Անկարան նախադրյալներ է ստեղծում Մոսկվայի հետ հետագա սակարկության համար. Արտակ Զաքարյան
Ադրբեջանը նպատակաուղղված գնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության հիմքերը խարխլելու ճանապարհով։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, քննարկումներին հայտարարեց նախկին իշխող ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով, այսօր վերոնշյալ հայտարարությունը Արցախի վերաբերյալ միակ վավեր քաղաքական և իրավական փաստաթուղթն է։ Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում այս փաստաթղթի հիմքերը խարխլելու Բաքվի ցանկությունն առաջին հերթին կապված է Անկարայի դիրքորոշման հետ, կարծում է ընդդիմադիրը։ Զաքարյանը վստահ է, որ Անկարան Ռուսաստանին մատնանշում է առկա հակասությունների բոլոր կետերը, և դրանք են Ղրիմը, Սիրիան, Միջերկրական ծովի տարածաշրջանը և Արցախը` դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով Մոսկվայի հետ հետագա սակարկության համար։ Այսինքն՝ թուրքական դիվանագիտության հաջորդ օրակարգը ձեւավորվում է Ադրբեջանի միջոցով։
Բացի այդ, Բաքուն և Անկարան ուսումնասիրում են Մոսկվայի հնարավորությունները, նրա կարողությունը, Ուկրաինային զուգահեռ, հակազդելու երկրորդ ճակատում՝ քաղաքական և ռազմական իմաստով։ Նրա գնահատականներով՝ առայժմ զննում է միայն քաղաքական բաղադրիչը։ «Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները՝ դա (Ռուսաստանի համար երկրորդ ճակատի բացումը) անհրաժեշտ է նաև Արևմուտքին, և Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի հայտարարությունը պատահական չէր։ Ուստի Ադրբեջանը կփորձի բաց չթողնել իր շանսը»,- ասել է Զաքարյանը։
Բաքվի ներկայիս գործողությունների մյուս նպատակը տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության առաջին ժամկետները վիճարկելու փորձն է։ Նա հիշեցրեց, որ մինչև ժամկետի ավարտը դեռ 3-3,5 տարի կա, և այս ամբողջ ընթացքում ադրբեջանական կողմն անկասկած կդիմի նման սադրանքների։ Արդյունքում՝ կա՛մ հնարավոր կլինի համաձայնության գալ խաղաղապահ առաքելության երկարաձգման շուրջ՝ որոշակի նախապայմանների դիմաց, կա՛մ Բաքուն կպնդի խաղաղապահ ուժերի դուրսբերումը։
«Իսկ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները այս ամենի ֆոնին։ Ճիշտ է, ոչինչ: Թիթեռներներ են նկարում»,- ասաց հանրապետականը։