է ստեղծվել, նոր էսկալացիայի, էթնիկ զտումների վտանգ կա, եւ դիմում էր միջազգային հանրությանը, որ միջամտեն ու զսպեն մեր հարեւան ագրեսորին, նրա թիմակիցները նշում են իրենց հաղթանակը Վեդիի համայնքային ընտրություններում։ Երկրորդ փորձից համայնքապետ դարձած Գարիկ Սարգսյանը նախօրեին մեծ շուքով նշել է Վեդիի գրավումը։ Մարզի ռեստորաններից մեկում կոկորդիլոսագետը հավաքել է կուսակցական եւ մարզային ակտիվին ու մի լավ քեֆ-ուրախություն կազմակերպել».
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին վերստին ակտիվացել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ նետվող «քարերը», ընդ որում՝ ոչ միայն իրենց սևեռուն հակառուսականությամբ հայտնի միավորների, այլ նաև իշխանական ու մերձիշխանական շրջանակների կողմից: Կան թե՛ ուղղակի և անուղղակի մեղադրանքներ այս օրերին ռուս խաղաղապահների ազդեցության գոտում կատարվողի առումով, թե՛ ակնարկներ 44-օրյա պատերազմի հետ կապված: Այս առումով ուշագրավ է, որ 2021 թ. նոյեմբերին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներից մեկի դիտարկմանը, թե «դուք հանձնել եք Ղարաբաղը», ասել էր. «Այդպիսի ընկալում, այդպիսի մտքեր կան նաեւ հայ հասարակության մոտ, որ Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը»: Այն ժամանակ Սիմոնյանի այս ձևակերպումը մեծ աղմուկ բարձրացրեց, նույնիսկ ՌԴ ԱԳՆ-ն հատուկ հայտարարություն տարածեց այս խոսքերի, ինչպես նաև նույն կոնտեքստում «Լավրովի պլանի» հիշատակման առումով: ԱԺ նախագահին «քլնգեցին» տարբեր կողմերից, սակայն ուշագրավ էր, որ «իրավիճակը փրկելու» համար այդ գործին միացել էին հենց իր թիմակիցները: Հիմա իշխող ուժի շարքերում, ինչպես երևում է, նորից «բան է փոխվել», և ավելի բարձր են հնչում մեղադրանքներ, իսկ ավելի ստույգ՝ «նուրբ» ակնարկներ Ռուսաստանի հասցեին: Ստացվում է, որ կա՛մ Ալեն Սիմոնյանը ժամանակին բարձրաձայնել էր թիմի կարծիքը, իսկ ներքին «հարվածները» շոու էին, կա՛մ, իրենց պատկերացումների տեսակետից, ինչպես ասում են, Ալենը ճիշտ էր, մյուսները սխալվեցին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Երկու անձ օրեր առաջ դիմել էին Երևանի քաղաքապետարան` Ազատության հրապարակում ապրիլի 3-ին միջոցառումներ կազմակերպելու հայտերով։ Մեր ձեռքի տակ է հայտնվել Երևանի քաղաքապետարանում կազմված մի արձանագրություն, որում ուշագրավ ձևակերպումներ են տեղ գտել։ Նշված օրը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ զանգվածային միջոցառում և համերգային ծրագիր կազմակերպելու հայտը ներկայացրել էր օրերս պրոռուսական երթ կազմակերպած Աշոտ Գալստյանը, որը «Ալյանս» կուսակցության վարչության անդամ է , իսկ մյուս հայտ ներկայացնողը «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչն է: Այսպիսով, քաղաքապետարանում եզրակացրել են, որ քանզի «Ալյանսը» Ռուսաստանը համարում է ռազմավարական գործընկեր, իսկ «Բևեռը» ընդգծված հակառուսական քաղաքականություն է վարում, ապա այդ երկու հավաքների արդյունքում կարող են լինել բախումներ։ Ըստ այդմ, որոշել են թույլ չտալ Աշոտ Գալստյանի նախաձեռնած միջոցառումը, որը պետք է տեղի ունենար որպես համերգային ծրագիր՝ բեմահարթակի, հնչյունային և լուսային տեխնիկայի տեղադրմամբ և Հայաստանից ու Ռուսաստանից հրավիրված աստղերի մասնակցությամբ։ Այսինքն, խոսքն իրականում զուտ մշակութային միջոցառման մասին է՝ նվիրված ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Սա իշխանությունները չեն արտոնել։ Փոխարենը, «ի գիտություն են ընդունել» «Բևեռի» կազմակերպելիք ակցիան, որը զուտ քաղաքական է՝ ընդդեմ ՌԴ-ի: Հաշվի առնելով, որ այս իշխանությունների օրոք ամենաչնչին որոշումն անգամ չի կարող ընդունվել առանց ամենավերին «էշելոնների» իմացության, պետք է ենթադրել, որ այս որոշումն էլ է «վերին ատյանների» հետ համաձայնեցրած:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատարանի որոշմամբ մարտի 28-ին ազատ արձակված Գորիսի ընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը նախօրեին գնացել է համայնքապետարան, հանդիպել աշխատակազմի հետ։ Ինչպես նախօրեին գորիսեցիներն էին խանդավառ դիմավորում Առուշանյանին՝ մատաղ անում եւ ուրախանում, նույնկերպ էլ համայնքապետարանի աշխատակիցներն են ոգեւորությամբ դիմավորել 8 ամիս բանտում անցկացրած իրենց ղեկավարին։ Համայնքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանց բոլորին նույն հարցն է հետաքրքրել՝ Առուշ Առուշանյանը մնալո՞ւ է Գորիսի համայնքապետ, թե՞ դատարանի որոշմամբ այլեւս չի կարող պաշտոնավարել։ Պատասխանը եղել է այն, որ իրավական որոշակի հարցեր կան, որոնք փաստաբանների հետ քննարկելուց հետո նոր պարզ կդառնան։ Իսկ մինչ այդ Առուշանյանը հայտնել է, որ մասնակցելու է ապրիլի 5-ին կայանալիք ավագանու նիստին՝ ինքն է վարելու նիստը։ Համայնքապետարանում նա երկար չի մնացել, շրջայցի է դուրս եկել Գորիս եւ միավորված համայնքներ։ Հիշեցնենք․ ըստ դատավճռի՝ Առուշանյանը չի կարող ղեկավարել Գորիս համայնքը. որպես պատիժ է նշանակվել տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելը։ Եթե, իհարկե, դատավճռի այս մասը չբեկանվի վերադաս ատյանի կողմից եւ չվերացվի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը, որը հանրությանն առավել հայտնի դարձավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի քրեական գործի քննությամբ եւ առավել եւս՝ դատավճռով, կարող է թիրախավորվել եւ պատժվել ԲԴԽ-ի կողմից։ Պարզվում է՝ նա 2019 թ. փետրվարին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի դատավոր, իսկ 2021-ի հոկտեմբերին նրան նշանակել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, սակայն չեն տեղափոխել Երեւան, քանի որ դեռեւս օգոստոսից նրան էր մակագրվել Առուշ Առուշանյանի գործի քննությունը։ Դատական համակարգում հաճախ է լինում, որ դատավորին գործուղում են այլ դատարան՝ ինչ-որ գործ քննելու։ Օրինակ, ժամանակին Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատավոր Սամվել Ուզունյանին գործուղել էին Կենտրոնի դատարան՝ Հոկտեմբերի 27-ի գործը քննելու, եւ դատաքննությունն էլ ընթանում էր վճռաբեկ դատարանի դահլիճում։ Այսինքն՝ Գնել Գասպարյանին ասել են՝ կքննես Առուշանյանի գործը, կավարտես՝ կավարտվի նաեւ գործուղումդ, եւ նոր կտեղափոխվես Երեւան։ Գործուղման հրամանը տվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը․ «Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանին 2021 թ․ հոկտեմբերի 8-ից 2022 թվականի ապրիլի 8-ը ներառյալ համարել գործուղված Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարունակելով քննել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը»։
Հետաքրքրականն այն է, որ Գնել Գասպարյանի նստավայրը չի նշվել, իսկ այժմ պարզ չէ, թե մի քանի օր անց՝ ապրիլի 8-ին, նա կտեղափոխվի՞ Երեւան, թե՞ գործուղումը՝ որպես պատիժ Առուշի դատավճռի համար, կերկարաձգվի։ ԲԴԽ-ից այս հարցի վերաբերյալ ասացին՝ երբ որոշում կայացվի, կիրազեկենք։ Գնել Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Այս պահին որեւէ այլ որոշում չկա, բացի Ձեր իմացածից», եւ ավելացրեց, որ գործուղման երկարացման մասին եւս տեղեկություն չունի։ Նաեւ նշեց, որ չգիտի, թե Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որ նստավայրում է իր գործունեությունն իրականացնելու, կեսկատակ էլ հավելեց․ «Գուցեեւ չունենա՞մ»։ Պարզ է, որ դատավորը եւս կասկածում է, որ նման դատավճռից հետո իրեն կտեղափոխեն Երեւան։ Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործերը, նախաքննական մարմնի որոշմամբ, միացվել էին մեկ վարույթում եւ քննվում էին Գնել Գասպարյանի նախագահությամբ։ Դատավճռով Առուշանյանը դատապարտվեց 1 տարի 3 ամիս ազատազրկման, բայց հաշվի առնելով նրա կրած կալանքի ժամկետը՝ վերջնական պատիժ նշանակվեց 6 ամիս 18 օր ազատազրկում, որը պայմանականորեն չկիրառվեց։ Դատարանը որոշեց նաեւ Առուշանյանին 5 տարի ժամկետով զրկել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի բարձրագույն ղեկավարության եւ Ադրբեջանի կողմից Արցախում՝ Քարագլխի բարձունքի մասով դիրքերի հետքաշման քաղաքական պայմանավորվածություն է տեղի ունեցել, ինչին էլ հաջորդել է ռազմական բախումը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը։ Դիրքային նմանատիպ մարտերը, ըստ նրա, հիմնականում իմիտացիոն փաթեթավորում են՝ արդարացնելու Հայաստանի կողմից հողեր հանձնելու հանգամանքը, այսինքն՝ որպեսզի այդ գործընթացը լեգիտիմ, ընկալելի լինի մարդկանց համար ու հետագայում հարցեր չծագեն՝ բա ինչպես գյուղերը հանձնվեցին։ «Այդ պայմանավորվածությունները նոր չեն, դրանք սկիզբ են առել դեռեւս Ապրիլյան պատերազմից։ Նոր սրացումներ, իհարկե, կլինեն, ընդհուպ՝ Երասխի մասով: Հայաստանը, վստահ եմ, վերադարձնելու է բոլոր այն անկլավները, որոնք Ադրբեջանը ցանկանում է, եւ դրանք գտնվում են Հայաստանի ռազմավարական ճանապարհների վրա: Այսինքն՝ Ադրբեջանը կարողանալու է մեր պետության հաղորդակցային ցանցի ռազմավարական ուղիներն իր սեփական վերահսկողության տակ պահել, ու պատահական չէ, որ Երասխի հատվածում ադրբեջանցիները որոշակի պարբերականությամբ զորքը առաջ են տանում, այնուհետ հետ են բերում: Դա նաեւ ուժի, սպառնալիքի գցուցադրման գործիք է, որը այս պարագայում նպատակ ունի օգնել Հայաստանի Հանրապետության գործող ղեկավարին»,- ընդգծեց մեր զրուցակիցը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթած դաշինքի ղեկավարին՝ Մամիկոն Ասլանյանին անազատության մեջ պահելով և ընտրված ավագանու նիստերն արգելելով՝ գործող իշխանությունները փաստացի քաոս են ստեղծել հանրապետության երրորդ քաղաքում: Քանի որ ավագանու նիստեր չեն հրավիրվում, ապա հնարավոր չէ քաղաքի կենսագործունեության համար անհրաժեշտ որոշումներ ընդունել: «Փաստի» տեղեկություններով, ապրիլի 1-ից հնարավոր է՝ համայնքապետարանը նույնիսկ աշխատավարձեր չկարողանա վճարել, միևնույն ժամանակ ավարտվում է աղբահանության պայմանագիրը: Եվ ընդհանրապես, քաղաքում գնալով կուտակվում են բազում խնդիրներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունը Վանաձորի հետ կապված ակտիվ փնտրտուքների մեջ է՝ ստեղծված վիճակը հօգուտ իրենց կարգավորելու համար օրենսդրական «լազեյկաներ» գտնելու կամ, եթե պետք լինի, փոփոխություններ անելու: Մենք արդեն նշել ենք, որ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ուզում է համայնքի ղեկավարի ժ/պ նշանակել, թեպետ իրավաբաններն ասում են, որ դրա համար օրենսդրական հիմքեր չկան: Ավելին, ցանկանում են գտնել միջոցներ՝ ժ/պ-ին հավել յալ լիազորություններ տալ, որպեսզի կարողանա ընդունել այնպիսի որոշումներ և ստորագրել այնպիսի փաստաթղթեր, որոնք ավագանու լիազորությունների տիրույթում են: Մեր ունեցած տեղեկություններով, վերջնական նպատակը Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելն է: Ըստ այդմ, նախնական որոշում կա ապրիլի վերջին վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները՝ հենվելով օրենքի՝ «եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում» ձևակերպման վրա: Սակայն բանն այն է, որ այս դեպքում կա երկու խնդիր. նախ՝ այս ընթացքում մեկ նիստ գումարվել է, որը արդարադատության նախարարությունը փաստացի իրավաչափ է համարել, և երկրորդ՝ հետագայում նիստեր չեն գումարվել սոսկ դատարանի որոշման պատճառով: Մի խոսքով, իշխանությունները Վանաձորի թեմայով շատ խառն են և որոշում ունեն ամեն ինչ անել՝ Վանաձորը ևս «զավթելու» համար. օրենքով լինի, թե ոչ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանական լրատվականներում երեկ լուսանկարներ եւ տեսանյութեր էին շրջանառվում՝ իբրեւ թե թշնամու զինված ուժերը Փառուխ գյուղի հարակից տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս մարդկային մնացորդներ են հայտնաբերել։ Եվ դա ներկայացնում էին իբր, այսպես կոչված, «Խոջալուի զոհերի» եւ «մասսայական թաղումների» ապացույցներ։ Նույնիսկ հասցրել են մտացածին քրեական գործ հարուցել։ Փառուխ գյուղի նախկին բնակիչների հետ զրույցում տեղեկացանք, որ ադրբեջանցիների ներխուժած տարածքում՝ գյուղի հարակից բլուրներից մեկում է գտնվում գյուղի հին գերեզմանոցը, որտեղ թաղված են իրենց նախնիները։ Փառուխեցիները կարծում են, որ հենց այդ գերեզմաններն է թշնամին քանդում ու աճյունների ոսկորները հանում։ Փաստորեն, թշնամին հերթական ստոր ու անմարդկային քայլին է դիմում՝ ոչ միայն անարգելով հայերի գերեզմանները, այլեւ մահացածների ոսկորներն օգտագործելով իրենց կեղծ թեզերն առաջ տանելու համար։ Դեռ ավելին՝ թշնամին հայերի ոսկորների հիման վրա քրեական գործ է հարուցում՝ մտացածին մեղադրանքներ ուղղելով մեր դեմ, իսկ հայկական կողմում քար-լռություն է այս թեմայի հետ կապված»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր տեղի կունենա փակ քննարկում՝ «Հանրային սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ»։ Ինչպես հայտնի է, մարտի 15-ից արգելվեց ծխելը նաեւ բացօթյա սրճարաններում, սիգար-բարերում եւ նարգիլեների ակումբներում։ Գաղափարի իդեոլոգն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է, որի արժանի հետնորդն էլ Անահիտ Ավանեսյանը եղավ։ Մեզ ասացին, որ հանձնաժողովականներից բացի այսօրվա քննարկմանը կմասնակցեն նաեւ տնտեսվարողներ։ Շաբաթներ առաջ, մինչեւ ծխելու արգելքի մասին օրենքը կյանքի կկոչվեր, նրանք սույն հանձնաժողովում աշխատանքային քննարկման են մասնակցել եւ զգուշացրել, որ ծխելու արգելքը հարվածելու է ռեստորանային բիզնեսին, ուստի առաջարկել են սահմանել «բացօթյա տարածք» հասկացությունը։ Սակայն հանձնաժողովի մեր աղբյուրի փոխանցմամբ, իրենք այդպես էլ չեն կարողացել այդ հասկացությունը սահմանել, «որովհետեւ կան բացօթյա տարածքներ, որտեղ զոնտիկներ են դրված, ապակե զոնաներ են սարքված եւ այլն»։ Մենք տեղեկացանք, որ օրենքի կիրառման առաջին հարվածներն իրենց վրա զգացել են նաեւ իշխանական գործարարները, ու չի բացառվում հետողորմյա անեն բացօթյա ծխելու արգելքը, կամ որոշակի խմբագրումներ արվեն։ Այս արգելքի տնտեսական վնասի մասին խոսում է անգամ Խաչատուր Սուքիասյանը։ Իսկ «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը «բացօթյայից» արգելքը հանելու օրինագիծ է ներկայացնելու ԱԺ քննարկմանը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղվանից գազի սակագինը սովորական սպառողների համար կբարձրանա 4.7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ: Ի դեպ, այս օրերին գազի տեսուչները զանգահարում են բաժանորդներին եւ զգուշացնում, որ ապրիլի 1-ից նոր սակագներով են հաշվարկելու: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փոխանցել են մի շարք քաղաքացիներ: Մասնագետների խոսքով՝ կումունալ ծառայությունների սակագների բարձրացումն էլ ավելի է սրում սոցիալական վիճակը Հայաստանում, արդեն իսկ հանգեցրել է ապրանքների ինքնարժեքի ավելացմանը: Չէ՞ որ տարեսկզբին բարձրացավ ջրի, իսկ փետրվարին՝ էլեկտրաէներգիայի սակագները: Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անփոփոխ է թողել սակագինն անապահով խավերի համար՝ 100 դրամ: Բայց ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների՝ բիզնեսի համար կապույտ վառելիքը ապրիլի 1-ից կթանկանա 3,9, իսկ ջերմոցային տնտեսությունների համար՝ 4,5 տոկոսով»:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման մասին կառավարության որոշման նախագիծը: Քաղաքացիների համար մատչելի և որակյալ հանգստի կազմակերպման անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ առաջարկվում է ստեղծել և կահավորել չորս նոր հանրային լողափ` Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։ Ներկայումս գոյություն ունի ութ հանրային լողափ՝ Սևանի քաղաքային երկու և Թերակղզու, Դրախտիկի, Լճաշենի, Ծովազարդի, Նորատուսի, Ծովագյուղի հանրային լողափերը: Ստեղծված 8 հանրային լողափերից լողափնյա պարագաներով (պառկելաթոռներ, հովանոցներ, զուգարաններ, խաղահրապարակներ, նստարաններ ավտոկայանատեղիներ, հանդերձարաններ, բուժկետ, փրկարարական կետ) կահավորված են միայն 3-ը: Նշվում է, որ հանգստի սեզոնին տարեկան կտրվածքով այդ լողափերում իր հանգիստն է անցկացնում մինչև 90 000 քաղաքացի։ Գործող հանրային լողափերը գտնվում են Սևան քաղաքի հարակից լողափերում և այդ լողափերից հիմնականում օգտվում են Սևան համայնքից և Երևանից հանգստի մեկնած այցելուները:
Մարզի տարածքի հավասարաչափ զարգացման և հանրապետության այլ մարզերից (Տավուշ, Լոռի, Վայք, Սյունիք) այցելուների համար անհրաժեշտ է կահավորել ինչպես չգործող հանրային լողափերը, այնպես էլ ստեղծել և կահավորել հանրային չորս նոր լողափ՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։ Արդյունքում նախատեսվում է ունենալ կահավորված, գրավիչ ծառայություններ մատուցող նոր հանրային լողափեր Սևանա լճի առափնյա չորս տարբեր հատվածներում, ինչպես նաև լճի ափին հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն, անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարարական ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ, աղբահանության պատշաճ կազմակերպում և մաքրման կայանների առկայություն, ենթադրվում են նաև հեռանկարային ներդրումային ծրագրեր և հավել յալ աշխատատեղերի ստեղծում: Նախարարությունն ընդգծում է, որ նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ստեղծել մատչելի և որակյալ հանգստի պայմաններ: Նախագծի ընդունմամբ պետբյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություններ չեն սպասվում»: